Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելում են Հայաստան

- in Պաշտոնական
USA despanatun

ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը:

Նմանօրինակ այցերի միջոցով աշխարհի տարբեր պետությունների համար հստակեցվում ու պարզաբանվում է ամերիկյան քաղաքականությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասով:

Պատվիրակությունը հանդիպեց արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարների պաշտոնակատարների, կառավարության աշխատակազմի և արտաքին գործերի, տնտեսական զարգացման և տրանսպորտի նախարարությունների այլ պաշտոնյաների, ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահի, Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամ հանդիսացող մասնավոր բանկերի ներկայացուցիչների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների և վերլուծաբանների հետ:

Պատվիրակությունն ընդգծեց Իրանի ռեժիմի բացասական վարքագիծը առավելագույն տնտեսական և դիվանագիտական ճնշումներով փոխելուն ուղղված ԱՄՆ ջանքերը՝ միաժամանակ նախանշելով համագործակցության ոլորտներ գործընկեր պետությունների հետ, ինչպիսին է՝ Հայաստանը:

ԱՄՆ կառավարության պատժամիջոցների մասին մանրամասն տեղեկություններ ու դրանց առնչվող հարցերի պատասխանները կարող եք գտնել ԱՄՆ գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի հաճախակի տրվող հարցերի բաժնում, տես՝ https://www.treasury.gov/resource-center/faqs/Sanctions/Pages/faq_iran.aspx.

Spread the love