Հեղափոխության պատճառը ՀՀԿ կառույցների միջև թուլացած կա՞պն էր

- in Վերլուծական

ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին ՀՀԿ-ի հայտարարության տեքստը երկու հարցում հստակություն մտցրեց: Առաջին՝ արդյոք անցած կես տարում կուսակցությունն անկեղծորեն առերեսվել է իր  իշխանություն եղած տարիների մեծ հաշվով անփառունակ պատմությանը եւ  դրան համահունչ եզրահանգումներ կատարել:

Երկրորդ՝ արդյոք պատրաստ է սկսել նոր էջից, ազդարարել բարեփոխված գործելակերպով առաջնորդվելու որոշում եւ դա իրագործելու համար հայցել ընտրողների վստահության չափաբաժին:

Այս երկու հարցադրումներին առնչվող դրական սպասելիքների որոշակի հիմքեր անցած շաբաթների ընթացքում նշմարելի էին: ՀՀԿ-ի երիտասարդ, քաղաքական թեւն արտահայտվում էր ընտրություններին մասնակցելու օգտին, նրանցից ոմանք ակնարկում էին, որ շատ երեւույթների մասին ներքուստ այլ համոզման են եղել, բայց այլ բան ասել, որ կուսակցության սխալները հանգեցրին ապրիլյան իրադարձություններին, որ այս ընտրություններին անկեղծությունն ընտրողների հետ ամենակարեւորն է եւ այլն:

Դրական սպասելիքի հիմքում այն էր, որ ումից, եթե ոչ երիտասարդներից կարելի է նոր մոտեցումներ, անկեղծ, բաց հաղորդակցություն եւ գործելաոճ ակնկալել: Բացի այդ, ՀՀԿ-ն նորացնելու հայտ ներկայացնող այս թեւի ներկայացուցիչներն ունեն երկու կարեւոր առավելություն՝  նրանք զուտ տարիքային առումով ավագ երիտասարդության սանդղակում են՝ ինքնաիրացման լավագույն փուլում՝ դեռ չմարած եռանդով, պետական կառավարման եւ կուսակցական գործունեության փորձով եւ որպես մղիչ ուժ՝ իհարկե կարիերիայի դեռ լիարժեք չհագեցած քաղցով, ինչն ինքնին պարսավելի չէ: Առանցքային հարցն այն է, թե այս թեւի ներկայացուցիչներն ի՞նչ դասեր են քաղել այդ փորձից, քանզի դրանից է կախված հանրային վստահություն ստանալու հաջողությունը:

ՀՀԿ-ի հայտարարությունը, սակայն, այս առումով հիասթափեցնող էր: Տասնհինգ էջանոց տեքստում  տասներեքուկես էջը տարբեր փաթեթավորմամբ ինքնագովասանք էր: Միայն մեկուկես էջ հատկացվել էր «Սխալներ եւ բացթողումներ»-ին, այն էլ՝ իշխանությունից ՀՀԿ-ի հեռացման  իրական բուն պատճառները շրջանցող եւ ապրիորի ձեւակերպումներով: Սա վկայությունն է այն բանի, որ ՀՀԿ-ն նորացնել ցանկացողները դեռ հին մոդուսի մեջ են: Այդ մեկուկես էջը կարդալիս տպավորություն է, թե ապրիլին հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց բողոքելու, որ ՀՀԿ կենտրոնի եւ տարածքային, շրջանային եւ սկզբնական կառույցների միջեւ կապը թուլացել է, որ կուսակցության ղեկավար կազմը ծանրաբեռնված լինելով պետական նշանակության խնդիրներով՝ թուլացրել է կուսակցական շինարարության աշխատանքը, որ որոշ բարեփոխումների մասին բավարար բացատրական աշխատանք չի տարվում եւ որ իշխանությունը համանման այլ «սխալներ» է գործում…

Միակ հարեւանցի եւ աղոտ հիշատակումը ՀՀԿ-ին հեռացնելու իրական պատճառներից մեկի մասին էր, այն է՝ «որոշ հարցերում ցուցաբերվում էր ավելորդ հանդուրժողականություն, որը խարխլում էր թույլատրելիի սահմանները կուսակցականների համար եւ սրում հանրային բացասական ընկալումները», որ որոշ կուսակցականների համար անդամատոմսը «թողության գիր» էր:

Փաստորեն, հայտարարության հեղինակների անկեղծությունն ու իրերն իրենց անուններով կոչելու քաղաքական խիզախությունը բավարարել էր միայն այս տողերը գրելուն: Ի դեպ, համանման տողեր կարելի է գտնել ՀՀԿ-ի կառավարման տարիներին կուսակցության վերնախավի բամաթիվ ելույթներում, եւ նույնիսկ ավելի ինքնաքննադատական տողեր:

Եթե ՀՀԿ-ն ա’յս «սխալների ու բացթողումների» եւ դրանք շտկելու վճռականության եւ այդ հիմքով իր լավ ընդդիմություն լինելու հեռանկարի մասին է նախընտրական պայքարի ժամանակ ընտրողների հետ խոսելու, ապա կուսակցությունը մսխելու է վերը հիշատակված երիտասարդ, բանիմաց կադրային ներուժը մի հնաբույր կոնցեպտով առաջադրանքի համար, որը ՀՀԿ-ի հին գվարդիան էլ կարող էր ստանձնել: Այլ բան, եթե  հենց երիտասարդներն են որոշել, որ մարտի են գնում այդ կոնցեպտով, ինչն ավելի հիասթափեցնող է:

Ամեն դեպքում, այս հայտարարությամբ ակնհայտ դարձավ, որ ՀՀԿ-ն դեռեւս ի վիճակի չէ առերեսվելու իր իշխանության տարիների սխալներին: Իսկ դա նախապայմանն է ցանկացած նորացման արժանահավատ խոստման: Որպես իշխանություն ՀՀԿ-ն աչքի չի ընկել արժանահավատությամբ, եւ իր սխալներին առերեսվելուց խուսափելը ավելի է խորացնում այդ դեֆիցիտը: ՀՀԿ-ի՝ ընտրություններին որպես միակ եւ անփոխարինելի ընդդիմություն դիրքավորվելու որոշումը նրան չի ազատում արժանահավատություն ձեռք բերելու անհրաժեշտությունից՝ ընդդիմությունը եւս պետք է արժանահավատ լինի:

ՀՀԿ-ի քաղաքական, երիտասարդ թեւի ներկայացուցիչներին հեշտ օրեր չեն սպասվում ընտրարշավի ժամանակ: Սա թերեւս լինելու է նրանց մինչ այս պակասող կարեւորագույն փորձառությունը՝ նրանք ըստ էության առաջինն են լինելու ՀՀԿ-ի ընտրական կենսագրության մեջ, ովքեր առանց մենաշնորհի ու զանազան ռեսուրսային բոնուսների ընտրությունների են մասնակցելու: Մնում է սպասել, թե ա’յս փորձառությունից ինչ հետեւություններ կարվեն:

Իրինա Ղուլինյան-Գերց, Բեռլին

Spread the love