ՀՀԿ-ն դարձյալ խաղարկում է Արցախի հարցը, ընդ որում՝ կեղծ տպավորություն ստեղծելով

- in Հրապարակ
LGHH

Ընտրությունները մի դրական կողմ ունեն՝ քաղաքական գործիչներին ստիպում են մտածել հասարակության հետ հաղորդակցության կանալներ ստեղծելու մասին։

Օրինակ՝ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանն ամեն օր գրառումներ է կատարում իր ֆեյսբուքյան էջում, ինչի շնորհիվ որոշակիորեն նպաստում է քաղաքական օրակարգի ձևավորմանը, իհարկե՝ շատ հաճախ դա անելով քարոզչական մանիպուլյացիայի միջոցով։

Ահավասիկ այս գրառումը։ ՀՀԿ առաջին փոխնախագահը գրել է. «Լինելու ենք կառուցողական և երկխոսության պատրաստ ընդդիմություն: Բայց կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Դրանցից առաջինն ու ամենագլխավորը Արցախն է: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիր չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է: Ընդ որում, ոչ էլ միակ հարցն է՝ էլի են լինելու: Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, Ազգ-բանակ դառնալով ենք ի վիճակի լինելու առերեսվելու այդ վտանգներին: Չի՛ կարող լինել մասնակի լուծում: Չի՛ կարող լինել միակողմանի զիջում: Պատերազմի և խայտառակության միջև երբեք չե՛նք ընտրելու խայտառակությունը, քանի որ այդ դեպքում ստանալու ենք երկուսն էլ: ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն՝ ունենալով Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումը որպես իր օրակարգի 1-ին կետ: ՀՍԿԵԼՈՒ ԵՆՔ»:

Այս գրառումն ինքնին Արցախի հարցով պարզունակ շահարկում է, ընդ որում՝ սա այն դեպքն է, որը բնորոշ է ոչ միայն պաշտպանության նախկին նախարարին, այլև ողջ ՀՀԿ-ին։

ՀՀԿ-ն փորձում է ԼՂ հարցում հանդես գալ արմատական դիրքերից, սակայն ճշմարտությունն այն է, որ Արցախի դարդ ու ցավով ապրող իշխանությունն իր կառավարման տարիներին այդքան չէր թուլացնի թիկունքը, այլ խոսքով՝ չէր մաշեցնի Հայաստանի իմունիտետը՝ անընդհատ ընտրություններ կեղծելով ու երկիրը վերածելով խոպանի՝ համատարած թալանի օբյեկտի։ Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որի նախագահության շրջանում հայկական կողմը տարածքային զիջումներ է ունեցել, ու առհասարակ՝ Քառօրյա պատերազմը բացահայտեց մեր բանակի խայտառակ վիճակը՝ մարտական գործողություններին ոչ պատշաճ պատրաստության առումով։ Նախկին իշխանության ներկայացուցիչները պետք է բարոյականություն ունենան սպաների ու զինվորների հերոսության հետևում չթաքնվելու համար։

Արցախի ու անվտանգության հարցը Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի կողմից շահարկվում էր, երբ խնդիր էր դրված երկարաձգել ՀՀԿ առաջնորդի իշխանավարումը։ Դա էր Սերժ Սարգսյանի վարչապետության հիմնական հաղթաթուղթը, թեև քաղաքական տրամաբանությունը հուշում էր, որ 2016-ի պատերազմը պետք է դառնար իշխանության հեռացման կամ առնվազն խորքային արդիականացման առիթ։

Հիմա ՀՀԿ-ն դարձյալ խաղարկում է Արցախի հարցը, ընդ որում՝ կեղծ տպավորություն ստեղծելով, թե իբր Նիկոլ Փաշինյանը պարտվողական քաղաքականության կրող է։

Իհարկե, ԼՂ հարցում նոր իշխանությունների քաղաքականությունից ամենևին էլ հիացած չենք ու բազմաթիվ անգամներ արձանագրել ենք, որ կոնցեպտուալ մոտեցումների անհրաժեշտություն կա, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ Փաշինյանը կամ նրա թիմը գործնական քաղաքականության մակարդակում արել են որևէ բան, որը վտանգում է Հայաստանի կամ Արցախի անվտանգությունը։

Ավելին՝ ՀՀԿ-ն ԼՂ հարցով չի կարող օրակարգ ձևավորել, որովհետև անցած տարիներին իր լոյալությամբ նպաստել է բանակցային գործընթացից Արցախի դուրսմղմանը, ապա ԼՂՀ սուբյեկտության հետևողական թուլացմանը։ Արցախի հարցը անցած երկու տասնամյակում դարձել էր այն փրկօղակը, որի միջոցով նախկին համակարգն անընդհատ արդարացրել է իր արյունոտ վերարտադրությունն ու թալանելու իրավունքը։

Spread the love