Սիրուն, աճող տոկոսներ ներկայացնելով Փաշինյանին ու իր թիմին, բոլորովին հակառակ արդյունքն է տալիս

- in Տնտեսական

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: Հաշված օրերից արդեն ամենուր ազգի փրկության վերաբերյալ գլխապտույտ առաջացնող ծրագրեր են հնչելու:

Առաջիկա 20-25 օրերին ինչ 15, ինչ 20, հարյուր միլիարդավոր դոլարների ներդրումային հոսք է «սկսվելու» Հայաստան՝ սկսած արաբական շեյխերից, վերջացրած չինացի միլիարդատերերով: Բոլորը պատրաստակամ սպասում են Հայաստան ներդրումներ բերելուն, եթե, իհարկե, իրենց նախընտրած թեկնածուի ուժը հաղթի ընտրություններում:

Մեր իրականության համար թերևս նման մոտեցումը նորմալ է, ու մարդիկ ըմբռնումով են վերաբերվում: Ի վերջո, նման հայտարարություն անողներն իրենք բոլորից լավ գիտեն իրենց խոսքի իրական չափը, պարզապես այս կերպ փորձում են մի քանի ձայն ավելի տանել ու ԱԺ-ում 1-2 ավելի մանդատ ստանալ: Այնպես որ՝ ընտրողն անծանոթ չէ նման մանիպուլյացիաներին: Ի վերջո, պոպուլիստական այս գործիքից տարբեր կերպ օգտվում են բոլոր երկրներում իշխանության ձգտող ուժերը: Ավելին, մեր պարագայում այդ զենքը բազմիցս կիրառվել է ոչ միայն կուսակցական թիմերի, այլև գործող իշխանությունների կողմից: Անգամ կարճ հիշողություն ունեցողները դեռ կհիշեն օլիգարխիկ համակարգի վերջին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը 10 տարում Հայաստանի գյուղատնտեսությունը Իսրայելի գյուղատնտեսության մակարդակին հասցնելու մասին: Սա, իհարկե, մասնագիտական (և ոչ միայն) շրջանակներում հումորի լավ թեմա էր, այդուհանդերձ պրն Կարապետյանն էլ իր չափով պոպուլիզմ էր անում՝ ելնելով «որոշակի հաշվարկներից»:

Օրերս հերթական պրիմիտիվ պոպուլիստական հայտարարությունն է հնչել, բայց այս անգամ փաստացի իշխանության ներկայացուցչի՝ ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի կողմից, որը հայտարարել է ոլորտում մի շարք առումներով բավականին կտրուկ աճերի մասին: Մասնավորապես, մինչև 2021թ.-ը գյուղատնտեսական մթերքների ծավալների 16%-ի աճ պետք է ապահովվի, օգտագործվող վարելահողերը պետք է ավելանան, ընդ որում՝ նախկինում նախատեսված 66,1-ի փոխարեն 75%-ով: Տոհմային կենդանիների տեսակարար կշիռն այսօր 0.5%-ից 2025թ.-ին պետք է հասցվի 2%-ի: Արդեն եկող տարի բարձրանալու է երկրի պարենային անվտանգությունը, և այդպես շարունակ:

Առաջին հայացքից կարծես ներկայացվել են ոչինչ չասող մի քանի տոկոսանոց աճ ապահովող թվեր, որ միլիարդավոր դոլարների ներդրումներից հեռու են, ու որոնց կարելի է ընդհանրապես չանդրադառնալ: Ի վերջո, նախարար է, որ ներկայացնում է իր ոլորտի զարգացման հեռանկարը: Իրականում ցանկացած նախարարություն նրա համար է, որ մշակի ոլորտի զարգացման ռազմավարությունն ու մարտավարությունը և ժամանակի ընթացքում կյանքի կոչի այն:

Գյուղատնտեսության ոլորտը կոորդինացնող վերջին երկու նախարարները, որքան էլ նախորդների ֆոնին ինտելեկտուալ էին, այդուհանդերձ այդպես էլ որևէ անգամ չհստակեցրին Հայաստանի գյուղատնտեսության առաջնահերթությունները, ոլորտը քաշող-տանող ճյուղերը: Իգնատի Առաքելյանը բացատրում էր, որ պետք է մեր գյուղատնտեսական տարածքները տիեզերքից նկարվեն, որի հիման վրա իրենք կունենան ռեալ պատկերը, թե մշակաբույսերի առումով որից ինչ ունենք, ինչից էլ ելնելով՝ կմշակվի ոլորտի զարգացման ռազմավարությունը: Արթուր Խաչատրյանն էլ իր պաշտոնավարման կարճ ժամանակաընթացքում չհասցրեց կենտրոնանալ հիմնական խնդրի վրա:

Պրն Գևորգյանի պարագայում այն տպավորությունն է, որ այս ոլորտի իր պատկերացրած հիմնական ռազմավարությունը արդյունավետ գյուղատնտեսություն ունենալն է: Իսկ թե որն է արդյունավետ գյուղատնտեսությունը՝ չի հասկացվում: Համենայնդեպս, այդպիսին էր տպավորությունը նրա ֆեյսբուքյան ասուլիսից: Հիմա էլ հրապարակվում են ոլորտի հետագա զարգացմանը վերաբերող բոլորովին անհասկանալի ու անտրամաբանական թվեր:

Փաստորեն նախարարությունում աշխատում են, որ մինչև 2021թ. գյուղմթերքների ծավալները 16%-ով աճեն: Իսկ ինչո՞ւ հենց 16%: Այդքա՞ն է պակասում մեր պարենային անվտանգությունն ապահովելու համար: Կամ այդ 16%-ը ո՞ր ցուցանիշի համեմատ: Վերջին տարիներին, համաձայն վիճվարչության տվյալների, Հայաստանում մոտ 2 մլն տոննա գյուղմթերք է արտադրվում: Նախարարի խոսքի տրամաբանությունից հետևում է, որ տարեկան 2.3 մլն տոննայի արտադրության դեպքում Հայաստանը կունենա ինտենսիվ գյուղատնտեսություն: Որ մշակաբույսերի արտադրությանն է վերաբերելու այդ տոկոսը, որովհետև որոշների դեպքում Հայաստանը նույնիսկ գերարտադրություն ունի:

Նույնը վերաբերում է «օգտագործվող վարելահողերի ավելացումը 66,1-ի փոխարեն 75% դարձնելուն»: Հայաստանում այսօր չկա որևէ մեկը, որ կհամարձակվի ասել, թե իրականում քանի հա հողատարածք է մշակվում, և նախկինում մշակված տարածքների որ մասը չի մշակվում: Չկա որևէ նման ուսումնասիրություն ու թիվ: Այդ դեպքում ինչ 66-ի, ինչ 75-ի մասին է խոսքը՝ անհասկանալի է: Հավանաբար նախարարությունում ինչ-որ բաներ գրել, մշակել են, որից էլ օգտվել է նախարարը:

Որ հանրապետությունում եղած գյուղատնտեսական հողատարածքների մի զգալի մասը չի մշակվում՝ փաստ է: Չի մշակվում, որովհետև այս փուլում հողի մշակությունը եկամտաբեր չէ, որովհետև դրա մշակելուց մարդիկ ոչ միայն շահույթ չեն ունենում, այլև տուժում են: Նախարարի ու իր թիմի գործը պետք է լինի ուսումնասիրությունների (ընդ որում՝ լուրջ մասնագիտական, միջազգային փորձագետների ընդգրկմամբ) արդյունքում հստակեցնել արժեթղթային բոլոր չգործող օղակները, հասկանալ դրա պատճառներն ու համապատասխան ծրագրեր մշակել: Դա շատ ավելի լուրջ խնդիր է, քան կարելի է պատկերացնել: Խնդիր, որ այդպես էլ չեն նախաձեռնել բոլոր նախկինները: Թե չէ ինչ-որ անիմաստ տոկոսներ հրապարակելով՝ տպավորություն ստեղծելը լուրջ չէ:

Տոկոսներ կրակելու ժամանակները վաղուց անցել են: Թե ուր է հիմա «ինչքան ուզենք, այնքան տոկոս էլ կխփենք»-ի հեղինակը՝ բոլորս գիտենք: Այնպես որ, ամեն մի էժանագին փորձ՝ սիրուն, աճող տոկոսներ ներկայացնելով Փաշինյանին ու իր թիմին, բոլորովին հակառակ արդյունքն է տալիս: Նման դեպքերում շատ ավելի օգտակար կլինի պարզապես լռելը:

Spread the love