Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի, ապա խորհրդի նիստը ժամեր տևեց՝ քննարկելու համար ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ում քննարկվել է նաև, այսպես ասած, Սերժ Սարգսյանի ժառանգորդության հարցը։ Թերևս սա ոչ պակաս սկզբունքային հարց է, որքան՝ ընտրություններին ՀՀԿ մասնակցության խնդիրը։

Սերժ Սարգսյանն, իհարկե, այսօր հրաժարական չի տվել ու թերևս ՀՀԿ-ից ֆորմալ առումով կհեռանա միայն այն ժամանակ, երբ համոզված կլինի, որ կուսկցությունում ժառանգորդության հարցը բարեհաջող լուծված է։

Իսկ այսօր ՀՀԿ առաջին փոխնախագահ, այլ խոսքով՝ փաստացի ղեկավար է ընտրվել Սերժ Սարգսյանի «աջ ձեռքը»՝ Վիգեն Սարգսյանը, ով երկար տարիներ եղել է երրորդ նախագահի աշխատակազմի ղեկավարը ու դեռ 2017-ի խորհրդարանական ընտրություններում գլխավորել է ՀՀԿ համամասնական ցուցակը։ Դեռ այն ժամանակ ակտիվորեն խոսվում էր, որ հենց Վիգեն Սարգսյանն է դառնալու Սերժ Սարգսյանի ժառանգորդը։ Իհարկե, այն ժամանակ ՀՀԿ-ն իշխանության ղեկին էր, ու բոլորը խոսում էին, որ Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին փոխարինելու է 2022-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Սակայն թավշյա հեղափոխությունը երկրում արմատապես վիճակ փոխեց, որը ոչ միայն արագացրեց Վիգեն Սարգսյանի ժառանգորդության հարցը, այլ նաև որակապես փոխեց այն քաղաքական, ինստիտուցիոնալ միջավայրը, որտեղ ՊՆ նախկին նախարարը փոխարինելու է Սերժ Սարգսյանին։

Հիմա Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանից ժառանգում է ոչ թե իշխանությունը, կամ այն համակարգը, որը քսան տարի փոխակերպել է պետական իշխանությանը, այլ՝ ընդամենը մի կուսակցություն, որը ապրում է տրանսֆորմացիայի բարդ փուլ։

Օրվա ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ճիշտ աշխատանքի դեպքում Հանրապետական կուսակցությունը ընտրություններում երկրորդ տեղի ամենամեծ հավակնորդն է: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի կառավարության միակ այլընտրանքային ընդդիմությունն է։ Նույն թեզը քիչ առաջ ավարտված ասուլիսում կրկնեց Վիգեն Սարգսյանը, ով արտահերթ ընտրություններում գլխավորելու է ՀՀԿ համամասնական ցուցակը։ Սարգսյանն ավելի առաջ գնաց՝ հայտարարելով, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում հայտ ներկայացրած միակ ընդդիմադիր կուսակցությունն է։

ՀՀԿ-ում համարում են, որ Վիգեն Սարգսյանի դեմքով իրականացրել են ռեբրենդինգ ու այժմ հանրությանը կարող են ներկայանալ ընդդիմության դեմքով։ Սա համոզիչ չէ նույնիսկ կերպարային ասոցացիայի հարթության վրա․ ինչպես նշեցինք՝ Վիգեն Սարգսյանն արդեն մեկ անգամ ղեկավարել է ՀՀԿ համամասնական ցուցակը՝ 2017-ին, երբ կուսակցությունը քրեաօլիգարխաիայի ցուցանակն էր, նախկին համակարգի կոնսեսնսուսը։

Սակայն խնդիրը Վիգեն Սարգսյանի անձը չէ․ նա իսկապես ՀՀԿ-ի, այպես կոչված, քաղաքական թևի ներկայացուցիչ է ու ունի քաղաքական գործչի որակներ։ Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն՝ իր էությամբ, չի կարող լինել այլընտրանք գործող իշխանությանը, չի կարող հավակնել ընդդիմության առանցքի դերին։

Նախ՝ ՀՀԿ-ն ընդամենը յոթ ամիս առաջ իշխանությունից հեռացել է ոչ թե դասական քաղաքականության կանոններով, այսինքն՝ ընտրությունների միջոցով, այլ՝ ըստ էության, դուրս է շպրտվել հասարակության կողմից։ Ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն անցած յոթ ամիսներին ոչ միայն չի արդիականացվել, չի ադապտացվել նոր իրականությանը, այլ շարունակել է մնալ մայիսի 1-ի սինդրոմի՝ հակահեղափոխական ռևանշի դիրքերում։

Խնդիրն անգամ այն չէ, որ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ կուսակցության ղեկին՝ ակտուալ պահելով հեղափոխության «Մերժիր Սերժին» կարգախոսը․ կուսակցությունն անցած յոթ ամիսներին ոչ միայն չի համակերպվել հեղափոխության անշրջելիության փաստի հետ, այլ առիթը բաց չի թողել հին համակարգի ռեստավրացիան իրականություն դարձնելու համար։ Փոքր դրվագները թվարկելու անհրաժեշտություն թերևս չկա․ բավական է հիշել, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո հենց ՀՀԿ-ն ձեռնամուխ եղավ նրա ակտիվ աջակցությանն՝ անգամ չբացառելով, որ հնարավոր է համարում նոր առանցքի ձևավորումը երկրորդ նախագահի շուրջ, ՀՀԿ-ն էր հոկտեմբերի 2-ի խորհրդարանական խռովության գլխավոր ոգեշնչողը ու վերջապես՝ այս կուսակցությունը խորհրդարանում երկու անգամ տապալեց ԸՕ բարեփխումները։ Սրան գումարենք այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն միջազգային կառույցներում հատկապես՝ Եվրախորհրդի ու Եվրամիության հարթակներում ու Ռուսաստանում, հետևողական պայքար է մղել թավշյա հեղափոխության ու նոր Հայաստանի դեմ։

Այս համատեսքտում միանգամայն համարժեք է պնդումը, որ ՀՀԿ-ն չի կարող հավակնել հիմնական ընդդիմության կարգավիճակին՝ հենց միայն այն պատճառով, որ չի ընդունում հեղափոխության համատեքստը, իսկ հեղափոխությանն ընդդիմություն չի լինում, որովհետև դա արդեն նույնանում է ռևանշիզմի կամ հին համակարգի ռեստավրացիայի հետ։

ՀՀԿ-ն այսօր էլ հույսը դրել է ոչ թե հասարակության աջակցության վրա, այլ՝ պարզ տեքստով գործարք է առաջարկում Նիկոլ Փաշինյանին։ Քիչ առաջ Վիգեն Սարգսյանն ասել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը քվեախցում մենակ մնա, պետք է քվերակի ՀՀԿ-ի օգտին՝ այլընտրանք ունենալու անհրաժեշտությմաբ։ Այլ խոսքով՝ ՀՀԿ-ն Փաշինյանին առաջարկում է «սպիտակների» ու «սևերի» հակադրության թեզի վերականդանացում, ինչը թույլ կտա ձևավորել երկբեևառանոց իռացիոնալ համակարգ՝ քաղաքական համակարգի վերջնական փոշիացման, ոչնչացման հաշվին։

Եթե ՀՀԿ-ն է դառնում Նիկոլ Փաշինյանի իշխանության այլընտրանքը, ապա հեղափոխության կապիտալիզացիա ոչ միայն տեղի չի ունենում, այլ ընտրությունների արդյունքներով լեգիտիմացվում է հակահեղափոխության ռևանշի հնարավորությունը, ինչը չափազանց մեծ ռիսկեր է ծնում Հայաստանի զարգացման տեանկյունից։

Խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հայտը գուցե այս պահին չի սպառնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ վերջինիս համար լինելով նույնիսկ հարմար ընդդիմության մոդել, բայց կասկածի տակ է դնում հեղափոխության հաղթանակը։ Եթե համաժողովրդական հուժկու շարժումն առաջիկա ընտրություններում չկարողնա ծնել հեղափոխության համատեքստին հավատարիմ իշխանություն և ընդդիմություն, ապա ստիպված ենք արձանագրել, որ քաղաքական վակուումը շատ արագ լցվելու է նախկին համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի ասոցացվող ուժերով՝ կասկածի տակ դնելով ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունների պատմականությունը։

Նման բան հասարակությունը թույլ տալ չի կարող։