ՀՀԿ-ն տիրապետում է «արխիվացած» կուսակցությունների «խոսեցնելու» մշակույթին՝ 20-ամյա գրդոնից փշրանքներ ծախսելով

Zaruhi Postanjyan

Անգամ հեղափոխությունից հետո Հայաստանում գոյություն ունեն առնվազն երկու ուժեր, որոնք բոյկոտում են խորհրդարանական առաջիկա ընտրությունները՝ բավականին կտրուկ ձևակերպումներով՝ ըստ էության հակադրվելով հեղափոխության համատեքստին։

Ի մասնավորի՝ Զարուհի Փոստանջյանը երբեք չի բացահայտի, թե ինչ է հասկանում «բազմաշերտ և բազմակողմ հանցավոր պայմանավորվածություններ» ասելով։ Սակայն դժվար չէ ենթադրել, որ նա ակնարկում է Նիկոլ Փաշինյանի ու հին համակարգի ստվերային պայմանավորվածությունների մասին։ Դավադրությունների տեսությունը բնորոշ է չկայացած քաղաքական համակարգերին, երբ դրա սուբյեկտները սեփական ձախողումները փնտրում են իրենցից, առհասարակ քաղաքականությունից դուրս՝ հորինելով բազմաթիվ դավադրական տեսություններ, վարկածներ։

Եթե գալիք ընտրություններին մասնակցում են հին համակարգը ներկայացնող սեգմենտներ, դրա պատասխանատու պետք է համարել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ բավարար հետևողականությամբ հեղափոխության օրակարգը չիրացնելու համար, այլ նաև մնացած բոլոր ուժերին, որոնք անտաղանդ գտնվեցին քաղաքական վակուումը լցնելու համար։

Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ Զարուհի Փոստանջյանի թիմը կորցրել է վստահության պաշարը, որը թերևս հետևանք է հեղափոխության օրերին ու դրանից հետո դրսևորած ոչ ադեկվատ քաղաքական վարքագծի։ Զավեշտալին այն է, որ «Երկիր ծիրանին» հիմա շարունակում է նույն մարտավարությունը։ Եթե քաղաքական ուժը, որն իրեն համարում է քրեաօլիգարխիայի դեմ պայքարի առաջամարտիկ, բոյկոտում է դրա ապամոնտաժմանը միտված ընտրությունները, ակամայից նպաստում է հին համակարգի ուժերի ռեստավրացիային։ Սա ակնհայտ իրողություն է, ի վերջո՝ նույն Զարուհի Փոստանջյանը կարող էր մասնակցել ընտրություններին՝ պահանջատիրոջ դիրքերից քննադատելով Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ու ոչնչացնելով հին համակարգի հետ ասոցացվող ուժերին։

ՀԿԿ-ն ընտրությունները բոյկոտում է շատ ավելի զավեշտալի պատճառով՝ նկատի ունենալով «երկրում ստեղծված քաղաքական անառողջ մթնոլորտը, որը բերում է նաև հակառուսական ուժերի կողմից հասարակությանը մոլորության մեջ գցելը՝ ընդհուպ Հայաստանում գործող ռուսական ընկերությունների դեմ անհարկի քրեական հետապնդումները, նախկին իշխանությունների հակաժողովրդական և ներկա իշխանությունների թատերականացված ժողովրդահաճո քաղաքական գործընթացները»։

Թերևս արտառոց է, որ իրեն դասակարգային համարող կուսակցությունը կոռուպցիոն երևույթներին կարող է «ազգային» պատկանելություն տալ՝ համարելով, որ Ռուսաստանի հետ ասոցացվող հանցագործություններն անձեռնմխելի են։ Նման հայտարարությունն ինքնին ինքնախոստովանություն է, որ գործ ունենք ոչ թե Հայաստանում գործող կուսակցության, այլ ռուսական գործակալական ցանցի հետ, որը Մոսկվայի շահերը պաշտպանում է այնպիսի ջերմեռանդությամբ, որը մարգինալ կարող է համարվել նույնիսկ Ռուսաստանի քաղաքական մագիստրալ ուժերի կողմից։ Կոմունիստները մոտավորապես ասում են, որ բոյկոտում են ընտրությունները, քանի որ իշխանությունները ստուգումներ են կատարում ու հարկային չարաշահումներ են հայտնաբերում, օրինակ՝ «Գազպրոմ Արմենիայում»։ Նույն տրամաբանությամբ՝ զարմանալի չի լինի, եթե ՀԿԿ-ն «հակաժողովրդական» համարի Հայաստանի իշխանությունների պահանջը, եթե մի օր Մոսկվայի առաջ ձևակերպվի գազի սակագինն իջեցնելու խնդիր։

Մյուս կողմից՝ զարմանալի չի թվա, եթե որոշ ժամանակ անց պարզվի, որ Հայաստանի կոմունիստների ու Զարուհի Փոստանջյանի «խրոխտ» հայտարարության հետևում կանգնած են ոչ թե մոսկովյան ու անգործության շրջանակները, այլ, օրինակ, ՀՀԿ-ն, որը վաղուց տիրապետում է «արխիվացած» որոշ կուսակցությունների «խոսեցնելու» մշակույթին՝ քսանամյա գրդոնից փշրանքներ ծախսելով։

Spread the love