Ովքե՞ր են լինելու փողոցի նոր հերոսները դեկտեմբերի 9-ից հետո

- in Վերլուծական
cuyc 1

Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿ-ը չմասնակցեց, սակայն այն ժամանակ հայտարարությամբ աջակցեց «Իմ քայլը» դաշինքին, ինչը նույնիսկ բնական համարվեց՝ հետհեղափոխական որոշակի առանձնահատկություններ հաշվի առնելով։

Ռեյտինգային ընտրակարգի պահպանումը դարձավ վերջին առիթը, ոպեսզի ՀԱԿ-ն իրեն դուրս դնի նաև խորհրդարանական ընտրապայքարից, սակայն այս պարագայում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը հանդես է եկել ոչ թե զորակցող հայտարարությամբ, այլ որոշակի անալիզով ու կանխատեսումներով, որոնց տողատակում ուշագրավ քաղաքական ուղերձներ կան։

«Ռեյտինգային ընտրակարգի պահպանումն իր հերթին լուրջ հարված էր թե՛ քաղաքական համակարգին՝ խոչընդոտելով դրա առողջացմանն ու զարգացմանը, թե՛ ընտրությունների դեմոկրատական բնույթին: Որպես հետևանք, անխուսափելիորեն խնդիրներ են առաջանալու ողջ պետական համակարգի վերակառուցման և առողջացման առումով»,- ասված է ՀԱԿ-ի երեկ տարածած հաղորդագրության տեքստում։

Դժվար չէ նկատել, որ Տեր-Պետրոսյանի շրջապատում կասկածում են, թե ընտրական նման գործընթացի արդյունքում հնարավոր է ձևավորել որակյալ խորհրդարան, իշխանություն, ինչի մասին ակնարկում են գրեթե բաց տեքստով։ ՀԱԿ-ի այս մտահոգությունն անշուշտ անհիմն չէ, որովհետև արդեն իսկ հրապարակված համամասնական ցուցակները հուշում են, որ քաղաքական լիարժեք պայքարի պոտենցիալ պարզապես գոյություն չունի, և առաջիկա ընտրությունները ծրագրային չեն լինելու։ Իշխանության որակի հարցում ընտրությունների քաղաքական բաղադրիչը ոչ պակաս կարևոր է, որքան ընթացակարգային հարթության վրա դրանց օրինական լինելը։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հավաստիացնում էր, որ ունենալու ենք Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաիդեալական ընտրոթյունները։ Բնավ կասկածի տակ չենք դնում Փաշինյանի պնդումները, ու դեկտեմբերի 9-ին թերևս ամեն բան դրական կլինի ընթացակարգային առումով։ Մյուս կողմից՝ գրեթե նույն վստահությամբ կարող ենք պնդել, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները համարյա ոչնչով չեն նպաստելու Փաշինյանի իշխանության որակի բարձրացմանը կամ որակյալ ընդդիմության ձևավորմանը։

«Ընտրությունների ավարտից հետո Կոնգրեսը հանրությանը կներկայացնի փոփոխությունների իր առաջնահերթությունները և, գործելով խորհրդարանից դուրս, կփորձի համախմբել հասարակությունը այդ օրակարգի շուրջ»,- ասված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության վերջաբանում։

ՀԱԿ-ն իր վրա բավականին ծանր պատասխանատվություն է վերցնում, ու թերևս այնքան էլ վստահ չենք, որ կուսակցության ռեսուրսները, քաղաքական ու կազմակերպչական այսօրվա պոտենցիալը թույլ կտան, որպեսզի կարողանա իրականացնել այդ առաքելությունը։ Սակայն շատ ավելի էական է, որ քաղաքական ուղերձի տեսքով հենց այս պահին կանխատեսվում է մի իրավիճակ, որը շատ հավանական է առաջիկա տարիների ընթացքում։

Շատ կարևոր է, որպեսզի խորհրդարանում դեմոկրատական ընդդիմության ձևավորմանը զուգահեռ՝ հեղափոխության թիկունքն ապահովված լինի նաև դրա պատերից դուրս, որովհետև ակնհայտ է, որ երկու-երեք տարի անց դեկտեմբերի 9-ին ձևավորվելիք խորհրդարանը զգալի չափով կորցնելու է իր քաղաքական լեգիտիմությունը։ Սա ստանդարտ իրավիճակ է հետհեղափոխական բոլոր իշխանությունների համար, որոնք, որպես կանոն, կայանում են էյֆորիկ տրամադրությունների հենքով։

Մյուս կողմից՝ հայկական հեղափոխության մյուս առանձնահատկությունն այն է, որ այն չի ունեցել քաղաքական հարթակ, ու շատ մեծ խզում կա Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի միջև, որը, մեղմ ասած, օժտված չէ քաղաքական պրոֆեսիոնալ որակներով։ Այլ խոսքով՝ ձևավորվում է անձնակենտրոն համակարգ, որը խոցելի է բոլոր առումներով։ Հայկական հեղափոխությունը ինստիտուցիոնալիզացված չէ ու հենված է մեկ մարդու հեղինակության, խարիզմայի վրա։ Խորհրդարանական ընտրություններն այս առումով ոչինչ չեն փոխելու։ Նման համատեքստը վաղ թե ուշ հարուցելու է որոշակի ինստիտուցիոնալ ճգնաժամ ու նաև՝ լարվածություն փողոցում։

Այդ մասին է ակնարկում ՀԱԿ-ը, ու արժե խորհել այդ մասին՝ մանավանդ, որ ամիսներ անց հասարակական հնարավոր դժգոհությունը քաղաքական մոդելավորման անհրաժեշտություն է ունենալու։ Գուցե այդ առաքելությունը ՀԱԿ-ը իրականացնել չկարողանա, սակայն արդեն իսկ դրական է, որ այս պահին բարձրաձայնում է այդ մասին։

Դեկտեմբերի 9-ի ընտրություններով հեղափոխության թիմը վերջնականապես կտրվելու է փողոցից, ու շատ էական է, թե ովքեր են լինելու դրա նոր հերոսները։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...