Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցած դիպուկահարի մահվան վարկած

- in Վերլուծական

Մարտի 1-ի թեման առաջնային կլինի՞ ՀՀԿ նախընտրական արշավում

Հրապարակ թերթը սենսացիոն նյութ է հրապարակել՝ ներկայացնելով մարտի 1-ի իրադարձություններին մասնակցած դիպուկահարի մահվան վարկած:

Օրերս իրավապահները հայտնել էին, որ վանաձորցի հեղինակություններից մեկին սպանելու համար Հայաստան է եկել դիպուակահար, որին հետո սպանել են՝ իբր կանխելով սպանության փորձը: Դիպուկահարի մարմինը գտնվել է Երեւանի գերեզմանոցներից մեկում: Հրապարակը պարզել է, որ դիպուկահարը Հայաստանի քաղաքացի Եվգենի Կաչակն է, ով մինչեւ հիմա չի ազատվել ոստիկանությունում աշխատանքից, սակայն 2008 թվականից ապրում է Ղազախստանում:

Թերթը պարզել է նաեւ, որ Կաչակը որպես դիպուկահար մասնակցել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, երբ սպանվեց 10 մարդ: Մինչեւ հիմա չեն գտնվել մարդկանց վրա կրակած անձինք:

Եթե դիպուկահարի մասին տեղեկությունը հավաստի է, ստացվում է, որ ինչ-որ մեկը Հայաստանում ընտրություններից առաջ վերացրել է մարտի 1-ի գործի գլխավոր անձանցից մեկին: Ընդ որում, մարտի 1-ը կարծես թե դառնում է ՀՀԿ նախընտրական արշավի առանցքային թեմաներից մեկը:

ՀՀԿ նախընտրական ծրագրի հայտարարությունում կետ կա մարտի 1-ի եւ Նիկոլ Փաշինյանի մասին: Հայտարարությունում նշված է, որ Սերժ Սարգսյանն այս տարվա ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նախազգուշացրել է, որ 2008 թվականի մարտի 1-ի արածը չկրկնի: Այն ժամանակ դա ընկալվեց Սերժ Սարգսյանի սպառնալիքը հանրությանը: Սակայն, ինչպես նշված է հայտարարությունում, դա նախազգուշացում էր Նիկոլ Փաշինյանին, որ գործը չհասցնի արյունալի բախումների:

Ապրիլյան հեղափոխության ժամանակ զոհեր ու բռնություն չեղան, իսկ «դիպուկահարները» լռում էին ի տարբերություն 2008 թվականի մարտի 1-ի: Այն ժամանակ՝ 2008 թվականին, Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին, որ իբր մարդկանց կոչ է արել չցրվել հրապարակից՝ չնայած ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախազգուշացրել էր, որ ուժային գործողություն է նախապատրաստվում եւ ավելի լավ է ցրվել: Անգամ տեղեկություն կար, որ Նիկոլ Փաշինյանը իբր հայտարարել է, որ Տեր-Պետրոսյանը մարդկանց կոչ է արել չցրվել: Տեր-Պետրոսյանը կտրականապես հերքել է, որ Փաշինյանին նման բան է ասել:

ՀՀԿ ցուցակի պատվավոր երրորդ տեղում է Դավիթ Շահնազարյանը, որը 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ընդդիմության մյուս առաջնորդների միջեւ կապող օղակն էր: Ի՞նչ կարող է ասել Դավիթ Շահնազարյանը մարտի 1-ի գործով: Նա նո՞ւյնպես Նիկոլ Փաշինյանին մեղավոր է համարում բախումներ հրահրելու մեջ: Նա տեղյա՞կ է դիպուկահար Կաչակից, որին, ըստ իրավապահների, Ղազախստանից Հայաստան են կանչել ու սպանել:

Եթե նա իրոք այդ դիպուկակահարն է, որը գործել է Երեւանի փողոցներում, ապա նրա մահը ձեռնտու է բոլոր նրանց, որոնց մարտի 1-ին հնարավոր միջամտության մասին բազմիցս խոսվել է, այդ թվում՝ արտաքին ուժերին:

Spread the love