ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները: Ըստ այդմ, 2018թ. նշված ժամանակահատվածում արձանագրվել է 16277 իրավախախտում՝ 1723-ով ավելին, քան 2017թ. նույն ժամանակահատվածում:

Իհարկե, առաջին հայացքից կարող է նույնիսկ տարօրինակ թվալ, որ սիրո և համերաշխության հեղափոխության հաղթանակը բերել է հանցագործությունների աճին։ Մյուս կողմից՝ հեղափոխություններն օբյեկտիվորեն թուլացնում են պետական համակարգերը՝ գոնե ժամանակավորապես, մինչև հաղթահարվի ադապտացիոն փուլը։ Օրինակ՝ հանցագործությունների բում է արձանագրվել նաև ուկրաինական հեղափոխությունից հետո՝ չնայած միանգամայն այլ են այդ հեղափոխության ընթացքն ու հետևանքները։ Ուկրաինական հեղափոխությունը չի բերել հասարակության կոնսոլիդացիային, ճիշտ հակառակը՝ երկիրը, ըստ էության, բաժանել է աշխարհագրական հատկանիշից ելնելով, ինչը մեծացրել է քաղաքացիական լարվածությունը՝ ծնելով նաև քաոս ու հանցագործությունների շեշտակի աճ։ Ի վերջո, երբ քաղաքական գործընթացը բերում է «հրացանավոր մարդու» գործոնի ուժեղացմանը, ապա քրեածին վիճակը դառնում է ճգնաժամային։

Սակայն Հայաստանում նման պատկեր չպետք է լիներ, որովհետև հեղափոխությունը զարգանում էր լեգալ հարթության վրա՝ չուղեկցվելով փոխադարձ բռնություններով, էլ չենք խոսում՝ կրակոցների կամ զոհերի մասին։ Իշխանությունը Հայաստանում փոխանցվել է միանգամայն լեգալ ճանապարհով՝ առանց ցնցումների, չառաջացնելով վակուում պետական կառավարման համակարգում։ Եթե այս իրավիճակում արձանագրվել է հանցագործությունների աճ, ապա դրա արմատը պետք է փնտրել նոր իշխանությունների ֆունկցիոնալ անպատրաստության, ոստիկանության ոչ արդյունավետ գործունեության դաշտում։ Համենայնդեպս, պաշտոնական թվերը մտորումների տեղիք են տալիս ու եթե չարվեն համապատասխան հետևություններ, ապա քրեական անբարենպաստ համատեքստը կայունացման միտումներ ձեռք կբերի՝ շեշտակիորեն ազդելով երկրի ներքին կայունության, անվտանգության, հեղինակության, ներդրումային գրավչության վրա։ Ի վերջո, պատերազմող երկրի համար քրեածին իրավիճակի սրումը լուրջ սպառնալիք է նաև անվտանգության տեսանկյունից, որովհետև կրիմինալ բարքերը թափանցում են բանակ, բացի դրանից՝ ձևավորում են բարոյահոգեբանական անբարենպաստ համատեքստ, որը կարող է լրջորեն հարվածել հասարակական համերաշխության հիմքերին։

Սակայն ընդհանրական թվերի կողքին քրեական խրոնիկայի բացվածքը բացահայտում է արտառոց մի իրականություն, որն անսպասելի է անգամ հեղափոխության նկատմամբ հոռետեսական տրամադրություններ ունեցողների տեսանկյունից։ Ռեկորդային աճ է գրանցվել պետական կամ հանրային գույքի հափշտակությունների ոլորտում: Գրանցվել է 432 դեպք՝ 347-ով ավելի, քան նախորդ տարի: 618 դեպքով աճել է անձնական գույքի հափշտակությունների թիվը, մասնավորապես՝ գողությունների, վատնումների, յուրացումների:

332 դեպքով ավելացել է բնակարանային գողությունների թիվը: Շուրջ 462 դեպքով ավելացել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, մասնավորապես՝ 2017թ. արձանագրված 120 դեպքի համեմատ, 2018թ. 286 դեպքով ավելացել են կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը, ընդհանուրը՝ 406 դեպք:

Նիկոլ Փաշինյանի հակակոռուպցիոն հռետորաբանությունը, պետական համակարգը կաշառակերներից ու գողերից ֆիլտրելու քաղաքականությունն ամբողջովին հակասության մեջ են այս վիճակագրության, թվերի հետ։ Սա կարող է մի քանի հետևությունների տեղիք տալ, ընդ որում՝ բոլոր դեպքերում, իշխանության համար բավականին տխուր։

Չենք ուզում մտածել, որ հեղափոխության հրապարակային հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում, և իշխանությունը դարձյալ շարունակում է մնալ հարստացման հիմնական աղբյուր։ Սակայն եթե այդ վարկածը մերժում ենք, ապա ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն վերահսկում պետական համակարգի գործունեությունը կամ առնվազն՝ կադրային լուրջ վրիպումներ են թույլ տվել երկշերտ հարթության վրա։

Օրինակ՝ կարելի է ենթադրել, որ հեղափոխությունը վերև է բարձրացրել պատեհապաշտների մի խմբի, որը փափուկ տեղավորվելով իշխանության միջին ու ստորին օղակներում՝ զբաղված է, այսպես կոչված՝ գրդոնով։ Մյուս կողմից՝ իրավապահ մարմինների, հատկապես՝ ոստիկանության զգոնությունն է թուլացել, որովհետև համակարգի բուրգին հայտնվել են մարդիկ, ովքեր չունեն համապատասխան հեղինակություն, խարիզմա։

Սակայն ավելի մտահոգիչ է գլոբալ համատեքստը։ Իսկ դա այն է, որ հեղափոխությունը մարդկանց գիտակցության մեջ չի փոխել պետության նկատմամբ ընկալումը, մյուս կողմից՝ հանցագործություններն աճում են թշվառ ու աղքատ երկրներում, ինչը հուշում է, որ հեղափոխությունը Հայաստանում առայժմ ավելացրել է միայն տեսարանների թիվը՝ չլցնելով սառնարանների պարունակությունը։

Spread the love