Ադրբեջանի որևէ գրոհ Արցախի և Հայաստանի վրա՝ գրոհ է ժողովրդավարության վրա

- in Կարծիք
Zinvor

Խորհրդարանի ընտրությանը տարած հաղթանակի առիթով Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են Եվրոպայի խորհրդի ու Եվրահանձնաժողովի նախագահներ Տուսկն ու Յունկերը:

Նրանք բարձր են գնահատել ընտրության ընթացքն ու արձանագրել լայն վստահությունը: Եվրամիության ղեկավարները խոսել են 2017-ի նոյեմբերին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին, որն ըստ նրանց ամուր շրջանակ է ապահովում հավակնոտ ռեֆորմների համար: Նրանք հայտնել են Հայաստանի քաղաքացիներին բարեկեցության հեռանկար տվող այդ ծրագրի իրականացման համատեղ աշխատանքի ակնկալիք:

Յունկերն ու Տուսկը միաժամանակ հիշեցնում են, որ 2019 թվականին լրանում է Եմ Արեւելյան գործընկերության ծրագրի տասնամյակը: Նրանք նաեւ հույս են հայտնել, որ Հայաստանը նոր թափով կշարունակի ջանքը տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության ուղղությամբ:

Հայաստանը Բրյուսելից ստանում է շատ կարեւոր շնորհավորանք, հատկանշական հաղորդագրություններով: Եվրամիություն-Հայաստան գործընկերության խորացումը կարեւոր ուղղություն է բոլոր առումներով եւ այդ իմաստով ակնառու է, որ կա դինամիկան եւ տեմպը արագացնելու անհրաժեշտություն:

Մյուս կողմից, այստեղ կա մի հանգամանք: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը տեղի է ունենում կառավարող համակարգի հիմնարար փոփոխությամբ: Դրա պատճառն այն է, որ նախորդ համակարգը ամբողջությամբ կառուցված էր կոռուպցիոն մեխանիզմների տրամաբանությամբ եւ ըստ այդմ պետության ռեֆորմների արդյունավետությունն էապես կախված է այն բանից, թե որքան արդյունավետ է տեղի ունենում համակարգի ապամոնտաժումն ու սկսում նորի ձեւավորումը:

Եթե հնարավոր լիներ արդյունավետ ու երկարաժամկետ ռեֆորմներ իրականացնել նախկին համակարգի պայմաններում, մասնակի զտումներով, ապա դա կաներ Սերժ Սարգսյանը: Եվրամիությունը պետք է որ համոզված լիներ, որ այդ տեսանկյունից նախորդ համակարգին բնորոշն իմիտացիան էր, քան անկեղծ ռեֆորմատորությունը:

Միաժամանակ ակնառու է, որ համակարգային այդ անցման շրջանում անխուսափելի է որոշակի «կախված» ժամանակահատվածը, «ադապտացիոն» շրջանը: Իհարկե այստեղ կան նաեւ սուբյեկտիվ տարրեր, սակայն ընդհանուր առմամբ շրջանակն օբյեկտիվ է:

Եվ այդ իմաստով իհարկե առաջանում է հակառակ հարց, առաջին հերթին Հայաստանի հանրությունից: Իսկ կարո՞ղ է արդյոք Եվրամիությունը իր այսպես ասած հավելյալ աշխուժությամբ, հանուն ընդհանուր շահի փորձել կոմպենսացնել Հայաստանում համակարգային անցման «ադապտացիոն» շրջանի կախումը:

Օրինակ, արդյո՞ք Եվրամիությունը կարող է որոշակիորեն արագացնել Հայաստանի հետ շրջանակային համաձայնագրի վեվերացման գործընթացն իր անդամ պետություններում: Անխոս, դա Հայաստանի շահագրգռությունը պահանջող հարց է, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխույժ աշխատանքի խնդիր, սակայն հաշվի առնելով «ադապտացման օբյեկտիվ» շրջանի առկայությունը, Եվրամիությունն արդյո՞ք կարող է օգնել հավելյալ ջանքով: Թերեւս լուրջ չի լինի մտածել, որ չի կարող՝ ցանկության առկայության դեպքում:

Այլ հարց է, կա՞ այդ ցանկությունը, թե ոչ: Մյուս կողմից, միթե հայ ժողովուրդը իրականացրած հեղափոխությամբ չի ոգեւորել Եվրամիությանը եւ խթանել հավելյալ ջանքի ցանկություն:

Նույն կերպ, երբ Հայաստանի նոր իշխանությունից ակնկալվում է տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության ուղղությամբ աշխատանք նոր թափով, ի՞նչը նկատի ունեն Տուսկն ու Յունկերը: Ացախի խնդի՞րը: Իսկ այդ խնդրում խաղաղությունն ու անվտանգությունը վտանգվում են ոչ թե Հայաստանի ոչ բավարար ջանքի պատճառով, այլ երբ բավարար ջանք չի լինում աշխարհաքաղաքական կենտրոններից, այդ թվում Եվրոպայից:

Որովհետեւ այդ առումով հայկական բանակը մշտապես գործադրում է մեծ ջանք՝ պահպանելով անվտանգությունն ու կայունությունը: Հայկական բանակը կշարունակի այդ ջանքը միշտ, եւ իհարկե Հայաստանի վերափոխման նոր հնարավորությունը կարող է տալ այդ աշխատանքը ավելի ամուր շարունակելու հնարավորություն, բայց խնդիրն այն է, որ այդտեղ Հայաստանը չի զգում խորհրդի կարիք: Այդտեղ ավելի ու ավելի մեծ ջանքը Հայաստանի համար անվտանգության ներքին, բնական պահանջ է՝ լինել ավելի ուժեղ եւ այդպիսով զսպել ագրեսիվ Ադրբեջանին:

Իսկ ահա հարցն այստեղ այլ է՝ իսկ Եվրամիության ղեկավարները պատրա՞ստ են ավելացնել այդ հարցում, այսինքն Ադրբեջանի ագրեսիան զսպելու հարցում իրենք ջանքը: Բանն այն է, որ ռեգիոնալ անվտանգության ու խաղաղության հաստատման համար պահանջվում է նոր թափ հենց այդ ուղղությունից:

Առավել եւս, որ թավշյա հեղափոխությունից հետո այցելելով Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի Վեհաժողով, Հայաստանի վարչապետը խնդիրը ձեւակերպեց շատ հստակ՝ Ադրբեջանի որեւէ գրոհ Արցախի եւ Հայաստանի վրա դա գրոհ է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաեւ ժողովրդավարության վրա: