ՔՊ-ի համար ինչպիսի՞ ուժերի հարևանությունը կարող է լինել առավել նախընտրելի

Yntrutyun

Ակնառու է, որ խորհրդարանում ուժերի նոր հարաբերակցության հնարավոր հիմնական սխեմաների շարքը գործնականում բացառում է գաղափարական-հայեցակարգային ուժեղ բաժանարար գծերի առկայությունը, այն պատճառով, որ հավակնորդ ուժերի գերակշռող մեծամասնությունը նախ ֆավորիտ ուժի հանդեպ իր դիրքավորումով ամենևին էլ կոշտ հակադրության մեջ չէ, և բացի դրանից՝ նրանք միմյանց հանդեպ դիրքավորումներով, ըստ էության, գտնվում են միևնույն դիապազոնում:

Բացառություն կարող են լինել «Սասնա ծռերը»՝ իրենց մոտեցումների կոշտությամբ, ինչպես նաև ՀՀԿ-ն՝ Հայաստանի ծանր վիճակի համար իր պատասխանատվության ծանր բեռով:

Նոր խորհրդարանը չի լինելու նաև, այսպես ասած, ավանդական մետությունների բաժանման տեղը, ու նաև ժամանակը դրանը չէ: Ըստ այդմ, մեծ հավանականությամբ, նոր խորհրդարանի քարտեզը արտահայտելու է ավելի շուտ հանրային համակրանքի, քան գաղափարական-քաղաքական հայացքների և շերտավորման պատկերը: Իսկ այդ համակրանքը ձևավորվելու է մի դեպքում, իհարկե, թավշյա հեղափոխությամբ և դրա արդյունքով, մյուս դեպքում՝ արդեն հանրության հետ մնացյալ ուժերի աշխատանքի արդյունավետությամբ:

Սրանից դուրս, սակայն, կա նաև մեկ այլ հարց, թե քաղաքական ինչպիսի կոնֆիգուրացիա կնախընտրի նոր իշխանությունը: Նիկոլ Փաշինյանի համար խորհրդարանում իր, թերևս, անկասկած, ճնշող մեծամասնությամբ հանդերձ, ինչպիսի՞ ուժերի հարևանությունը կարող է լինել առավել նախընտրելի: Այս դեպքում, երևի թե, միարժեք է պատասխանը ՀՀԿ-ի մասով: Ինչպես օրերս նաև հայտարարել են իշխող ուժի մի շարք ներկայացուցիչներ, ՀՀԿ-ն կարող է լինել իդեալական ընդդիմություն: Իդեալական այն իմաստով, որ ոչնչով չի կարող վտանգ ներկայացնել նոր իշխանության համար: Իհարկե, մյուս կողմից ծիծաղելի է խոսել նոր իշխանության համար վտանգ ներկայացնող ընդդիմության ընդհանրապես հնարավորության մասին: Մյուս կողմից՝ անշուշտ, իր արմատականությամբ ոչ կոմֆորտ կարող է լինել «Սասնա ծռերը», թեև իշխանության լեգիտիմությունը պահելու պարագայում այդ ուժի արմատականությունը կաշխատի ավելի շատ իր, քան իշխանության դիրքերի դեմ:

Բավական հարմարավետ կարող է լինել ԲՀԿ «ընդդիմադիր հարևանությունը»: Միայն այն, որ այդ ուժը ակնհայտորեն ասոցացվում է նախորդ իշխող համակարգի հետ, արդեն իսկ բավարար է՝ անհրաժեշտության դեպքում այդ «ցավոտ կետի վրա սեղմելու» համար: «Լուսավոր Հայաստան»-ի պարագայում կա երկու հանգամանք՝ Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան հայտնի լարվածությունը, որ եղավ 2016-ի աշնանը և որը, անկասկած, թողել է իր նստվածքը, անգամ «Ելք»-ով հանգուցալուծված թվալուց հետո: Մյուս հանգամանքն այն է, որ թավշյա հեղափոխության ծրագրում «Ելք»-ի մյուս երկու գործընկերները չեն աջակցել Փաշինյանին ու թեև դա չի վերաճել առերևույթ կոնֆլիկտի, սակայն դարձյալ մեծ է նստվածքի հավանականությունը: Եվ այդ հանգամանքը առկա է, փաստորեն, նաև «Մենք» դաշինքի պարագայում, որտեղ է Արամ Սարգսյանը:

Զուտ քաղաքական տրամաբանության իմաստով՝ երկու այդ ուժերը որևէ անհարմարություն Նիկոլ Փաշինյանի համար չեն պարունակում: Այս շարքը իհարկե կարելի է թվարկել, թե Փաշինյանի համար՝ որպես իշխանություն, ի՞նչ դասավորություն ու հարևանություն է նախընտրելի, կամ ոչ շահեկան, մերժելի: Սակայն այս ամենում, թերևս, հարկավոր է անդրադառնալ ամենագլխավոր հարցին, կամ արձանագրել առանցքային խնդիրը: Իսկ ինչպե՞ս է Փաշինյանը նպաստելու կամ խանգարելու այս կամ այն դասավորությանը: Իհարկե, կան զուտ քաղաքական թեմատիկ գործիքներ, բայց մյուս կողմից, այստեղ ամենևին միարժեք չէ դրանց էֆեկտի հարցը և քանի որ դաշտը բավականին բազմազան է, այդ առումով բավական բարդ կլինի Նիկոլ Փաշինյանի համար հաշվարկել, թե ինչպես է հնարավոր կիրառել առավել նախընտրելի հարևանության «թեմատիկ» գործիքակազմը այնպես, որ իրականում չստացվի այլ էֆեկտ, հակառակ էֆեկտ կամ հարակից անցանկալի էֆեկտ: Իսկ ոչ քաղաքական, այսպես ասած՝ իշխանական գործիքակազմի կիրառումը բոլորովին այլ խնդիր է, և այստեղ, իհարկե, Նիկոլ Փաշինյանի համար էֆեկտը՝ որևէ դեպքում, շատ ավելի քիչ է լինելու, քան վնասը, եթե նա գնա այդպիսի քայլի: Եվ նա, անկասկած, շատ լավ է պատկերացնում դա, առավել ևս, որ, ըստ էության, չունի այդպիսի քայլի գնալու անհրաժեշտություն, չկա դասավորություն, որը նրա համար՝ որպես մեծամասնության կրող, խնդրահարույց է թեկուզ երկարաժամկետ առումով:

Եվ այդ իմաստով, իրավիճակը այդ հենման կետով դիտարկելը՝ Փաշինյանի նախընտրության, թերևս ավելի շատ նախորդ իրողություններից եկող իներցիա կամ կարծրատիպ է, որից պետք է ձգտել ազատվել, ու ազատել հանրությանը առնվազն հաջորդ ընտրությանն ընդառաջ՝ գալիք հնգամյակում: Ստեղծագործական ազատության դաշտի ընկալումը հասկանալիորեն բավական բարդ է քառորդ դարի ճաղավանդակային քաղաքականությունից հետո, երբ քաղաքական ուժերը իսկապես ստացել են աշխատանքի և արդյունքի՝ եթե ոչ բացարձակ, ապա գերակշռող մասով արդար հարաբերակցության հնարավորություն: Այսինքն՝ թե՛ հանրությունն իհարկե, թե՛ քաղաքական ուժերը պետք է այժմ ազատվեն մտավոր-հոգեբանական ճաղավանդակային իրականությունից, քաղաքական հեռանկարներն ու ճանապարհները հաշվարկելով ոչ թե այն կետից, թե ինչ է պետք իշխանության կրող ուժին կամ անձին, այլ այն կետից, թե ինչ է պետք իրենց և հասարակությանը: Քաղաքական սուբյեկտության զգացումը դժվարությամբ, բայց, թերևս, նաև ընթացիկ արտահերթ ընտրության օգնությամբ մուտք կգործի հայաստանյան քաղաքական դաշտ:

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները կարելի է մասամբ կանխատեսելի համարել: Ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքում առաջին տեղը զբաղեցնելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը՝ ստանալով ձայների գերակշիռ մեծամասնությունը: Սրանում համոզված են բոլորը: Պատահական չէ, որ և՛ Փաշինյանի ընդդիմախոսները (օրինակ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը), և՛ օտարերկրյա մի շարք պաշտոնյաները (օրինակ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը) հաշվի առնելով Հայաստանում տիրող հասարակական տրամադրությունները, արդեն իսկ կանխատեսել են վարչապետի պաշտոնակատարի գլխավորած ուժի հաղթանակը: Իսկ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս ուժերն անգամ իրենց հավակնությունների մասին խոսելիս չեն հայտարարում հաղթելու, ԱԺ-ում մեծամասնություն ստանալու մասին մասին, այլ ընդամենը նշում են, որ հենց իրենք են լինելու խորհրդարանում ներկայացված երկրորդ ուժը: Այսինքն` ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքից բացի, մյուսները պայքարելու են երկրորդ ու երրորդ տեղերի համար: Սա, թերևս, կարելի է համարել այս խորհրդարանական ընտրությունների ամենակարևոր առանձնահատկություններից մեկը:

Միայն թե այսօր դժվար է միանշանակ կանխատեսել՝ ընտրությունների արդյունքում ո՞ր ուժն է ԱԺ-ում իր ներկայացվածությամբ հաջորդելու «Իմ քայլը» դաշինիքին: Քանի որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվելու են ռեյտինգային ընտրակարգով, ենթադրվում է` առավելագույն ձայներ ստանալու շանս ունեն այն կուսակցությունները, որոնք լայն ներկայացվածություն ունեն մարզերում: Կուսակցությունների համար քվե բերողը լինելու է հենց ռեյտինգային թեկնածուն՝ իր թիմով: Այս առումով գաղտնիք չէ, որ մարզերում բավարար ներկայացվածություն ունեն ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն, եւ հիմնական մրցակիցները հենց նրանք են լինելու: Նման պնդում կարելի է անել անգամ՝ հաշվի առնելով իշխանափոխությունից հետո այս կուսակցությունների դիրքային նահանջը։ Ի դեպ, թեև ՀՀԿ-ից մեծ չափերի արտահոսք է եղել, նախկին իշխող կուսակցությունը դեռեւս ամբողջությամբ չի սպառել իր հնարավորությունները:

Տեսակետ կա, որ եթե «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները պահպանեին «Լույս» դաշինքը (որը ձեւավորեցին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ), միգուցե նրանք իրական հնարավորություն ունենային ԱԺ ընտրություններում լինել երկրորդ կամ առնվազն երրորդ ուժը: Այսօր, սակայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է առանձին, իսկ Հանրապետություն կուսակցությունը՝ «Ազատ դեմոկրատների» հետ միասին։ Ըստ այդմ կարծես նվազում են նրանց՝ նոր խորհրդարանում հայտնվելու շանսերը: Ռեյտինգային ընտրակարգով լրջորեն բարդացել է նաեւ խորհրդարանում հայտնվելու նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության առաջադրանքը. նրանք ռեսուրսի՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու հարցում լուրջ խնդիր ունեն՝ պայմանավորված նաև մարզերում բավարար ներկայացվածություն չունենալու հանգամանքի հետ:

Այսպիսով, նկատենք, 2018թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններն իրենց բովանդակությամբ ու բնույթով էապես տարբերվելու են նախորդներից, եւ նույնպիսի տարբերությամբ ուրվագծելով նաև նոր խորհրդարանի պատկերը: 

Spread the love