«Մեր անելիքն ու ասելիքը ձևակերպված են մեր նախընտրական կարգախոսում՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»:

Մեր համոզմունքն այն է, որ պետական գործառույթն անհատի երջանության համար բավարար պայմաններ ստեղծելու իմաստով հետևյալն ՝ մենք պետք է ապահովենք մեր քաղաքացիների ազատությունը, պետք է մեր երկրում կարողանանք ապահովել արդարություն, անվտանգություն ու յուրաքանչյուրի արժանապատվության պաշտպանությունը: ՀՀ-ում մարդու, քաղաքացու արժանապատվությունը պետք է պաշտպանված լինի անկասելիորեն»,- այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն իր խոսքում շեշտել է նաև, որ ՀՀ-ում պետք է բացառված լինեն քաղաքական ու տնտեսական հետապնդումները:

«Հոգատար հանրություն ասելիս մենք նկատի ունենք անհատական ջանքի ու աշխատանքի խրախուսումը: Մենք մարդկանց մասին հոգ տանելը հասկանում ենք նրանց օգնելը, աջակցելը, որ նրանք հավատան իրենց ուժերին, կարողանան ճեղքել իրենց հուսահատությունն ու խեղճությունը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանն իր խոսքում ասաց, որ իրենք այս ամենի համար արդեն շատ տեսանելի ապացույցներ են ներկայացրել՝ ցույց տալով, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը վճռորոշ է:

«Առաջիկա հինգ տարիներին խնդիր ենք դրել, որ Հայաստանում ընդհանրապես արմատախիլ արվի ծայրահեղ աղքատությունը, քանի որ մենք համարում ենք, որ այդ երևույթը հարիր չէ Նոր Հայաստանին, 21-րդ դարի Հայաստանին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ իրենք մտածողության փոփոխություն էլ են իրականացնելու, հասարակական հոռետեսությունը լավատեսությամբ են փոխարինելու:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը՝ նոյեմբերի 26-ին, արձակուրդ կվերցնի։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,– գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ուրբաթ լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարը հայտնել էր, որ անհրաժեշտություն չի տեսնում քարոզարշավի ժամանակ արձակուրդ վերցնելու։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Փաշինյանը ուղիղ եթերում տեղեկացրել էր «Իմ քայլի» քարոզարշավի մեկնարկի ժամանակացույցի մասին և ընդգծել, որ ինքն ակտիվորեն մասնակցելու է քարոզարշավին։

Spread the love