ՀՀԿ կա՞, որ գտնի իր իշխանության տարիներին սխալները լիարժեք խոստովանելու, դրանց համար ներողություն խնդրելու ուժ

- in Կեղտոտ լվացք
HHK

ՀՀԿ խորհրդի նիստից հետո արված հայտարարության առնչությամբ հասարակության տարբեր խմբերի դիտարկումներում մատնացույց է արվում այն, որ ՀՀԿ-ն չի գտել սեփական սխալները լիարժեք ու բաց խոստովանելու ուժ եւ փորձել է մանեւրել:

Նախ, առանձին հարց է իհարկե, թե որտեղի՞ց պետք է գտներ ՀՀԿ-ն այդ ուժը: Կամ, ավելի շուտ հարցը պետք է դնել այլ կերպ՝ իսկ ՀՀԿ կա՞, որ գտնի իր իշխանության տարիներին սխալները լիարժեք խոստովանելու, դրանց համար ներողություն խնդրելու ուժ:

Անունով ՀՀԿ կա, գոյություն ունի Մելիք Ադամյանի գրասենյակը, այնտեղ տեղի է ունեցել ՀՀԿ Խորհրդի նիստը, որը որոշել է, թե կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանի արտահերթ ընտրությանը, նաեւ առաջին համարն է կարծես թե հայտնի, մի քանի այլ մասնակիցներ, ցուցակի անուններ:

Բայց ՀՀԿ խորհրդի նիստը անցել է բավական բուռն, իսկ դրանից առաջ ժամանած մասնակիցների տարաբնույթ պատասխանները լրագրողներին, նիստի ընթացքում եւ հետո տեղի ունեցած մի շարք դրվագներ վկայել են, որ իբրեւ մեկ սուբյեկտ՝ ՀՀԿ, գոյություն չունի վաղուց:

ՀՀԿ-ն եղել է իշխանության շուրջ միավորված խմբերի մի մեծ կորպորացիա: Իշխանությունը կորցնելուց հետո այդ կորպորացիան փլուզվելու էր ինքնաբերաբար: Հետեւաբար, սխալների առումով օրինակ առաջանում է հարց՝ ով ում սխալը պետք է ճանաչի եւ ներողություն խնդրի: «Քաղաքականներն», օրինակ, ասում են, թե իրենք կոռումպացված չեն եւ հետեւաբար անարդար է իրենց մեղադրելը: Բայց, «ոչ քաղաքականներն» էլ ըստ երեւույթին խորհրդի նիստերի ընթացքում են ասում, որ «քաղաքականներին» իրենք են պահել իշխանության, այդ թվում կոռուպցիայի օգնությամբ, որից նաեւ բաժին են հանել քաղաքականներին կամ նրանցից շատերին:

Սա իհարկե ՀՀԿ ներքին հարաբերության խնդիր է, բայց այստեղ է նաեւ առանցքային պատճառներից մեկը՝ թե ով ում սխալի համար պետք է ներողություն խնդրի:

Մյուս կողմից, հարցի թերեւս բուն ասպեկտը այլ դաշտում է: Բանն այն է, որ ՀՀԿ կորպորացիա-հասարակություն հարաբերության խնդիրը սխալները չեն եղել: Սխալվում է ցանկացած ուժ, ցանկացած իշխանություն, այդ սխալի համար վճարում ընտրությամբ եւ հեռանում իշխանությունից:

ՀՀԿ կորպորացիա-հասարակություն հարաբերության առանցքում եղել է հանցանքը, ոչ թե սխալը: Հայաստանում հանրությունը կանգնած է հանցանքի, տարբեր տրամաչափի եւ ծավալի հանցագործությունների, ոչ թե սխալի հետեւանքի առաջ: Ըստ այդմ, հանրությունը նախորդ համակարգից ակնկալում է ոչ թե ընտրական ցուցակներ, այլ այն հանցագործների ցուցակը, որոնք Հայաստանի հանրապետությունը պարուրել են կոռուպցիոն սխեմաներով եւ ուղղակի շնչահեղ արել պետական օրգանիզմը, այդ ընթացքում կուտակելով անձնական ահռելի հարստություն: Այդ ամենը տեղի է ունեցել քաղաքական հովանու ներքո, կամ քաղաքական կամքի բացակայության պայմաններում:

Հետեւաբար, ՀՀԿ-ն էլ կանգնած է իր կառավարման տարիների հանցանքը, ոչ թե սխալը ճանաչելու իրողության առաջ: Իհարկե, հանցանքը ճանաչելը ինքնակամ խոստովանությունն է: Միաժամանակ անիրական է թվում, թե ՀՀԿ-ն ինքնակամ կխոստովանի, որ երկու տասնամյակ եղել է հանցավոր կառավարման թիվ մեկ ուժը եւ պատասխանատուն: Առավել եւս, որ հանցանքը ենթադրում է շատ կոնկրետ պատասխանատվություն, իսկ այս դեպքում խոսքը կարծես թե քաղաքական գնահատականի մասին է:

Այդպես է, բայց բանը հենց քաղաքական գնահատականն է: Այն ենթադրում է ոչ միայն սխալի ճանաչում եւ ներողություն հանրությունից: Այն ենթադրում է նաեւ կոչ իրավապահներին՝ անաչառ, օրենքի դաշտում քննել ՀՀԿ կառավարման տարիներին առնչվող բոլոր կասկածելի դրվագները եւ բացահայտել հանցագործներին:

Դրա փոխարեն, ՀՀԿ-ն անհապաղ քաղաքական հետապնդում է որակում այդպիսի ցանկացած փորձ, ցանկացած քայլ, երբ իրավապահները անգամ ոչ ՀՀԿ անդամի, բայց նախկին համակարգի այս կամ այն առանցքային խմբին առնչվող որեւէ մեկի հանդեպ սկսում են իրավական գործընթաց:

Այդ պահվածքը անշուշտ հասկանալի է, բայց հարցն այն է, որ տվյալ համատեքստում սխալներն ընդունելու եւ ներողության հանգամանքը կարող է առավելագույնը լինել «կամուֆլյաժ», որովհետեւ խնդիրը սխալը չէ, այլ հանցանքը:

Spread the love