ՀՀԿ-ականներն ընդդիմություն է խաղում, իսկ ԲՀԿ-ն …

- in Կարծիք
Serzh Gagik

ՀՀԿ-ն լիարժեք դերի մեջ է: Կաթողիկոսի անվտանգության պետական ապահովման մասին ՀՀԿ-ական պատգամավորների նախաձեռնած օրինագծի քվեարկության տապալումից հետո ՀՀԿ-ն լքել է դահլիճը՝ բոյկոտելով ԱԺ նիստը և տապալելով մյուս քվեարկությունները:

Հանրապետականն ընդդիմություն է խաղում, ու դա բնական է՝ խաղի այլ տարբերակներ ՀՀԿ-ին չեն մնացել: Այլ հարց է, թե արդյո՞ք հանրությունը տրվելու է այդ խաղին: Կամ՝ արդյո՞ք հանրությունը տրվելու է ԲՀԿ խաղին՝ այս դեպքում որպես հեղափոխության մաս:

Բանն այն է, որ թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն եղել են նախորդ համակարգի առանցքային երկու մասերը, և այդ համակարգի պահպանումը՝ սկսած 2006 թվականից, ըստ էության տեղի է ունեցել այդ «երկբևեռ» մեխանիզմի շնորհիվ: Իհարկե, այստեղ խոսքը թատրոնի մասին չէ՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, իսկ ավելի մասնավորեցված տարբերակով՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իհարկե ունեցել են լուրջ տարաձայնություններ, հակասություններ, որոնք պարբերաբար բռնկվել են ու մարել: Սակայն մյուս կողմից՝ երկբևեռ այդ մեխանիզմը եղել է հենց ներիշխանական տարակարծությունների յուրօրինակ շանթարգել, դրսևորման և միաժամանակ լիցքաթափման հնարավորություն՝ համակարգի ներսից քայքայումը կանխելու կամ առնվազն դրա արագությունը էապես նվազեցնելու համար:

Ներկայումս մի ուժը հայտարարում է ռեաբիլիտացիայի և միակ ընդդիմություն լինելու, մյուս ուժը՝ հեղափոխության մաս լինելու մասին: Այն դեպքում, երբ հեղափոխության մաս ԲՀԿ-ն գործնականում ամենավերջին պահին է դադարել իրեն համակարգի մաս չդիտարկելուց, երբ այդ համակարգն ըստ էության այլևս չկար:

Այդուհանդերձ, քաղաքականության մեջ անշուշտ հնարավոր են նաև կուսակցական վերափոխումներ, և այդ դուռը պետք է փակ լինի միայն հանցավոր գործունեության դեպքում, որի համար պետք է իրավական պատասխանատվություն: Իսկ քաղաքական գործունեության վերանայման իրավունք ունեն բոլորը, սակայն հասարակությունն էլ այս դեպքում պետք է սահմանի քաղաքական պատասխանատվության վերահսկողության իր մեխանիզմները, եթե ոչ՝ 100 տոկոս երաշխիքով, ապա գոնե որոշակի պարտավորությունների և չափումների շրջանագծով:

Եվ այստեղ առանցքային է դառնում քաղաքական գնահատականի հարցը, որ պետք է տրվի նախորդ համակարգին՝ այդ համակարգում առանցքային նշանակություն և դեր ունեցած ուժերի շրջանում: Ու հաշվի առնելով այն, որ այդ ուժերը ըստ էության երկուսն են՝ ներկայումս ընտրական գործընթացի մասնակից, ապա նախորդ համակարգի քաղաքական գնահատականի հարցն ակտուալ է հենց նրանց պարագայում, որպեսզի հասարակությունը կարողանա գնահատել նրանց վերափոխման ոչ այնքան անկեղծության աստիճանը՝ դա հնարավոր չէ չափել, որքան վերափոխման գործընթացի քաղաքական պատասխանատվության աստիճանը:

Թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն պետք է տան նախորդ գործող համակարգի քաղաքական գնահատականը: Մի բան, որն ըստ էության բաց մնաց թե՛ 1998-ի ներիշխանական հեղաշրջումից հետո՝ և հենց այն պատճառով, որ դա ներիշխանական հեղաշրջում էր, և համակարգում դեմքերն ու խմբերն էին փոխվում, ոչ թե համակարգը, թե՛ 2008 թվականին, երբ 1998 թվականին հեռացած Տեր-Պետրոսյանը վերադարձավ առանց համակարգի քաղաքական գնահատականի, և որպես միակ վրիպում մատնանշվեց ընդամենը Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին պաշտոն տալը:

Ներկայումս, երբ հասարակությունը ճանապարհել է նախկին համակարգը, ուղղակի անթույլատրելի սխալ կարող է լինել նոր համակարգում դերակատարման հայտերը դիտարկելիս չդնել նախորդ համակարգի քաղաքական գնահատականի հարցը, ընդ որում՝ հստակ, հասցեական, ամբողջական գնահատականի հարցը այն ուժերի առաջ, որոնք նոր համակարգում տեղ են փնտրում՝ առանցքային և հիմնարար տեղ ունեցած լինելով նախկինում:

Spread the love