Արտակարգ դեպք Շիրակի մարզպետի աշխատասենյակում. ժամանել են տեղի ոստիկանները

- in Հասարակություն

Դեկտեմբերի 28-ին, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն ահազանգել է Գյումրի քաղաքի Ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ մի քանի քաղաքացիներ իր աշխատասենյակում խոչընդոտում են իր աշխատանքին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզպետարան են մեկնել Ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչն ու համայնքային ոստիկանը, ովքեր պարզել են, որ ժամը 15։00-ի սահմաններում մարզպետի մոտ ընդունելության եկած Մուրադ Հակոբյանը, Վաչագան Հակոբյանը և Սուրեն Ավդալյանը մարզպետի աշխատասենյակում 20-30 րոպե խանգարել են մարզպետի աշխատանքը, բռունցքով հարվածել սեղանին, իսկ երբ մարզպետը նրանց խնդրել է, որպեսզի դուրս գան աշխատասենյակից, նրանք չեն ենթարկվել և խանգարել են մարզպետարանի բնականոն աշխատանքը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եռյակը մարզպետին դժգոհել է ինչ-որ կայացված դատավճռից։

Դեպքն իսկապես արտառոց է՝ հաշվի առնելով այսօրվա իշխանության բնույթը։ Այսօրվա իշխանությունը, դրական իմաստով, ձևավորվել է հրապարակից ու գոնե խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այս պահին վայելում է հասարակության ճնշող մեծամասնության վստահությունը։ Երբ չսիրված իշխանության ներկայացուցիչն է քաղաքացիների վարքագծի առնչությամբ դիմում ոստիկանությանը, ապա դա ինքնին հասկանալի է, որովհետև, օրինակ՝ Սերժ Սարգսյանի ցանկացած «ինքնաբուխ» հանդիպում քաղաքացիների հետ ավարտվում էր կազուսով, այլ խոսքով՝ «խիյարը թարս էր բուսնում»։ Հիմա թվում է՝ իշխանությունն այդ խնդիրը չպետք է ունենա, որովհետև հենց ինքն է քաջալերում «դուխով» քաղաքացիներին։

Սակայն խնդիրը հենց այս հարթության վրա է ու թերևս դրանով էլ՝ խորքային։ Փաշինյանի թիմը պետք է հասկանա, որ հեղափոխությունը վաղուց ավարտվել է ու ինքը ոչ թե «դուխով», այլ՝ օրինապաշտ քաղաքացիների աջակցության կարիքն ունի։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...