Նվիրված աշխատանքի արդյունքում՝ Երևանի հենակետային բժշկական քոլեջ – Լուսանկարներ

Երևանի հենակետային բժշկական քոլեջը` Հայաստանում միջին մասնագիտական բժշկական կրթությամբ կադրերի պատրաստման առաջին ուսումնական հաստատությունն է: Քոլեջը 97-ամյա պատմություն և հարուստ ավանդույթներ ունեցող կրթօջախ է:

Այս տարիների ընթացքում քոլեջը ՀՀ առողջապահության համակարգին տվել է տասնյակ հազարավոր միջին մասնագիտական կրթությամբ կադրեր, որոնք նպաստել են համակարգի գործունեությանն ու կայացմանը:

Այս գործում, ինչպես նաև հանրապետությունում
բժշկական քոլեջների զարգացման աշխատանքներում մեծ ավանդ է ներդրել 1992 թ.-ից Երևանի հենակետային բժշկական քոլեջի երկարամյա ղեկավար, խորհրդի նախագահ Մկրտիչ Էմիլի Մկրտչյանը:

Քոլեջի անցած ճանապարհի, ձեռքբերումների, իրականացրած աշխատանքների մասին զրուցեցինք տնօրենի պաշտոնակատար Նաիրա Ներսիսյանի հետ:

Տիկին Ներսիսյան, ո՞ր թվականին է հիմնադրվել, շուրջ մեկդարյա պատմություն ունեցողԵրևանի հենակետային  բժշկական քոլեջը /քոլեջի անցած ճանապարհը/ :

Հայաստանում միջնակարգ բժշկական կրթությամբ կադրերի պատրաստումը սկսվել է 1921 թ.-ից բժիշկ Գրիգոր Արեշյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի 1-ին ծննդատան բազայի վրա, որն էլ դարձավ Հայաստանի մայր բժշկական ուսումնարանի հիմնաքարը :1978 թ. Երևանի բժշկական ուսումնարանը արժանացավ բազային բժշկական ուսումնարանի կոչմանը, որը ՀՀ կառավարության որոշման և ՀՀ ԱՆ հրամանով 2003 թ. վերակազմավորվեց որպես ՙԵրևանի պետական հենակետային բժշկական քոլեջ՚ պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ ՊՈԱԿ, որն էլ իր հերթին ՀՀ կառավարության  որոշման և Հայաստանի Հանրապետության ԿԳ նախարարի  հրամանի համաձայն 2017 թ.  վերակազմավորվել է ՙԵրևանի հենակետային բժշկական քոլեջ՚ 100 տոկոս պետական մասնակցությամբ  փակ բաժնետիրական ընկերություն, որը համարվել է ՙԵրևանի պետական հենակետային բժշկական քոլեջ՚-ի իրավահաջորդը:

Քոլեջի հենքի վրա և օգնությամբ տարիների ընթացքում հանրապետությունում բացվել են այսօր գործող բոլոր միջին մասնագիտական պետական բժշկական ուսումնական հաստատությունները : Ուսումնական գործընթացի կազմակերպման, մանկավարժական առաջավոր մեթոդների և տեխնոլոգիաների կատարելագործման, ընդհանրացման, փորձի փոխանակման, կազմակերպման, մասնագիտական առարկաների դասավանդման առաջավոր փորձի կիրառման, բազմաթիվ ուսումնական դասագրքերի և ձեռնարկների ստեղծման, բնագավառի պետական մյուս կրթօջախների համապատասխան ստորաբաժանումների հետ պարբերաբար անցկացվող սեմինարների և խորհրդատվությունների արդյունքում,  քոլեջը համարվում է հենակետային: Այն ունի  հարուստ նյութատեխնիկական բազա և դասավանդող որակյալ կադրեր:

Ուսումնական գործընթացը, ինչպիսի՞ պայմաններում է կազմակեպվում:

Քոլեջի ուսումնական գործընթացը, նյութատեխնիկական բազան համապատասխանեցվել են կրթական չափորոշիչների պահանջներին: Քոլեջում ուսանողների համար ստեղծվել են լավագույն պայմանները՝ տեսա – լսողական սարքերով, տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներ և լսարաններ՝ համապատասխանեցված կրթական չափորոշիչների պահանջներին: Այդ ամենն, ըստ մասնագիտությունների: Ամբիոնների դասախոսների կողմից, մեթոդական կաբինետի երաշխավորությամբ և Հանրապետության անվանի մասնագետների գրախոսականներով մշակվել և տպագրվել են շուրջ 60 անուն ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր՝ հայերեն լեզվով, նախատեսված միջին մասնագիտական կրթությամբ բուժաշխատողների համար և այդ բոլորը տրամադրվել են նաև հանրապետության մյուս մասնագիտական պետական բժշկական ուսումնական հաստատություններին: Ստեղծվել է հարուստ ֆիլմադարան, որը բաժանվել է համապատասխան ամբիոններին:

Ժամանակի ընթացքում փոխվում են գործատուների պահանջները՝ կրթվող կադրերի նկատմամբ: Այժմ պահանջարկ ունի գործնական բարձր հմտությունների տիրապետող մասնագետը, ով արագ կարողանում է կողմնորոշվել տվյալ իրավիճակում և ցուցաբերել համակարգված օգնություն: Այդ է պատճառը, որ հանրապետությունում միջին մասնագիտական կրթության բնագավառում ներդրվել է պետական կրթական չափորոշիչների մոդուլային ձևը, որի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել կարողությունների վրա հիմնված ուսուցում:

Մոդուլային ուսուցումը ո՞ր թվականից է իրականացվում:

2013 թ.-ից ԿԳ նախարարության կողմից փորձնական նպատակով քոլեջում իրականացվում է մոդուլային ուսուցում հետևյալ մասնագիտություններով՝ ՙԴեղագործություն՚, ՙՄանկաբարձական գործ՚, ՙԲուժական կոսմետոլոգիա՚, իսկ 2017 թվականից ՙԱտամնատեխնիկական գործ՚ մասնագիտություններով: Ի դեպ, մոդուլային ուսուցումը իրականացվում է հաստատված պետական կրթական չափորոշիչներով: Կատարվել են ծրագրային փոփոխություններ, ամբիոնների կողմից մշակվել են օրինակելի ուսումնական պլաններ և մոդուլային ծրագրեր, ստեղծվել են մեթոդական մշակումներ, ուսումնական ձեռնարկներ, ուսումնառության, ուսանողների ինքնուրույն աշխատանքների համար նյութեր, գործնական պարապմունքների ուղեցույցներ, տեսալսողական և տեխնիկական միջոցներ:

Այս համատեքստում մեծ աշխատանքներ են տարվել և ներդրվել է պետական կրթական չափորոշիչների մոդուլային ձևը:

Ժամանակի թելադրանքով առաջացել է անհրաժեշտություն՝ վերանայել առարկաների դասավանդման մեթոդները: Քոլեջի մեթոդ կաբինետի կողմից ուսումնական գործընթացում ներդրվել են և կիրառություն գտել ակտիվ, համագործակցային ուսուցման մեթոդները, որոնց հիմնական սկզբունքներն են՝ խթանել ուսանողի ուսումնաճանաչողական ակտիվ գործունեությունը, զարգացնել կլինիկական մտածողություն, տրամաբանություն, հաղորդակցման արվեստ, մարդու առողջության պահպանման հետ կապված ճիշտ որոշումներ ընդունելու և ընդունած որոշումների և գործողությունների համար պատասխանատու լինելու կարողություն: Ուսումնական գործընթացում ակտիվ մեթոդների ներդրման համար առաջին հերթին անհրաժեշտ էր վերապատրաստել  կրթողներին: Դրա համար կազմակերպվում են սեմինարներ, բաց դասեր, կլոր սեղաններ, ինչպես նաև քոլեջի դասախոսները հաճախ մասնակցում են ՀՀ կրթության և գիտության ու առողջապահության նախարարությունների, նաև՝ ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից կազմակերպվող մեթոդամանկավարժական և մասնագիտական դասընթացներին:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ՙԵրևանի հենակետային բժշկական քոլեջ՚-ը իրականացնում է միջին մասնագիտական բժշկական կրթություն, միջնակարգ (լրիվ) և հիմնական ընդհանուր կրթության հիմքերով:

Ի՞նչ բաժիններ են գործում հենակետային քոլեջում:

Քոլեջում իրականացվում է միջին մասնագիտական բժշկական կրթություն հետևյալ մասնագիտություններով` քույրական գործ, մանկաբարձական գործ, դեղագործություն, ատամնատեխնիկական գործ, բուժական կոսմետոլոգիա՝ ուսուցումը առկա է:

Գործնական պարապմունքները, ուսումնաարտադրական պրակտիկաները ո՞ր կազմակերպություններում են անցկացվում: 

Պրակտիկայի բաժինը մասնագիտական կրթության ձևավորման կարևորագույն ուղղորդողն է, որը կազմակերպում է ուսումնական, ուսումնաարտադրական, նախադիպլոմային արտադրական պրակտիկաները: Ստեղծվում է սերտ համագործակցություն քոլեջի և մասնագիտական բժշկական բազաների միջև: Արդյունքում՝ ուսանողը լիարժեք պատկերացնում է  իր ապագա մասնագիտությունը, շփվում է պացիենտի հետ, սովորում է նրա հետ ճիշտ վարվելաձևը, առնչվում է նրա խնամքի, բուժման, նրա հետ հաղորդակցման, ինչու ոչ նաև՝ նրան ուսուցանելու հարցերին:

Գործնական պարապմունքները, ուսումնաարտադրական և արտադրական պրակտիկաները, այսինքն՝ պրակտիկ կլինիկական ուսուցումը կազմակերպվում է Երևանի  բուժկանխարգելիչ հիմնարկներում` պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, գիտաբժշկական կենտրոններում, ծննդատներում, կոսմետոլոգիական կենտրոններում, ինչպես նաև՝ բոլոր մարզերի կենտրոնական հիվանդանոցներում, դեղատներում՝ կնքված պայմանագրերի համաձայն: Բազաներում ուսանողների աշխատանքները կազմակերպում և իրագործում են փորձառու մեթոդ ղեկավարները: Նախաավարտական պրակտիկայից հետո ուսանողները հանձնում են պետական ամփոփիչ ատեստավորման քննություններ և ստանում դիպլոմ: Քոլեջն ավարտող լավագույն շրջանավարտներից շատերն ընդունվում են աշխատանքի հիմնականում մեր պայմանագրային պրակտիկայի բազաներում:

Ուսանողներին, հայրենասիրական ոգով դաստիարակելու ուղղությամբ աշխատանքներ իրականացվո՞ւմ են:

Յուրաքանչյուր ուսումնական հաստատության հիմնախնդիրներից մեկն է՝ մեր երկրին տալ ոչ միայն որակյալ մասնագետներ, այլև հայրենասեր, կիրթ, գրագետ շրջանավարտներ: Բացի բուն ուսումնական գործընթացից, քոլեջը արտաուսումնական շատ հագեցած առօրյա ունի: Այստեղ կրթադաստիարակչական գործունեությունը զուգակցվում է ազգային հայրենասիրական գաղափարներով, մարզական առողջ ոգով և արվեստի բարձր արժեքներով: Ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվում են մշակութային, ռազմահայրենասիրական բազմաթիվ միջոցառումներ:

Քոլեջն իր մարզական ձեռքբերումներով երկար տարիներ մեր երկրի դրոշն ու պատիվը բարձր է պահել՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս:՝ Հպարտության է արժանի, քոլեջի ՙՆժդեհ՚ անունը կրող վոլեյբոլի աղջիկների թիմը, որը 4 անգամ դարձել է համահայկական խաղերի չեմպիոն, 13 անգամ նվաճել է ՀՀ չեմպիոնի կոչումը, 14-ակի գավաթակջր է, Երևան քաղաքի 16-ակի չեմպիոն, բազմակի անգամ՝ միջազգային տարբեր մրցաշարերի հաղթող: 2018 թ. մայիսին ՀՀ վոլեյբոլի կանանց բարձրագույն խմբի 2018 թ. առաջնության առաջին փուլում թիմը գրավել է  պատվավոր 1-ին տեղը:

Այս գործում էլ մեծ ավանդ է ներդրել 1992 թ.-ից Երևանի հենակետային բժշկական քոլեջի երկարամյա ղեկավար, խորհրդի նախագահ, վոլեյբոլ մարզաձևի նվիրյալ՝ Մկրտիչ Էմիլի Մկրտչյանը:

Համալիր աշխատանքներ են տարվում, որոնց շնորհիվ, որին մասնակից են դասախոսները, ուսանողները, ունենում ենք կանխատեսելի և սպասելի արդյունքներ: Ավելի քան 97 տարի շարունակ քոլեջը ոչ միայն պարզապես կադրեր է պատրաստել առողջապահության համակարգի միջին մասնագիտական սեկտորի համար, այլ նաև կյանք ուղղել հայրենիքի համար իր աշխատանքի կարևորությունը գիտակցող, ազգային արժեքները գնահատող, առողջ ապրող ու դատող երիտասարդներ, որոնք ոչ միայն պատշաճ կրթություն, կայուն գիտելիքներ են ստացել և դարձել որակյալ մասնագետներ, այլև ձեռք են բերել մարդկային բազմաթիվ դրական հատկանիշներ, մարդկային որակներ, որոնց պետք է տիրապետի մասնագետը թիմում աշխատելու, այլ անձանց հետ հաղորդակցվելու, աշխատանքային կոլեկտիվում իրեն դրսևորելու և այլ՝ բոլոր առումներով: Մեր շրջանավարտներն աշխատում են Երևանի առաջատար բուժհիմնարկներում, մարզերում, շարունակում են ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում: Պատահական չէ, որ քոլեջի դիպլոմը ճանաչվում է ԱՄՆ-ի բոլոր Նահանգներում, եվրոպական մի շարք երկրներում, ԱՊՀ բոլոր երկրներում:

Արտասահմանյան նմանատիպ ուսումնական հաստատությունների հետ համագործակցու՞մ եք:

Փոխադարձ այցելությունների միջոցով համագործակցություններ են հաստատվել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության ուսումնագիտամեթոդական կենտրոնի, Բելգիայի Տուրնաուտ քաղաքի Հիվսենտ բժշկական քոլեջի, Էստոնիայի Տարտու քաղաքի համալսարանի, Վիլնյուսի բժշկական քոլեջի հետ: Մեթոդական օգնություն ենք ստացել Նորվեգիայից, Շոտլանդիայից ժամանած մասնագետների կողմից: Քոլեջի դասավանդողները մասնակցել են Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում կազմակերպված սեմինարներին, կոնֆերանսներին և վերապատրաստման դասընթացներին: Վերապատրաստումների ընթացքում ձեռք բերած բոլոր նորությունները ներդրվել են քոլեջի ուսումնական գործընթացներում:

Քոլեջը ներգրավվել է Հայաստանում գործող մի շարք միջազգային ծրագրերի,  Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ՙԸնտանեկան բուժքույրերի՚ հետդիպլոմային վերապատրաստման ծրագրերում, այսինքն՝ իրականացվել է նաև լրացուցիչ կրթական ծրագիր, որի արդյունքում Հանրապետության առողջապահության համակարգի առաջնային օղակներում աշխատող թվով 793 բուժքույրեր կրթվել են որպես ՙընտանեկան բուժքույրեր՚ և ստացել են վկայականներ:

Դոնոր կազմակերպությունների աջակցությամբ 2006 – 2010 թթ.՝ համագորցակցելով Առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի հետ, իրականացվել է թվով 465 գյուղական բուժական մանկաբարձական կետերի և 35 բուժամբուլատորիաների բուժքույրերի 6-ամսյա վերապատրաստում՝ բուժքույրության ծրագրով: Ուսուցման ժամանակ հատկապես շեշտը դրվել է անհետաձգելի նախաբժշկական օգնության, խնամքի և բուժման նորագույն մեթոդների վրա :

Մանկաբուժության՚ ամբիոնը սերտ համագործակցում է Արաբկիր բժշկական համալիրի ՙԵրեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի՚ հետ, ունենք համատեղ մշակված ուսումնամեթոդական ձեռնարկներ:

Մեր քոլեջը մշտապես սերտ կապի մեջ է պրակտիկ առողջապահության ոլորտի` ՙԲուժքույրերի միավորում՚ հասարակական կազմակերպության հետ, քանի որ համաշխարհային առողջապահության ոլորտում պարբերաբար տեղի են ունենում բարեփոխումներ, որտեղ հատկապես շեշտվում է, որ քույրական գործը առողջապահության բաղկացուցիչն է, և այն ունի իր ուրույն դերը այդ շրջանակներում: Համագործակցելու նպատակն է` համախմբել բուժքույրերի ջանքերն ու հնարավորությունները զարգացնելու քույրական գործը Հայաստանում, նպաստել բուժքույրերի մասնագիտական գիտելիքների և փորձի խորացմանն ու ընդլայնմանը, նրանց խնդիրների լուծմանը, համագործակցությանը՝ օտարերկրյա քույրական կազմակերպությունների հետ:

Զրուցեց՝ Մանվել ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...