Սարի Թաղում ծեծկռտուքի հետևանքով վեց հոգի դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց, 16-ամյա տղան մահացել է

- in Իրավունք
Danakaharutyun

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց Նարեկ և Դավիթ Պետրոսյանների գործով դատական քննությունը:

25-ամյա Նարեկն ու 26-ամյա Դավիթը եղբայրներ են: Նրանք 2016 թվականի մարտի 13-ին, ժամը 21-ի սահմաններում Սարի Թաղի թիվ 47 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկռտուքի մասնակիցներ են եղել:

Ըստ մեղադրանքի՝ եղբայրներից մեկը՝ «Թիթեռնիկ» տեսակի դանակով, մյուս եղբայրը՝ ծալովի դանակով կտրած-ծակած վնասվածքներ են հասցրել իրենց հետ կռվող մի խումբ երիտասարդների, որոնցից վեցը տեղափոխվել են հիվանդանոց:

Սրտին հասցված դանակի հարվածից հիվանդանոցում մահացել է տուժողներից՝ անչափահաս, Վարդաշենի թիվ 9 ուսումնարանի 3-րդ կուրսի ուսանող, 16-ամյա Արմեն Բ.-ն:

Ծանր և միջին ծանրության վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել ևս հինգ երիտասարդներ՝ 18-ամյա Ռոբերտ Կ.-ն, Սերգեյ Օ.-ն, Սամվել Գ.-ն, Լևոն Բ.-ն՝ սպանված Արմենի եղբայրը, և 19-ամյա Ժորա Ա.-ն: Վերջինը վնասվածք էր ստացել ազդրային շրջանում, Լևոնը՝ պոչուկային շրջանում, մյուսները՝ հիմնականում կրծքավանդակի ու գոտկային շրջաններում:

Վիրավորներին հիվանդանոց տեղափոխող «ՎԱԶ-2108» մեքենան ճանապարհին բախվել էր կայանված մի «Մերսեդեսի», ի վերջո վիրավորներին հիվանդանոց էին հասցրել մեկ այլ՝ «ԲՄՎ» մեքենայով:

Մեկ օր անց ոստիկանության Նոր Նորքի բաժին ինքնակամ ներկայացել էին եղբայրներ Դավիթ և Նարեկ Պետրոսյանները, ովքեր հայտարարել էին, թե իրենք են եղել Սարի Թաղի ծեծկռտուքի մասնակիցները:

Ըստ մեղադրանքի՝ նրանք դանակով հարվածներ են հասցրել իրենց հետ կռվողներին:
Նարեկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և տուժողների առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Դավիթ Պետրոսյանին մեղադրանք է առաջարդվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու և դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Այս գործը դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթ է ընդունվել 2 տարի առաջ:

Դատարանը դեռ վկաների հարցաքննության փուլում է: Այս գործով դատարան չեն ներկայանում ոչ միայն վկաները, այլ նաև տուժողները: Բազմաթիվ դատական նիստեր հետաձգվել են հենց վկաների, տուժողների չներկայանալու պատճառով:

Դատական այս նիստին ռազմական ոստիկանության միջոցով դատարան էր ներկայացվել գործով վկա, ներկայումս պարտադիր ժամկետային զինծառայող Լևոն Բ.-ն: Նա սպանված Արմենի ավագ եղբայրն է:

Արմենը դեպքի պահին նույնպես վնասվածք էր ստացել պոչուկի հատվածում՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք: Գործի նախաքննության սկզբում 17-ամյա Լևոն Բ.-ն անչափահաս տուժողի կարգավիճակ ուներ, սակայն քննության ընթացքում դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ որոշվել է նրան պատճառված վնասվածքի ծանրության աստիճանը, և նրան վնասվածք պատճառողին՝ Դավիթ Պետրոսյանին, պետք է մեղադրանք առաջադրվեր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, եթե տուժող Լևոնը բողոքեր ու պնդեր, որ այդ արարքի համար Դավիթ Պետրոսյանը ենթարկվի քրեական պատասխանատվության: Սակայն Լևոնը Դավիթի դեմ չի բողոքել, և նրա կարգավիճակը փոխվել է՝ նա այս գործով վկայի կարգավիճակ ունի:

Լևոնը, ճիշտ է, ծառայության վայրից ներկայացվել էր դատարան, սակայն նա կտրականապես հրաժարվեց դատարանի դահլիճ մտնել՝ հայտարարելով, թե չի ցանկանում տեսնել իր եղբորը սպանողներին:

Դատարանի ջանքերը՝ բացատրական աշխատանք տանել ու վկային դատարանի դահլիճ բերել՝ ապարդյուն էին: Ի վերջո՝ վկան դիմում գրեց դատարանին, որ կտրականապես հրաժարվում է մտնել դատարանի դահլիճ:

Լևոն Բ.-ին դատարան ներկայացրած ռազմական ոստիկանության ծառայողն իր հերթին զեկուցագիր գրեց դատարանին՝ նշելով, որ Լևոն Բ.-ն հրաժարվում է մտնել դատարանի դահլիճ:

Ստեղծված իրավիճակում մեղադրող Ա. Բարսեղյանը միջնորդեց հրապարակել Լևոն Բ.-ի նախաքննական ցուցմունքները:

Ամբաստանյալ եղբայրների շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ս. Խչեյանն առարկեց մեղադրողի միջնորդության դեմ՝ նշելով, որ օրենքով նախատեսված չէ, որ վկայի՝ դատարան ներկայանալու, բայց դատարանի դահլիճ մտնելուց հրաժարվելու դեպքում նրա նախաքննական ցուցմունքները հրապարակվեն:

Դատարանը, սակայն, ստեղծված իրավիճակը գնահատեց հետևյալ կերպ՝ արդեն երկրորդ անգամ է Լևոն Բ.-ն ներկայացվում դատարան և կտրականապես հրաժարվում է դատարանի դահլիճ մտնելուց: Դատարանը սա դիտարկեց՝ որպես վկային դատարանում հարցաքննելու անհնարինություն՝ նկատի առնելով նաև, որ դատարանը բոլոր միջոցները գործադրել է վկայի ներկայությունը ապահովելու համար, սակայն դատարանը իրավասու չէ վկային, նրա կամքին հակառակ, ստիպողաբար դատարանի դահլիճ մտցնելու…

Դատարանը որոշեց հրապարակել վկա Լևոն Բ.-ի նախաքննական ցուցմունքները:

Լևոնը, ինչպես և նրա կրտսեր եղբայրը, դեպքի ժամանակահատվածում սովորում էր Վարդաշենի թիվ 9 ուսումնարանում: Նրանց ընտանիքը Սարի Թաղում գտնվող իրենց տանից մոտ 700 մետր հեռավոևության վրա խանութ ուներ:

Դեպքի օրը՝ 2016 թվականի մարտի 13-ին, ուսումնարանում դաս չկար՝ ըստ Լևոնի նախաքննական ցուցմունքի, ինքն ու ծնողները տանն էին, իսկ եղբայրը գնացել էր խանութը բացելու և աշխատեցնելու:

Օրվա ընթացքում Լևոնը խանութում փոխարինել է եղբորը, վերջինս տուն է գնացել: Ըստ Լևոնի՝ Արմենը ոչինչ չի ասել՝ որևէ խնդիր ունենալու վերաբերյալ:

«Մթնշաղին մոտ» Լևոնը նորից գնացել է խանութ, բայց եղբայրն արդեն այնտեղ չէր, միայն խանութի աշխատողն էր: Լևոնը դուրս է եկել խանութից, թիվ 47 դպրոցի մոտով՝ իր ամենօրյա ճանապարհով, քայլել է դեպի տուն: Դպրոցի մոտ տեսել է իր մի խումբ ընկերներին՝ թե քանի հոգի էին, ստույգ չգիտի: Լևոնը տեսել է, որ եղբայրը՝ Արմենը, ու ինչ-որ անծանոթ տղա քիչ հեռվում առանձին խոսում են:

Մոտ տասը րոպե անց Արմենն ու այդ տղան մոտեցել են հավաքվածներին: Արմենն ասել է. «Սաղ ախպերություն ա, պրոբլեմ չկա»: Լևոնի ընկերներից մեկն էլ ավելացրել է. «Սաղ հալալ ախպերություն ա»:

Հակառակորդ խմբից մի տղա ընդդիմացել է «հալալ» բառի դեմ՝ ասելով. «Հալալը ո՞րն ա, մենք իրար չենք ճանաչում, ուղղակի՝ ախպերություն…»:

Լևոնի ընկերներից մեկն ասել է. «Ա՛յ ախպեր, ուրախ պիտի լինես, որ իրար չենք ճանաչում ու «հալալ ախպեր» ենք ասում»:

Բայց հակառակորդ խումբը, չգիտես ինչու՝ չի ուրախացել: Հակառակը՝ սկսվել է հրմշտոց ու քաշքշոց: Եվ «գնացել է խփոցին»:

Ցուցմունքի այս մասում Լևոն Բ.-ի հարցաքննությունն ընդհատվել է, որովհետև նրա ինքնազգացողությունը վատացել է, պոչուկի հատվածում ստացած վնասվածքն արյունահոսել է: Շտապօգնություն է հրավիրվել, Լևոնը տեղափոխվել է հիվանդանոց:

Լևոնի հարցաքննությունը շարունակվել է երկու օր անց՝ մարտի 16-ին:

Լևոնը նշել է, որ թիվ 47 դպրոցի մոտ գնացել է մենակ, ուղղակի ցանկացել է անցնել դպրոցի մոտով, որ տուն գնա, հավաքվածներին տեսել է պատահաբար: Եղբայրն իրեն ոչինչ չէր ասել ինչ-որ տղաների հետ հանդիպելու մասին… Հավաքվածներից առանձնացած՝ անծանոթ տղայի հետ խոսող եղբորը տեսնելով՝ կանգնել ու սպասել է:

Երբ եղբայրը մոտեցել է, հետո էլ «հալալ ախպերության» վերաբերյալ կողմերը միմյանց չեն հասկացել, «խառը շարժում» է սկսվել, ծեծկռտոց:

Լևոնը նշել է, թե իրեն հրել են կարծես, ինքն ընկել է: Երբ բարձրացել է ընկած տեղից, տեսել է, որ «լիքը մարդ» փախչում էր: Վազել է փախչողների հետևից. «Չեմ զգացել, որ ես էլ եմ վիրավոր…»:

Լևոնը տեսել է, որ իր ընկերներից՝ Ռոբերտը վիրավոր է, քիչ անց Լևոնի հետ վազող Սամվելը նույնպես թուլացել է, ու Լևոնը տեսել է, որ նա էլ է վիրավոր: Այլևս չի վազել: Գրկել է Սամվելին, մինչև ընկերներից ոմանք՝ չի հիշում՝ ովքեր, մոտեցել են, Սամվելին ինչ-որ մեքենայով տարել են հիվանդանոց: Միայն դրանից հետո է Լևոնը զգացել, որ ինքն էլ պոչուկի հատվածում արյունահոսող վերք ունի: Նրան օգնել են, որ տուն գնա, տանից են զանգել շտապօգնություն, իրեն տարել են հիվանդանոց…

Լևոնը նշել է, թե հակառակորդ խմբում 7-9 տղաներ էին՝ իրեն անծանոթ: Երկու տղա իրար նման էին, նրանցից մեկը երկար մազերով, թրաշով էր: Կար նաև «ճպըլ» տղա, որը կեպիով էր…

Լևոնը նշել է, թե վազելու ընթացքում իր եղբորը՝ Արմենին, չի տեսել: Եթե տեսներ՝ եղբոր հետևից կգնար, խառնաշփոթի մեջ չի հասկացել՝ եղբայրը որ կողմ գնաց: Հետո խոսակցություններից իմացել է, որ եղբորը ընկած տեղը դանակահարել էին՝դանակով հարվածել էին կրծքին…

Լևոնը նշել է, թե հետապնդելու ժամանակ երկար մազերով տղայի ձեռքին դանակի նման առարկա է տեսել…

Լևոն Բ.-ն հարցաքննվել է նաև 2016 թվականի ապրիլի 12-ին: Նա հայտնել է, որ հակառակորդ խմբում ճանաչել է իրենց թաղեցի երկու եղբայրներին: Նախկինում իր նշած՝ երկար մազերով ու թրաշովը Դավիթ Պետրոսյանն էր, մյուսը, որ նման էր Դավիթին, նրա եղբայր Նարեկն էր:

Կռվի ժամանակ, երբ տեսել է, որ իր ընկերներից՝ Ռոբերտը կրծքի շրջանում արյունոտ վնասվածք է ստացել, գոռացել է. «Էս դանակո՞վ եք խփում, արա՛…»: Այդ պահին չի իմացել, որ ինքն էլ է դանակահարված՝ դեռ ցավ չի զգացել…

Լևոնը նշել է՝ երբ իրեն տուն են տարել, ինքը չգիտեր, թե որտեղ է եղբայրը: Տնից իրեն տարել են հիվանդանոց: Միայն հաջորդ առավոտյան է ինքն իմացել, որ Արմենը սպանվել է: Հետագա խոսակցություններից լսել է, որ Արմենին գտել են հակառակորդ խմբի տղաներից մեկի տան մոտ՝ փռի մոտ ընկած, պատահական տաքսիով տեղափոխել են հիվանդանոց: Թե ինչպե՞ս էր Արմենը հասել փռի մոտ, ինքը չգիտի… Լսել է, որ Արմենը հետապնդել է Նարեկին…

Լևոնը հայտնել է, որ հակառակորդ խմբի տղաների ձեռքին իր նկատած առարկաները, իր պատկերացմամբ, դանակներ էին, քանի որ իրենցից մի քանիսը հենց դանակի հարվածներից են վնասվածքներ ստացել: Բայց քանի որ մութ էր, ինքը հստակ չի տեսել դանակները ու չի կարող նկարագրել…

Հաջորդ հարցաքննությունը 2016 թվականի հոկտեմբերի 17-ին է եղել: Լևոնը նշել է, որ հակառակորդ խմբի հետևից վազելու ժամանակ հնարավոր է, որ ինքը բռնած լինի Դավիթին, վերջինս էլ իրեն հարվածած լինի: Նարեկին ու իր եղբորը այդ ընթացքում ինքը չի տեսել… «Ճպըլ» տղայի ձեռքին դանակի նման առարկա չի տեսել, այդպիսի առարկա տեսել է Դավիթի ձեռքին. «Տպավորությունն այնպիսին էր, որ պիտի դանակ լիներ…»:

Այս հարցաքննության ժամանակ Լևոն Բ.-ն չի ցանկացել բողոքել իրեն դանակով վնասվածք պատճառած Դավիթի դեմ:

Լևոնին վնասվածք պատճառելու համար Դավիթը քրեական հետապնդման չի ենթարկվել:

Լևոն Բ.-ի նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո ամբաստանյալների շահերի պաշտպան Ս. Խչեյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, թե Լևոն Բ.-ի նախաքննական ցուցմունքներում հակասություններ կային, բայց իր պաշտպանյալները ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ դատարանում զրկված են եղել Լևոնին ու գործով մի քանի վկաների հարցեր տալու հնարավորությունից: Ըստ պաշտպանի՝ Լևոնի նախաքննական ցուցմունքը չպետք է հրապարակվեր: Կոնկրետ այս վկայի պարագայում իր պաշտպանյալները զրկվել են նրան հակընդդեմ հարցեր տալու իրավունքից:

Դատարանը որոշում կայացրեց դատարան չներկայացող ևս երկու վկայի բերման ենթարկելու վերաբերյալ:

Դատական նիստի ավարտին ամբաստանյալների շահերի պաշտպան Ս. Խչեյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալների խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու և Պետրոսյան եղբայրներին ազատ արձակելու վերաբերյալ:

Պաշտպանը նշեց, որ մոտ երկուսուկես տարի իր պաշտպանյալները գտնվում են անազատության մեջ: Դեպքից հետո նրանք ինքնակամ են ներկայացել ոստիկանություն: Նրանց ձերբակալել, ապա կալանքի տակ են առել: Ինչ վերաբերում է գործի դատական քննությանը, ապա բազմաթիվ նիստեր հետաձգվել են վկաների, տուժողների՝ դատարան չներկայանալու պատճառով: Նիստերի հետաձգումների պատճառով անորոշ ժամանակով երկարաձգվում է նաև իր պաշտպանյալների՝ անազատության մեջ գտնվելը:

Պաշտպանը նշեց, որ իր երկու պաշտպանյալի վրա էլ կարող է կիրառվել ներկա Համաներման ակտը, այսինքն՝ Համաներման ակտի կիրառման կանխավարկած կա:

Թե դատարանը Համաներման ակտի որ դրույթները կկիրառի Դավիթ և Նարեկ Պետրոսյանների նկատմամբ, պաշտպանը չի կարող ասել, բայց նման պայմաններում ամբաստանյալներին կալանքի տակ պահելը համարեց ոչ արդարացի՝ պնդելով, որ վերացել են Պետրոսյան եղբայրներին կալանքի տակ պահելու հիմքերը:

Պաշտպանը նշեց՝ եթե դատարանը կալանքը վերացնելու հիմքեր չգտնի, ապա թող այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառի: Քանի որ նույն ընտանիքի զավակներ են ամբաստանյալները, պաշտպանը կոչ արեց, որ դատարանը երկու ամբաստանյալների համար կիրառի գրավի ողջամիտ չափ:

Մեղադրող դատախազ Ա. Բարսեղյանն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ, նշեց, որ պաշտպանը վերջերս էր համանման միջնորդություն արել, որը դատարանը մերժել է, պաշտպանը բողոքարկել էր վերաքննիչ դատարան, վերաքննիչն էլ է մերժել…

Ըստ մեղադրողի՝ Պետրոսյան եղբայրներին կալանքից ազատելու հիմքերը վերացած չեն:

Պաշտպան Ս. Խչեյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդությունն արել է մի քանի ամիս առաջ, այն ժամանակ դեռ Համաներման ակտը չէր ընդունվել, այժմ նոր իրավիճակ կա:

Պաշտպանը հարց հնչեցրեց՝ մտավախություն կա, որ ազատություն դուրս գալով՝ ո՞ր վկաների վրա կարող են ազդել ամբաստանյալները՝ այն վկաների, որոնց անգամ ոստիկանության աշխատողների միջոցո՞վ չեն կարողանում ներկայացնել դատարան, և որոնց չներկայանալու պատճառով դատական նիստերը հետաձգվում են, իսկ դատական քննությունը անհարկի ձգձգվում է…

Spread the love