Այսօրվանից այդ պաշտոնյաները թող իրերը հավաքեն. Նիկոլ Փաշինյանը բարկացավ

- in Տնտեսական

Կառավարության այսօրվա նիստում բուռն քննարկում ընթացավ ծրագրերի իրականացման գրասենյակների օպտիմալացման հարցի շուրջ: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանուղազյանը կառավարության նիստում ասաց, որ  վերանայում են զանազան ԾԻԳ-երի, հիմնադրամների գործունեության արդյունավետության հարցը:

Դրանք, ըստ նրա, տարիներ շարունակ պետական կառավարման համակարգին զուգահեռ կառավարման գործառույթ իրականացնող մարմինների են վերածվել. Վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարի: Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը դարձրել են ծիգիզմի, հիմնադրամիզմի և պոակիզմի տրամաբանությամբ, և ամեն անգամ, երբ որ բանը գալիս ա հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք ա քննարկենք: Ոչ մի բան չպետք ա քննարկենք, էդ ինչ ա ԾԻԳ-ը, էդ պադավատներ են, ատկատներ են, կոռուպցիա ա, ամենամեծ օջախները կոռուպցիայի, գնացեք մտեք ցանկացած ոլորտ, և հեսա հերթով կբացահայտվեն դրանք: Հետո ասում են՝ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք, ոնց բարձրացնենք, երբ որ կան պետական կառավարման համակարգեր, երբ որ մարդիկ ստանում են բոլորից տասը անգամ բարձր աշխատավարձ, ինչ ա իրանք արտոնյալներ են: Ես ասում եմ՝ էս հարցով կայացվել է քաղաքական որոշում: Եվ պաշտոնյաները, որոնք հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից, թող իրենց իրերը հավաքեն:

Խնդրի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատարին պարզաբանումներ ներկայացրեցին Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, փոխվարչապետի պաշտոնակատարներ Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը:

Բանավեճը թեժացավ, երբ Տիգարն Ավինյանը խոսեց ֆինանսների նախարարության արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործունեությունը դադարեցնելու հարցի մասին: Նա ասաց, որ հիմնական բովանդակային մտահոգությունը կայանում է հենց զուտ ծրագրերի իրականացման հետ. Նույնսիկ եթե այս տարի իրականացրել ենք նախանշված 10 ծրագրերի 50 տոկոսը, ուզում են մինչև վերջ հասկանալ՝ այդ կոմունիկացիան Համաշխարհային  բանկի հետ իրականացվել է և արդյոք 2019 թվականին չենք ունենա զրո տոկոս իրականացված ծրագիր: Այսինքն՝ եթե այդ կենտրոնի հմտությունների գնահատում իրականացվի, ինչքան կտևի այդ պրոցեսը և արդյոք մինչև վերջ ՀԲ հետ մենք համաձայնեցրել ենք պրոցեսը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ համաձայն չէ դիտարկման հետ: Ի՞նչ է նշանակում՝ արդյոք ծրագիրն իրականացվել է: Հյուսիս-հարավ ծրագիրն էլ ենք իրականացրել, բայց բռնել ու թալանել են ծրագիրը: Եվ լավ է, որ չի իրականացվել, քանի որ դրանով առաջին հերթին կանխվել է կոռուպցիան. Հերիք ա մեզ ամեն անգամ համաշխարհային բանկով ու չգիտեմ ինչով բերեք որպես վերջնական փաստարկ: Եվ այս մոտեցումը դադարեցրեք,- Տիգրան Ավինյանին դիմեց Փաշինյանը:

Տիգրան Ավինյանն ասաց, որ ուզում է ընդամենը հարցը հասկանալ՝ մինչև վերջ պայմանավորվածություն ունե՞նք ՀԲ հետ, քանի որ երկու անգամ ՀԲ ներկայացուցիչներն այս հարցը բարձրացրել են:

Մհեր Գրիգորյանն ասաց, որ ՀԲ հետ երկու անգամ խոսել է, վաղը վերջնական զրույցն է լինելու. Այն փաստարկները, որոնք բերում է ՀԲ երևանյան գրասենյակը, կարծում եմ, հակափաստարկներ ունենք, որովհետև իրենց շահերից էլ է բխում, որ մենք ծիգիզմ չունենանք:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փաստորեն ՀԲ-ն ավելի շատ է շահագրգռված մեր կառավարության գործունեության արդյունավետությամբ, քան կառավարությունը: Սա, ըստ նրա, մեր ամենամեծ պրոբլեմն է. «Ուրեմն այստեղից դուրս կա մարիմին կամ որևէ անհատ, որն ավելի շատ ա մտահոգված ՀՀ կառավարության գործունեության արդյունավետությամբ, ուրեմն այստեղ պետք է լուրջ հետևություններ անենք»:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ գուցե հայկական կողմը լավ չի բացատրել Համաշխարհային բանկին, դրա համար են նրանք մտահոգ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկ անգամ էլ կհանդիպի ու կպարզաբանի:

“Կներեք, եթե կառավարությունում կան մարդիկ, ովքեր ի հեճուկս վարչապետի հանձնարարության, ոչ թե բացատրում են դա, այլ հակառակն են բացատրում, ուրեմն այդ բացատրության վրա ավելի երկար ժամանակ կպահանջվի: Ուրեմն գնացեք բացատրեք, քաղաքական որոշումը կայացված ա, ոնց ուզում եք բացատրեք”,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տիգրան Խաչատրյանն ասաց, որ վաղը նախատեսվում էր ՀԲ հետ երրորդ հանդիպումը, որտեղ պետք է որ ցրվեին ՀԲ ներկայացուցիչների բոլոր մտահոգությունները:

“Այս որոշումը, որը կայացնում ենք, ուժի մեջ է մտնում մարտի մեկից, ինչո՞ւ ենք շտապում այս նիստում կայացնում որոշումը, ոչ թե Համաշխարհային բանկի վաղվա հանդիպումից հետո”,- հարցրեց Խաչատրյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շտապում են, որովհետև դեռևս սեպտեմբերին տրված են հանձնարարականներ և ոչ մի նշան չկա, որ այդ հանձնարարականներն սկսել են կատարվել:

“Իսկ ինչո՞ւ չեք շտապում վարչապետի հանձնարարականները կատարել, կարո՞ղ է որևէ մեկը բացատրել: Ով որ ուզում ա ՀԲ հանձնարարականներն ավելի շուտ կատարել, թող գնա աշխատի ՀԲ-ում: Կառավարությունում աշխատողը պետք ա կատարի վարչապետի հանձնարարականները”,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ասաց, որ երկրորդ կարծիք չկա, այն ճանապարհը, որն ընտրել է կառավարությունը, անշեղորեն գնալու են այդ ճանապարհով: Նա առաջարկեց հենց հիմա որոշում կայացնել Ֆիննախի ենթակայությամբ գործող այս կառույցի նկատմամբ, հետո հերթով անդրադառնալ մյուսների: