Հայաստանում իրավիճակ է փոխվել, հիմա իշխանությունն է բանավեճ առաջարկում

- in Կարծիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել այն մասին, որ արժե խորհրդարանի արտահերթ ընտրությանը սկզբնավորել ավանդույթ՝ նախընտրական բանավեճ ուղիղ եթերում, որը տեղի կունենա մասնակից ուժերի առաջին համարների միջեւ:

Գործնականում Նիկոլ Փաշինյանը բանավեճի առաջարկ է անում հնարավոր բոլոր մասնակիցներին, սակայն վերջին օրերին տեղի ունեցող որոշ իրողություններ այդ առաջարկի ինտրիգը ավելի շատ տեղափոխում են մի ուղղությամբ՝ ՀՀԿ կամ Վիգեն Սարգսյան:

Պաշտպանության նախկին նախարարը վերջին շրջանում շոշափելի աշխուժացել է ֆեյսբուքում, գովազդ ու գրառումներ է անում, ընդդիմախոսում Նիկոլ Փաշինյանին գրեթե ամենօրյա ռեժիմով, քննադատում նրա ներքին ու արտաքին քաղաքականությունը:

Վիգեն Սարգսյանը համարվում է ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին համարի «անփոխարինելի» թեկնածու: ՀՀԿ-ն հայտարարել է, որ ընտրությանը մասնակցելու հարցի առնչությամբ որոշում կկայացնի նոյեմբերի 11-ին, երբ տեղի կունենա կուսակցության խորհրդի նիստը:

Անձամբ Վիգեն Սարգսյանն արտահայտվել է մասնակցելու կողմ: Ընդհանրապես, թեեւ ՀՀԿ ներկայացուցիչները հայտնում են, որ կան թե մասնակցության կողմ, թե դեմ կարծիքներ, այդուհանդերձ առայժմ արտահայտվում են նրանք, ովքեր կողմ են: Թե ովքեր են դեմ, պարզ չէ: Մյուս կողմից փաստ չէ, որ բոլոր կողմերը մեկ թիմ են ու հետապնդում են մեկ նպատակ:

Բոլոր դեպքերում, Վիգեն Սարգսյանի աշխուժությունը հուշում է, որ ՀՀԿ-ում թերեւս կգերակշռի կողմ տեսակետն ու կկայացվի մասնակցելու որոշում:

Առաջին համարի դիրքում Վիգեն Սարգսյանը համեմատության մեջ թերեւս ամենաշահեկանն է, ու այս դեպքում գուցե իսկապես «անփոխարինելի»:

Կգնա՞ ՀՀԿ հնարավոր առաջին համար Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ եթերում բանավեճի: Իհարկե այստեղ հարկ է նաեւ արձանագրել, որ հույժ կարեւոր է բանավեճի ֆորմատը, այն իմաստով, որ լինի իրական եւ բովանդակային: Օրինակ, Երեւանի քաղաքապետի ընտրությանը Հանրային հեռուստաընկերությունն արեց բանավեճ կազմակերպելու փորձ, որին մասնակցեց քաղաքապետի թեկնածուների գերակշռող մասը, սակայն փորձի ողջունելիությամբ հանդերձ ինքը բանավեճը թողեց մեխանիկական տպավորություն:

Մյուս կողմից հնարավոր է այդ առաջին փորձից քաղել դասն ու արտահերթ ընտրության բանավեճը կազմակերպել առավել հաջողված ֆորմատով, առավել մեծ ժամանակացույցով, իսկ հնարավոր է նույնիսկ մի քանի «սերիայով»:

Հարցն այն է, կգնա՞ն առաջին դեմքերը: Եվ իհարկե ինտրիգը՝ ֆեյսբուքում աշխույժ Վիգեն Սարգսյանը դուրս կգա՞ Փաշինյանի հետ դեմ առ դեմ, առավել եւս, երբ ինքն է ասում՝ Փաշինյանի ֆեյսբուքյան ելույթների մեկնաբանություններում իրավիճակ է փոխվել: Թե՞ Վիգեն Սարգսյանը կգերադասի իրավիճակը ֆեյսբուքում: Առավել եւս, որ ՀՀԿ-ն կարծես թե հենց այնտեղ է ցանկանում անցկացնել նախընտրական արշավի հիմնական մասը, քանի որ Ֆեյսբուքում գրանցվելու մտադրության մասին է հայտարարել նաեւ ՀՀԿ խոսնակը, որ մինչ այդ չկար այնտեղ:

Իշխանության հետ ուղիղ բանավեճը Վիգեն Սարգսյանի համար կլինի «ուժեղ եւ միակ ընդդիմություն լինելը» ցույց տալու ամենապատեհ եւ լայն հնարավորությունը:

Միեւնույն ժամանակ, ՀՀԿ-ն տարիներ շարունակ խուսափել է առաջին դեմքի մակարդակով բանավեճերից: Իհարկե հասկանալի է, թե ինչու՝ Սերժ Սարգսյանն անկասկած մրցունակ չէր այդ առումով եւ առանց այդ էլ ոչ լեգիտիմ կարգավիճակը ուղղակի կխորտակվեր: Բայց Վիգեն Սարգսյանն այլ է, ունի հռետորական հատկանիշներ, բավական սուր միտք ունի՝ դատելով ֆեյսբուքյան գրառումներից: Բանավեճը պետք է որ լինի նրա տարերքը, ինչպես ցանկացած ընդդիմության համար:

Թեեւ, Հայաստանում իրավիճակ է փոխվել, հիմա իշխանությունն է բանավեճ առաջարկում՝ առաջին դեմքերի մակարդակով, եւ «ընդդիմության» պատասխանն է ինտրիգը: