«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արթիկի կառույցում խնդիրներ են ծագել

- in Հասարակություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արթիկի կառույցում խնդիրներ են ծագել, կուսակցության անդամները չեն բացառում անգամ բողոքի ակցիաներ անելը։ Պատճառը առանց կառույցի հետ համաձայնեցնելու պատգամավորի թեկնածու առաջադրելն է։

Կառույցի անդամ Գրիգոր Վարդանյանը նշեց, թե օրեր առաջ՝ քննարկումների ժամանակ, Արթիկի ակտիվ են զանգել ՔՊ մարզային կառույցից և երկու անուն պահանջել՝ նախընտրական ցուցակում ընդգրկելու համար։ Կուսակցական ակտիվը հավաքվում, քննարկում է, և որոշում են երեք թեկնածուներից երկուսին ընտրել։ Կուսակցական կառույցը քննարկում է երեք թեկնածուի՝ Սարգիս Պետրոսյանի, Վարդան Քերոբյանի և Գրիգոր Վարդանյանի անունները։ Ընտրվում են Սարգիս Պետրոսյանն ու Վարդան Քերոբյանը։

Կառույցի պատասխանատու Էդգար Կոստանյանը զանգահարում և հայտնում է երկու թեկնածուների անունները, սակայն մարզային կառույցից պահանջում են ոչ թե երկու, այլ մի թեկնածուի անուն։ Երկու օր անց Արթիկի կառույցից պարզում են, որ կա ևս մեկ թեկնածու՝ Դավիթ Սեխլեյանը, որը երբեք կուսակցության գրասենյակ չի եկել, կուսակցաշինությամբ չի զբաղվել։ «Մեզ պատճառաբանում են, որ նպատակահարմար են գտել, որ ինքը լինի, ասում են՝ իբր բիզնեսմեն է, նպատակահարմար չէ, որ չլինի և այլն»,- նշեց Գրիգոր Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Դավիթ Սեխլեյանը Արթիկի Փանիկ գյուղից է, խոստացել է երեք հազար ձայն ապահովել ՔՊ-ի համար։

Արթիկի ՔՊ կառույցում որոշել են դիմել լրատվամիջոցներին, հայտնել կուսակցությունում կատարվածը, իսկ կառույցի ղեկավար Էդգար Կոստանյանը ընդհանրապես լքել է կառույցի ղեկավարումը։ «Ընտրությունը թեկնածուներից մեկի ոչ լեգիտիմ ճանապարհ է անցել։ Կանոնադրությունը պահանջում է, որ կառույցը պետք է ընտրի թեկնածուին, բայց մարզային կառույցից հակառակն են արել»,- նշեց Գրիգոր Վարդանյանը։

Նա նշեց, որ առաջիկայում բողոքի իրենց ձայնն են բարձրացնելու, սակայն չասաց, թե ինչպես։ «Որոշել ենք տեղեկությունը գաղտնի պահել, քանի որ Արթիկը փոքր տեղ է։ Կլինի ճանապարհ փակել, թե այլ ակցիաներ՝ լինելու են։ Չեմ կարող ասել, թե երբ։ Կարող է լինել քարոզարշավի ժամանակ, դրանից առաջ»,- ասաց նա։

Գրիգոր Վարդանյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակից նույնիսկ չեն էլ արձագանքել կառույցում կատարվածին։