Արթուր Վանեցյանը՝ Քոչարյանի և իր պաշտոնանկության մասին

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կողմ է, որպեսզի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հնարավորինս արագ դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այսօր լրագրողները Վանեցյանից հետաքրքրվեցին՝ մտավախություն չունի՞, որ Քոչարյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ՝ բարձրացնելով դատավորների վրա ճնշումների հարցը:

Ըստ Վանեցյանի՝ ցանկացած պաշտպանական կողմ կարող է դիմել միջազգային այն մարմնին, որին ուզում է: ՄԻԵԴ-ն, ըստ նրա, կտա այդ հարցի պատասխանը:

«Եվ ես շահագրգռված անձանցից եմ, որ որքան հնարավոր է շուտ դիմեն այդ դատարան և ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները»,- հավելեց նա:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ իրեն, վարչապետի պաշտոնակատարին ու ՀՔԾ պետին գաղտնալսելու գործին:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի վերջո ո՞ւմ նկատի ուներ Վանեցյանը, երբ ասում էր, որ Հրաչն էր զանգել: Արդյոք դա քննչական խմբի ղեկավա՞րն էր, թե դատավորը:

«Քննչական խմբի ղեկավարը երբեք ինձ չի զանգել ու չի կարող զանգ տալ: Քննչական կոմիտեում ընթանում է քրեական գործ, որի շրջանակներում ձեզ պատասխանները կտրվեն: Ինչ վերաբերում է գաղտնալսման բովանդակությանը: Եթե ես չարձագանքեի, ոչ ոք ինձ ոչինչ չէր կարող ասել, կարող էի ասել՝ սուտ է, գնայի առաջ, ոչ ոք չէր կարող հիմնավորել, որ դա իմ խոսակցությունն է: Բայց հենց առաջին օրը եկել եմ, նստել լրատվամիջոցների դիմաց ու խոսել: Ես իմ խոսակցությունների մեջ որևէ բառ չեմ ասել, որևէ միտք ու խոսք չի եղել, որը կարող է բացասական անդրադարձ ունենալ: Ընդհակառակը, գաղտնալսումներն ինչ-որ մի տեղ լույս սփռեցին այն ամենի վրա, ինչ կատարվում է: Քննչական կոմիտեում իրականացվում է քննություն, կոմիտեն այս աշխատանքները կիրականացնի, և ես համոզված եմ, որ առաջիկայում գաղտնալսում իրականացնողները կհայտնաբերվեն և կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը: Իսկ եթե երբևէ կլինի մի բան, որի համար պատասխան պիտի տամ ես, այսօր կլինի, վաղը կլինի, տասը տարի հետո կլինի, ես պատրաստ եմ իմ ցանկացած խոսքի համար պատասխան տալու»,- ասաց Վանեցյանը:

Լրագրողների ճշտող հարցին, թե ում նկատի ուներ, երբ ձայնագրությունում ասում էր. «Դատավորը զանգեց, Հրաչը, վախեցած էր», Վանեցյանը պատասխանեց, որ «ես իմ հեռախոսը տվել եմ անկախ փորձագիտական մարմին, տարել են, վերականգնել են, ես դատավորի հետ չեմ խոսել»:

«Գործը քննող դատավորի հետ ես որևէ կապ չեմ ունեցել, չեն ճանաչում որևէ դատավորի»,- հավելեց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է ասում, որ խոսել է դատավորի հետ, նա պատասխանեց. «Ես չպետք է ասեմ, որ ինձ զանգող Պողոսն ասեց, որ դատարանում սենց վիճակ է»:

Հարցին, թե ձայնագրության մեջ ասում է՝ դատավորն ասաց, հիմքերը թույլ են, ո՞ւմ նկատի ուներ, ԱԱԾ տնօրենը նման պատսխան տվեց. «Այդ առաջին գաղտնալսումն է, Ռուբեն Մելիքանը՝ Արցախի նախկին ՄԻՊ-ը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր մի ստատուս, որտեղ կպել է դատական պրոցեսի թույլ կողմերին: Իմ հեռախոսի մեջ դա պահել եմ, էդ ֆեյսբուքի ստատուսից կոպի եմ արել, ուղարկել եմ մարդկանց, որից հետո զանգեցի Սասունին, ասաց՝ քեզ գրավոր պատասխանել եմ»:

«Ինձ հետ ոչ ոք չի խոսել իմ պաշտոնանկության մասին, որևէ առաջարկ քաղաքական ղեկավարությունից՝ ի դեմս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ես չեմ ստացել, և ես շարունակում եմ իմ ծառայությունը՝ որպես ԱԱԾ տնօրեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ այս հարցին ուզում է երկար պատասխանել, որպեսզի շահարկումների տեղիք չտա: «Երբ լրացավ իմ քսան տարեկանը, ես ընդունվեցի ԱԱԾ համակարգ աշխատանքի: Այդ տարիքից աշխատել եմ միայն ԱԱԾ մարմիններում, շատ հպարտանում եմ իմ ծառայությամբ, պատասխանատվությամբ եմ մոտեցել ու մոտենում իմ աշխատանքին: Եվ այսօր ինձ համար նոր պատասխանատվություն է, նաև հպարտություն՝ ղեկավարելու այն կառույցը, որտեղ սկսել եմ աշխատել շուրջ քսան տարի առաջ»,- ասաց նա:

Վանեցյանը հավելեց, որ այս կարճ ժամանակահատվածում, երբ սկսել է ղեկավարել ԱԱԾ-ն, եղել են բազմաթիվ փոփոխություններ ու բարեփոխումներ: ԱԱԾ-ն փոխել է իր դեմքը, փոխվել է հասարակության վերաբերմունքը:

«Դա այն ամենն է, որը ես կարողացել եմ իմ գործընկերների հետ անել այս կառույցի համար: Բայց դա փոքր հատված է, որը ես ասել եմ: Եվ ես հուսով եմ, որ դեռևս երկար տարիներ կշարունակեմ ղեկավել ԱԱԾ-ն ու օգուտ բերել»,- ասաց Վանեցյանը: