Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ

- in Հասարակություն
Arthur Baghdasaryan

ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը կուսակցության համագումարի ընթացքում հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին. կուսակցության նոր նախագահ է ընտրվել Հովհաննես Հովհաննիսյանը: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարությունում:

«Այսօր տեղի ունեցավ ՕԵԿ արտահերթ համագումարը, որին մասնակցում էին ՕԵԿ տարածքային կառույցների ղեկավարաները՝ հանրապետության բոլոր մարզերից ու մայրաքաղաքից:

Բացելով նիստը Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց կուսակցության օգտին քվեարկած ավելի քան 12 հազար քաղաքացիներին, համախոհներին, գաղափարակիցներին, կառույցների ղեկավարներին և վերստին շնորհավորեց խորհրդարան անցած բոլոր ուժերին:

Ելույթ ունեցողները ընդգծեցին, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը վերջին 20 տարիների ընթացքում հանդիսանում է ՀՀ առավել ակտիվ քաղաքական ուժերից մեկը, որը 18 տարի շարունակ ներկայացված լինելով ՀՀ Ազգային Ժողովում ՕԵԿ-ը պայքարել է մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանության և բարեկեցության, ինչպես նաև արդարության և օրինականության ամրապնդման համար՝ հեղինակելով ավելի քան 250 օրենքներ, բազմաթիվ ժողովրդանպաստ ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք նպաստել են հարյուր հազարավոր մեր քաղաքացիների խնդիրների լուծմանը:

ՕԵԿ համագումարը ի գիտություն ընդունեց Արթուր Բաղդասարյանի՝ կուսակցության նախագահի լիազորությունների դադարեցման մասին հայտարարությունը:

«Սիրելի ժողովուրդ, հարգելի պատվիրակներ,

Ես ցանկանում եմ հայտարարել, որ հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները և իմ հետագա կուսակցական գործունեությունը: ՕԵԿ հիմնադրումից 20 տարի անց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր հայրենակիցներին, ինձ քննադատող ու մերժող, սիրող ու գնահատող մարդկանց, կրկին հայցել բոլորի ներողամտությունը իմ քաղաքական գործունեության ընթացքում ունեցած սխալների ու թերությունների համար, շնորհակալություն հայտնել իմ կատարած աշխատանքը գնահատողներին ու արժևորողներին:

Ցանկանում եմ երախտիքի խոսք հղել բոլոր լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցներին իմ գործունեությունը լուսաբանելու համար, առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ գաղափարակից ընկերներին և թիմակիցներին ու մեր ողջ ժողովրդին:

Զբաղվելով հանրային գործունեությամբ կփորձեմ իմ հրապարակային առաջարկություններով նպաստել երկրում կուտակված և օրեցօր բազմացող խնդիրների լուծմանը: Ակտիվ քաղաքականություն կվերդառնամ ժողովրդի ցանկությամբ, երբ զգամ դրա կարիքն ու անհրաժեշտությունը: Աստված պահապան մեր ժողովրդին»,- նշել է Արթուր Բաղդասարյանը:

Համագումարը ՕԵԿ նախագահի պաշտոնում առաջադրեց և միաձայն քվեարկությամբ ընտրեց Հովհաննես Հովհաննիսյանին: ՕԵԿ փոխնախագահներ ընտրվեցին Կարինե Սարգսյանը, Վահե Թորոսյանը և Սիմոն Հակոբյանը»,- ասված է հայտարարությունում:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Օրինաց Երկիր կուսակցությունը չկարողացավ հաղթահարել խորհրդարանի ընտրության անցողիկ շեմն ու ստացավ ընդամենը 12 հազար ձայն:

Արթուր Բաղդասարյանի քայլն աննախադեպ է, որքան էլ ակնառու է, որ քաղաքականությունն ինքը Արթուր Բաղդասարյանին եւ նրա գլխավորած ուժին վաղուց է դրել իրենից դուրս: Այդուհանդերձ, իրողություններն ընդունելու եւ ճանաչելու համարձակությունը կարծես թե աննախադեպ է, մի բացառությամբ իհարկե, որի մասին՝ վերջում:

Համենայն դեպս, դժվար է հիշել Հայաստանում կուսակցություն, որի ղեկավարը հրաժարական է տվել խորհրդարանի ընտրությունը պարտվելուց հետո: Իհարկե այստեղ կա մեկ այլ հանգամանք: Չկա նաեւ կուսակցություն, որտեղ բարձրացնեն ղեկավարի հրաժարականի հարց՝ անհաջող արդյունքից հետո: Այդ իմաստով հետաքրքիր է, եթե Բաղդասարյանն ինքը չտար հրաժարական, ՕԵԿ-ում կբարձրացնեի՞ն ղեկավարի փոփոխության հարց, թե՞ կշարունակեին իրենց բաժին ղեկավարին համարել միակ ու անփոխարինելի, քան դեռ նա չի տվել հրաժարական:

Բոլոր դեպքերում, Արթուր Բաղդասարյանի քայլը ողջունելի է քաղաքական մշակույթի տեսանկյունից: Միեւնույն ժամանակ, նաեւ առկա իրողությունների եւ նոր Հայաստանի տրամաբանության տեսանկյունից: Մարդը, ի տարբերություն տասնյակ այլ գործիչների ու կուսակցապետերի, հասկացավ ու ընդունեց, որ նոր Հայաստանի քաղաքականությունն այլեւս իր տեղը չէ:

Օրինակ, թվում է, թե դա հասկացել են մի շարք այլ գործիչներ, որոնց կուսակցությունները չմասնակցեցին խորհրդարանի ընտրությանը, բայց համենայն դեպս առայժմ միայն Բաղդասարյանն է հայտարարել, որ հեռանում է քաղաքականությունից: Ընդ որում, դա Բաղդասարյանի գուցե վերջին քաղաքական որոշումն է, բայց նաեւ թերեւս միակը, որտեղ նա գերազանցում է բոլորին:

Եվ ավելին, չմասնակցածների մի մասն էլ օրերս հայտարարեց ինչ որ արտախորհրդարանական ուժերի դաշինք ստեղծելու մասին, որտեղ լինելու են ուժեր, որոնք արդեն տարիներ շարունակ Հայաստանում պտտվում են 0-ից մեկ տոկոսի շրջանակում, բայց առ այսօր շարունակելով այսպես ասած լինել քաղաքականության մեջ, կարծես թե 0-ից մեկ տոկոսի շրջանակում են գնահատում հանրության ինտելեկտն ու արժանապատվությունը:

Այդ իմաստով էլ, Արթուր Բաղդասարյանի քայլը պետք է գնահատել բարձր, անկախ նրա քաղաքական գործունեության մոտ երկու տասնամյակի հակասականությունից: Նա ունեցավ իսկապես վերելքի, նույնիսկ աստեղային տարիներ, բայց ունեցավ նաեւ քաղաքական ու բարոյական հանգամանքների առումով տապալված էջեր:

Թե ով կհետեւի նրա օրինակին, դեռ կտեսնենք: Սակայն, ամենավերջում, ՕԵԿ արդեն նախկին նախագահն իր հայտարարության վերջում հետեւում է Հայաստանի ներքաղաքական պատմության մի վատ օրինակի, արտահայտելով «ազգովի խնդրանքի» հայտնի սինդրոմը:

«Ակտիվ քաղաքականություն կվերդառնամ ժողովրդի ցանկությամբ, երբ զգամ դրա կարիքն ու անհրաժեշտությունը: Աստված պահապան մեր ժողովրդին», ասում է Արթուր Բաղդասարյանը:

Աննախադեպը փաստացի մնում է կիսատ, փոխարենն ավարտվում մեկ այլ նախադեպով, կամ արդեն դեպքերի շարքով: «Ազգովի խնդրանքը» հայաստանյան ներքաղաքական կյանքում դարձել է արմատավորված բարդույթ, միաժամանակ հանրության հասցեին կամա թե ակամա քողարկված «մուննաթ», թե «դեռ հետ կկանչեք»:

Այստեղ է այն բացառությունը, որ պետք է հիշեի վերջում: Առայժմ քաղաքականությունից փաստորեն միայն մեկն է հեռացել առանց քողարկված կամ բացահայտ «ազգովի խնդրանքի» բարդույթի կամ «մուննաթի», թեեւ որեւէ մեկին թող չթվա, թե նա եղել է առանձնակիորեն ավելի մերժված, քան նախորդ համակարգի կարկառուն որեւէ ներկայացուցիչ:

Խոսքն այն մարդու մասին է, որի անունից համենայն դեպս տեքստ տարածվեց՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ: Վերջ, ու նա գնաց, առանց «դեռ կտեսնեքների» կամ առանց «դեռ կկանչեքների»՝ անկախ ձեւակերպումների տոնայնությունից ու բառակազմությունից: Կամ համենայն դեպս մնաց այնքանով, որքան պետք էր կամա թե ակամա հեղափոխությունն ամրացնելու, հեղափոխության շուրջ մոբիլիզացիան ապահովելու համար:

Այդուհանդերձ, Արթուր Բաղդասարյանի քայլը իսկապես օրինակելի է եւ մարտահրավեր մյուսներին: