Նիկոլ Փաշինյանը գործնականում սկսում է անխուսափելի կոնֆլիկտը

- in Վերլուծական

Հանրային-քաղաքական շրջանակներում բավական աղմկոտ արձագանքի է արժանացել Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ 350 հազար աշխատողների եւ 800 հազար «նրանց հաշվին ապրողների» մասին: Դա նույնիսկ արժանացել է Վիգեն Սարգսյանի ուշադրությանը, որը բաց չի թողել վարչապետին հեգնելու պահն ու նրան ասել «բարի գալուստ իշխանության աշխարհ»:

Ընդ որում, հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը այդ մասին խոսել էր օրեր առաջ խորհրդարանում՝ երբ վարչապետ էր առաջադրվել չընտրվելու եւ խորհրդարանը լուծարելու համար, բայց աղմկոտ արձագանք եղավ միայն Ղազախստանում հայ համայնքի հետ քննարկմանը կրկնելուց հետո:

Ըստ երեւույթին, խորհրդարանում ասվածը լավ չի լսվել՝ բոլորը կենտրոնացած էին լուծարվելու խնդրի վրա: Կամ էլ պարզապես ՀՀԿ-ն համարել էր, որ հնարավոր չէ կենտրոնանալ դրա վրա՝ միեւնույն է ոչ մեկը չի լսի, իսկ հիմա արդեն հարմար պահ է աղմուկ բարձրացնելու համար, օգտագործելով տեղեկատվական խողովակները:

Ըստ էության, Վիգեն Սարգսյանն ու թիմը իրենց պահում են այնպես, ինչպես իրենց հանդեպ էին պահում ընդդիմությունները՝ երբ նրանք էին իշխանության: Ամբողջ խնդիրն այն է, որ Վիգեն Սարգսյանը անուշադրության է մատնում կամ չի նկատում մի հանգամանք. նախորդը արդյունավետ աշխատում էր, որովհետեւ կիրառվում եր գանձագող եւ ընտրակեղծարար համակարգի դեմ:

Եթե համակարգը չլիներ գանձագող եւ յուրացրած չլիներ իշխանություն ձեւավորելու հանրային իրավունքը, Հայաստանում չէր հասունանա հեղափոխական իրավիճակ եւ տրամադրություն ընդդիմախոսության մասնագիտական այն որակի պայմաններում, որ կար նախկինում: Ներկայում փաստացի կրկնելով այդ անորակ, ոչ խորը ընդդիմախոսությունը, Վիգեն Սարգսյանը թերեւս հույս ունի հասնել եթե ոչ նույն, ապա գոնե շատ թե քիչ շոշափելի հաջողության: Այդ հույսը սակայն բախվելու է ոչ միայն թավշյա հեղափոխության եւ հանրային տրամադրությունների փաստին, այլ նաեւ այն, որ ներկայում իշխանությունը գանձագող եւ կոռուպցիոներ չէ:

Սակայն, ավելի հետաքրքիր է հանրային արձագանք-ընդդիմախոսությունը, որը պայմանականորեն հնարավոր է բաժանել երկու մասի: Մի մասը կենտրոնացել է հարցի վրա, թե Նիկոլ Փաշինյանին որտեղից 350 հազար կամ 800 հազար թվաբանությունը: Դա այն դեպքում, երբ Փաշինյանը կարծես թե ասել է, որ խոսքը բացարձակ թվերի մասին չէ, այլ մոտավոր: Խնդիրը երեւույթն է, իրողությունը եւ խնդիրը խորքից:

Ընդդիմախոսություն-արձագանքի մյուս մասն այն է, թե իշխանությունը քաղաքացիների համար պետք է ստեղծի աշխատատեղեր, որոնք նրանց կապահովեն ապրելու համար բավարար եկամտով, նոր հետո «մուննաթ» գա չաշխատելու ցանկության կամ ծուլության համար:

Թվում է, որ ռացիոնալ կշտամբանք է, եւ նույնիսկ ավելի հիմնավոր, քան հանրության մի զգալի շերտի հասցեին Փաշինյանի կշտամբանքը:

Սակայն այստեղ առանցքայինը կողմնորոշվելն է հիմնարար հարցում՝ հանրային մտածողության եւ անհատի գիտակցության: Գուցե Նիկոլ Փաշինյանը ընտրել է այդ խնդիրը շոշափելու ոչ այնքան հաջող ձեւ, եւ ավելի շուտ ստացվում է անհարկի կշտամբանք մարդկանց, որոնք մոտ երեք տասնամյակ եղել են մսխող համակարգի տիրապետության ներքո:

Մյուս կողմից, միգուցե հենց այդօրինակ ձեւի ընտրությունը պետք է լիներ առավել ցավոտ կսմիթ, թեկուզ առաջին հայացքից անարդար թվացող, որը ստիպեր հանրությանը խորհել խնդրի առավել խորքային կողմի մասին, քան պարզապես «սոցիալական հավասարության» կամ «սոցիալական արդարության» կարծրատիպերի մակերեսային կիրառումը:

Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է ոչ թե սոցիալական, այլ քաղաքացիական հարց՝ քաղաքացիական իներտության հարցը: Հայաստանն անկախության երեք տասնամյակի ընթացքում այդպես էլ դուրս չեկավ սովետական մտածողությունից, որտեղ քաղաքացին ավելի շատ եւ հեշտ գտնում է որեւէ բան չանելու, քան անելու մոտիվացիա: Այդ մտածողությունը սակայն ուներ ոչ միայն հասարակարգային հենք, այլ նաեւ ընտանեկան-կենցաղային-դաստիարակչական:

Երեխաներն ընտանիքներում սովորում են ոչ թե ինքնուրույն ապրել եւ դասավորել իրենց կյանքը, խնդիրների պատճառներն ու լուծումները առաջին հերթին փնտրելով իրենց մեջ, այլ վարժվում են ծնողի խնամակալությանը, ավելի հասուն տարիքում արդեն իբրեւ ծնող դիտարկելով իշխանությանը: Երեխան մեծանում է ոչ թե իբրեւ ինքնուրույն անհատ, այլ խնամակալություն փնտրող «հասարակական կենդանի»: Ի դեպ, դա ձեւավորում է նաեւ պատասխանատվության ինստիտուտի տոտալ ճգնաժամ, մարդկային, աշխատավայրային պարզ հարաբերություններից մինչեւ մեծ քաղաքականություն:

Այդ ամենը հաղթահարելը չափազանց բարդ եւ ժամանակատար է, այն ենթադրելու է իշխանություն-հանրություն անխուսափելի կոնֆլիկտ, որեւէ ժամանակահատվածում: Հատկապես, երբ խոսքը մի պետության մասին է, որը չունի ռեսուրսային մեծ հարստություն՝ այդ կոնֆլիկտի գինն այսպես ասած վճարելու համար:

Նիկոլ Փաշինյանը գործնականում սկսում է այդ անխուսափելի կոնֆլիկտը, իր վրա վերցնելով դրա քաղաքական պատասխանատվությունը, ոչ թե հետաձգելով այն՝ ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքով: Մի բան, որն իհարկե իրեն չէր կարող թույլ տալ օրինակ այն իշխանությունը, որի ներկայացուցիչ էր Վիգեն Սարգսյանը: Որովհետեւ հնարավոր չէ հանրությունից գողանալ, հետո նրա հետ գնալ կենսափիլիսոփայական խորքային վերափոխման շուրջ կոնֆլիկտի: Մինչդեռ առանց դրա հնարավոր չէ գցել պետության զարգացման հիմք, եւ Փաշինյանը փաստորեն իր լեգիտիմությունն օգտագործում է դրա վրա ոչ թե մանիպուլյացիաներ կառուցելու շահեկան զբաղմունքի, այլ պետական ու հանրային զարգացման հիմք գցելու բարդ եւ պատասխանատու առաքելության համար:

Դա հեղափոխության հանրային եւ պետական կապիտալիզացիայի կարեւորագույն ընտրություն է:

Spread the love