Ահա թե ինչու Պուտինը չշտապեց շնորհավորել Փաշինյանին

- in Կարծիք

Հարցին, թե ինչու ՌԴ նախագահ Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է. «Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ դու ինձ սիրու՞մ ես»:

Ավելի վաղ Զախարովան հայտնել էր ՌԴ ԱԳՆ արձագանքը Հայաստանի ԱԺ ընտրությանը. «Դեկտեմբերի 9-ին մեր բարեկամ պետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որին հետևել են ռուս դիտորդները… դիտորդների գնահատականներով, ընտրություններն անցել են օրենսդրությանը համապատասխան, առանց խախտումների, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա: Դեկտեմբերի 16-ին Հայաստանի ԿԸՀ-ն կհրապարակի քվեարկության պաշտոնական արդյունքները: Մենք տրամադրված ենք Հայաստանի նոր խորհրդարանի ու կառավարության հետ կառուցողական երկխոսության, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում»:

Սա Ռուսաստանի թերեւս առաջին արձագանքն էր Հայաստանի ընտրություններին, որտեղ հղումներ են արվում պաշտոնական արդյունքներին ու օրենսդրությանը: Ոչ մի գնահատական ու զեղում: Հայաստանի նոր իրավիճակը իր ճշգրտումներն է մտցրել հայ-ռուսական հարաբերություններում, ինչն ակնհայտորեն կիսել է ռուսական իսթեբլիշմենտը: Մի կողմից, չի դադարում Հայաստանի հանդեպ բացասական ու տեղ-տեղ թշնամական քարոզչությունը, մյուս կողմից նկատելի են նոր հարաբերությունների անցնելու տանջագին փորձեր:

Զախարովայի արձագանքները հետաքրքիր են: Հայաստանում հեղափոխության օրերին Մարիան երկու զարմանահրաշ հայտարարություն արեց այդ կապակցությամբ, տեղի ունեցողը համարելով Աստծու կամքը: Աստված մեծ է եւ «պետք է գալիս» այն ժամանակ, երբ դժվար է հասկանալ՝ ինչ է կատարվում եւ ինչ է պետք անել: Մոսկվան այդ վիճակում էր եւ այդ վիճակում է մինչ այժմ, եւ այդ շարքից է նաեւ Պուտինի շնորհավորանքի մասին հարցին Զախարովայի պատասխանը, թե «դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ դու ինձ սիրու՞մ ես»:

Հայաստանում տարբեր կերպ են մեկնաբանում Պուտինի պահվածքը՝ Քոչարյանի ձերբակալությունից մինչեւ եվրասիական բլոկներում Հայաստանի իշխանության քայլերը եւ հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները: Սրանք անէական, հարակից շտրիխներ են, կարելի է ասել՝ այս իրավիճակում Հայաստանում ամեն մեկն իր դարդն է անում:

Նախկինում Պուտինը ընտրությունը դեռ մի կարգին չավարտված շնորհավորում էր «յուրայիններին»: Իսկ հիմա Հայաստանը ճանաչելու հեռանկարն է, ինչն էլ «մատնել» է Զախարովան Հայաստանի ընտրությանը տված արձագանքով՝ հղում անելով Հայաստանի օրենքներին ու ԿԸՀ-ին: