ՀԱՊԿ-2: Նազարբաեւը «ռուսաց աշխարհին» լավը մաղթեց

- in Միջազգային
Nazarbaev

Նախագահ Նազարբաեւը ՀԱՊԿ-ում բախվել է Հայաստանի պատին եւ ստիպված է վերակենդանացնել «ասիական» ԵԱՀԿ ստեղծելու իր նախաձեռնությունը: Ետխորհրդային Եվրասիան հավանական է անցնի թյուրքերի տիրապետության տա՞կ

Այս երկու պնդումների կապը ամենեւին ակնհայտ չէ, այդ իսկ պատճառով դիտարկենք մեկից դեպի մյուսը տանող ուղին քայլ առ քայլ: Հայ-բելոռուսական եւ հայ-ղազախական դիվանագիտական մարտերը ՀԱՊԿ տանիքի ներքո ունեն ընհանուր բաղադրիչ: Երկկողմ դրսեւորումները ածանցյալ են ընդհանուր այդ հիմքի եւ պիտի դիտարկվեն որքան հնարավոր է լայն ընդգրկումով:

Վերջին հրապարակումներից մեկում անդրադարձել ենք 2018թ. նոյեմբերի 31-ին Վլադիմիր Պուտինի հայտարարած «ՌԴ Ներգաղթի նոր հայեցակարգին»: Հայեցակարգը ենթադրում է 1991թ. փլուզված սովետական կայսրության [Ս.Լավրով] արվարձաններից ռուս եւ ռուսալեզու բնակչության զանգվածային հայրենադարձություն: Նախկին կայսերական կենտրոնը գաղութային կարգից անցնում է իր հանրապետությունների հետ կապի նեոգաղութային կարգին: Հանրապետությունները, նախ եւ առաջ Ղազախստանը, «ազատագրվում» են ռուսների անմիջական ներկայությունից: Չակերտները ընդգծում են տնտեսական ներկայության ոչ միշտ բարենպաստ պահպանումը եւ բնակչության թե քանակական, թե քաղաքակրթական արտահոսքի բացասական երանգը:

Մինչ այդ, 2014-ին, Ղրիմը Ռուսաստանին միացնելու հովերով, ռուս հասարակության մեջ տարածվեցին Ղազախստանի հյուսիսը Ռուսաստանին վերադարձնելու տրամադրություններ: Սակայն, Սիրիայում միջամտության հողի վրա Թուրքիա-Ռուսաստան-Ղազախստան առանցքի ձեւավորումով ազգայնական տրամադրությունները անմիջապես մարեցին: Նուրսուլթան Նազարբաեւի դերը Մոսկվա-Անկարա ալիանսի կայացման հարցում մեծ էր եւ ուներ, ինչպես տեսնում ենք, նեղ ազգային դրդապատճառներ: Պարոն Նազարբաեւի քաղաքական տաղանդին արժանին մատուցելու առիթ էլի կունենանք:

Եւ ահա, Մոսկվան պաշտոնապես ազդարարում է հանրապետություններից ետ քաշվելու քաղաքականության մասին: Հեռավորության վրա էքսպանսիայի՝ նկատի ունենք Սիրիան եւ Լիբիան, իսկ մերձակա արվարձաններում ընդհակառակը՝ սղման երեւույթները հատուկ են կայսրությունների կյանքի վերջին հատվածին: Սակայն, առաջ չանցնենք ժամանակի բնական ընթացքից եւ դիտարկենք փոխկապակցված երեւույթները ակնթարթի դրսեւորմամբ:

Ի՞նչ տեղի ունեցավ Աստանայի գագաթնաժողովում: Պարոնայք Լուկաշենկոն եւ Նազարբաեւը, որոնք բացի իրենց երկրների շահերից անթաքույց կերպով ներկայացնում են նաեւ Բաքվի շահերը, կանոնակարգային հեղաշրջման փորձ կատարեցին: Թիրախի մեջ էին Հայաստանի օրինական իրավունքը եւ ՀԱՊԿ կանոնակարգի կոնսենսուսի, կամ «վետո»-ի սկզբունքը: Առերեւույթ միայն այսքանը. բաքվամետ ոտնձգություն Հայաստանի դեմ: Մեդիա ներկայացումը ուներ հենց այդ, հակահայկական տեսքը: Իրականում պատկերը ավելի բարդ էր:

Երկու ղեկավարները ձգտում էին կազմակերպական մակարդակի վրա ամրագրել հանրապետությունների պուտինյան «ազատագրման» իրողությունը: Առաջարկվել էր միջինասիական հանրապետությունների կողմից աջակցություն գտած՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի ճնշված դերով մի ՀԱՊԿ: Կուլիսների ետեւում, համաձայն մոսկովյան «Կոմերսանտի», Բաքվի տիրակալի հայտնությունն էին տենչում: Անշուշտ թիրախը Հայաստանն էր, բայց ոչ իր նեղ պետական դերակատարությամբ, այլ իր կրած խորքային բնութագրի բերումով:

Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների վարմունքը բնութագրել էինք իբրեւ անպատասխանատու եւ անդամ երկրների անվտանգությունը արհամարհող: Այդուհանդերձ, պետք է խոստովանենք, որ նրանց հայացքը ուղղված է ապագային: Այլ բան, որ ապագան մշուշոտ է:

Մինսկը, չունենալով սեփական քաղաքակրթական հենք, չի կարող հարել նաեւ Ուկրաինայում արդեն վարկաբեկված «ռուսաց աշխարհին»: Արեւմտյան քաղաքակրթության վրա հենվելու համար Լուկաշենկոն պիտի դադարի Լուկաշենկո լինելուց, ինչը գրեթե անհնար է: Չմոռանանք նաեւ Մինսկի ֆինանսական կախվածությունը թե Բաքվից, թե Մոսկվայից:

Խառն է նաեւ Ղազախստանի պարագան: Ավելորդ անկախությունը Մոսկվայից կարող է թանկ նստել, նկատի ունենալով տնտեսական եւ ռազմական հսկա Չինաստանի հարեւանությունը: Այստեղ իրական նեցուկ կարող է համարվել Ղազախստանի թյուրքական շրջապատը, որի հետ, սակայն, գոյություն ունի հավելյալ ներդաշնակեցման խնդիր: Նկատենք, որ ժամանակին այս խնդիրը չհաջողվեց լուծել Թուրքիային: Քաղաքական դախ ռեժիմը եւ ղեկավարի բավականին առաջացած տարիքը աճապարանք են ենթադրում: Թյուրքական ուղղության վրա Աստանան կարող է հասնել զգալի հաջողության միայն թելադրողի կարգավիճակով: Դրա համար, սակայն, անհրաժեշտ է զբաղեցնել ուժի դիրք, ինչը եւ ձգտում է անել Նազարբաեւը ՀԱՊԿ-ի միջոցով: Այստեղ արդեն ուրվագծվում են հոդվածի նախաբանի՝ խնդրո առարկա բանաձեւի որոշ տարրեր:

Այս պայմաններում, Ալեքսանդր Լուկաշենկկոն, իր ասածի համաձայն, ծանոթացել է ՀԱՊԿ գագաթնաժողովի հայ եւ ռուս մամուլի մեկնաբանությանը, որտեղ տեղ էր գտել կազմակերպությունից Հայաստանի հեռանալու հավանականության քննարկումը: Բելտա պաշտոնական գործակալության նոյեմբեր 12-ի հաղորդմամբ Լուկաշենկոն ընդունել էր, որ դեկտեմբեր 6-ին հարկ է Սանկտ-Պետերբուրգում քննարկել հայ քարտուղարի թեկնածությունը:

Այն հանգամանքը, որ հայտարարությունը արվել էր Բաքվի դեսպանի հետ հանդիպման ընթացքում, վկայում է Հայաստանի հեռանալու հետեւանքների քաջ գիտակցումը ոչ այնքան Բելառուսի, որքան Ռուսաստանի կողմից: Այստեղ կարելի է, թերեւս, ափսոսանք հայտնել Հայաստանի ԱԳՆ փոքր ինչ ստանդարտ արձագանքի վերաբերյալ: Կարծիք հայտնենք, որ ճիշտ պահն էր զարգացնելու վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հաջողությունը եւ հայկական փափուկ թեւի տակ առնել քաղաքակրթական անտերության մեջ հայտնված անառակ «բատկային»: Նույն տեղում էր հայտնվելու նաեւ Բաքվի թյուրքական կառավարությունը: Դեռ առիթներ կլինեն շտկելու դրությունը: Կարեւորը ռազմավարական հեռանկարի հստակ տեսողությունն է:

Ի՞նչ եղավ Նիկոլ Փաշինյանի ջանքերի ղազախական արդյունքը: Հայ ղեկավարի՝ Աստանայում հյուրընկալվելու հետեւանքները գերազանցում են սպասումներին: Լուկաշենկոյի նահանջից հետո նախագահ Նազարբաեւը առաջարկեց ոչ ավել, ոչ պակաս վերակենդանացնել «ասիական» ԵԱՀԿ-ի իր գաղափարը: Գործը, անշուշտ, կարող է հասնել ասիական ՀԱՊԿ-2-ին եւս: Առանցքայինը այստեղ քաղաքակրթական իմաստով խորթ եւ հակոտնյա Հայաստանի երաշխավորված բացակայությունն է: Ստորադաս է լինելու Ռուսաստանի կարգավիճակը, որ հակառակ Ուրալ-Սիբիրյան ձեռքբերովի աշխարհագրական դիրքին ու չափերին, չի կարողանա ազատվել «բնիկ» ասիացիների ինտեգրացիոն հարթակներում հրավիրյալ օտարի հանգամանքից:

Կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանի ջանքերով այսպես կոչված «եվրասիականության» գաղափարախոսության հեղինակ Նուրսուլթան Նազարբաեւը ստիպված էր դիմել ետխորհրդային Եվրասիայի տարածքի վրա քաղաքակրթական ապահարզանի: Թե ինչ է «եվրասիականությունը», հայ ընթերցողը կարող է պատկերացնել, եթե հիշտակենք այդ գաղափարի երկու այլ ջատագովների անունները. Դուգին եւ Պրոխանով: Հիմա Նազարբաեւը ստորադասում է Հետխորհուրդի եվրոպական մասին իր հիմնարար մասնակցությունը, կենտրոնացնելով ջանքերը լայն իմասով ասիական մասի վրա:

Գոհունակություն բառը օգտագործել ենք հեռահար նկատառումով, ինչը քիչ հետո կբացատրենք: Առայժմ նշենք, որ Ասիական ԵԱՀԽ-ի հիմքում, հատկապես ետխորհրդային մասին վերաբերող, Նազարբաեւը տեսնում է «թյուրքական գործոնը» ղազախական խմբագրությամբ: Այս առումով, հավանական դարձող ասիական ՀԱՊԿ-2-ի վրա առկախ է մնում միանգամից երկու տերությունների ազդեցության խնդիրը՝ Թուրքիայինը եւ Ռուսաստանինը: Նրանց լայնածավալ հեգեմոնիան այստեղ անհնար է:

Անորոշություն է առաջանում նաեւ, եթե կարելի է այսպես անվանել, ՀԱՊԿ-1-ի խնդրում: Այստեղ Մոսկվա-Բաքու-Մինսկ խմբավորման դեպքում Անկարայի դոմինանտը ակնհայտ է դառնում՝՝ այդ երկրի ոչ անդամ կարգավիճակի դեպքում նույնիսկ: Այսպիսով առաջանում են թյուրքական երկու հզոր դոմինանտներ. մեկը Հետխորհուրդի եվրոպական մասում, մյուսը՝ ասիական: Թե «ռուսաց աշխարհի», թե Ռուսաստանի համաշխարհային դերը ենթարկվում է էական ձեւափոխության: Հոդվածի նախաբանի հարցադրումը, ամենայն հավանականությամբ, տեղին է:

Ո՞րն էր առաջացած իրավիճակից մեր գոհունակության պատճառը: Ռազմա-քաղաքական բլոկերի ձեւավորման հարցում քաղաքակրթական գործոնի առաջխաղացումը բազմապատիկ ավելացնում է Հայաստանի ազդեցության կշիռը: Դատելով Բաքվի շահագրգիռ եւ ջղաձիգ արձագանքից՝ ամենեւին բացառված չէ քաղաքակրթոթյունների թյուրք-հայկական բախումը Եվրասիայի տարածքի վրա: Ահա այստեղ է մեր գոհունակության պատճառը: Անխուսափելի բախումը դուրս է բերվում Անդրկովկասի խուլ անկյունից, ուր մենք մղել ենք ինքներս մեզ:

Ավելացնենք նաեւ, որ հայ դիվանագիտության խնդիր է դառնում ՀԱՊԿ հարթակի վրա ընթացող մարտերին մեր կողմի վրա մասնակից դարձնել հայածին ռուս քաղաքակրթությանը, թեկուզ այն խղճուկ վիճակով, որին այն հանգել է հայ պատրոնաժից ազատ 7 դարերի ընթացքին: ՀԱՊԿ-ի վրա գրոհելով, Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, գիտակցում էր ներկայիս հետեւանքները: «Այբ» ասելուց հետո պիտի ասվի նաեւ «Բեն», համենայն դեպս, ՀԱՊԿ շրջանակում կոնսենսուսի սկզբունքի ամրապնդման խնդրում: Աստանայի «ճակատամարտը» պիտի շարունակվի Նազարբաեւի առաջարկած ֆորմատով նաեւ: Մարտահրավերն ընդունելու այլընտրանքը Արցախի հարցի «լուծումն» է ՀԱՊԿ շրջանակներում Լավրովի հայտնի պլանի հիման վրա:

Դրությունը հստականում է: Համաշխարհային խորագույն ճգնաժամը չէր կարող քաղաքակրթական հենք չունենալ: Ահավասիկ՝ ճակատը անցնում է Հայաստանի, հայկականի եւ հայության վրայով: Զարմանալի կլիներ, եթե գործը այլ կերպ դառնար: Ուրիշ խնդիր, որ մենք հաճախ անսովոր ենք նախ տեսնել դա, այնուհետեւ՝ ինչպես ցույց տվեց ԱԳՆ հայտարարությունը, առավել համարժեք դիրք ընդունել:

Պավել ԴԱԼԼԱՔՅԱՆ

Քաղաքական մեկնաբան, Մոսկվա

Spread the love