Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

- in Հասարակություն

Բաց նամակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանին.

Հարգելի պարոն Փաշինյան,

2018 թվականը հայ ժողովրդի համար դարձավ ճակատագրական մի տարի, որի ընթացքում մի անհատ՝ հանձին Ձեզ, հետևողական աշխատանքով և փոփոխություններ մտցնելու ամուր կամքով կարողացավ իր շուրջը հավաքել հուսահատված մի ժողովուրդ, ու առանց արյուն թափելու ժողովրդին առաջնորդեց դեպի իշխանափոխություն:

Այս շրջադարձային փոփոխության մեջ ամենակարևորը Ձեր վճռականությունն է կոռուպցիայի դեմ պայքարում։ Այս ոլորտում Ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ Ձեր հետևից դեռևս կարողանում եք տանել մի հոծ զանգված: Ժողովուրդը դեկտեմբերի 9-ի համախմբմամբ, հավատալով Ձեր անձին, ոչ թե Ձեր շրջապատի մարդկանց, իր ձայնը վստահեց Ձեզ և շատ մեծ ու պատասխանատու պարտականություն դրեց Ձեր ուսերին:

Որպես ՀՀ քաղաքացի՝ թույլ տվեք մի քանի անկեղծ դիտարկում կատարել, որպեսզի Ձեր շարժման բերքը կարողանանք քաղել ազգովի, ոչ թե անհատները փոխվեն, իսկ իրականությունը շարունակի մնալ նախինի նման գորշ։

Հարգելի պարոն Փաշինյան, պաշտոնավարող նախարարների մի մասը, ինչպես Դուք վերջին կառավարության նիստում նշեցիք, չեն եկել ՀՀ վարչապետի հրամանները կատարելու, այլ եկել են ցույց տալու, որ նախարար են՝ առանց հասկանալու այդ պաշտոնի պատասխանատվության չափն ու կարևորությունը: Լավ է, որ երիտասարդների եք ընդգրկել կառավարությունում. կսովորեն կամաց-կամաց, սակայն նրանք քանդում են հին համակարգը ու ստեղծում նորը, բայց հնի չափանիշներով:

Օրինակներ բերեմ. տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը չի հասկանում իրեն վստահված ոլորտից՝ ճանապարհաշինության և տրանսպորտի բնագավառներից, մարդ, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից է, նախարարության ղեկը տալիս է իր ընկեր փոխնախարարին, որն էլ իր հերթին իր հոր ղեկավարած ՍՊԸ-ի աշխատողներին բերում-դարձնում է նախարարության աշխատող, ու ստացվում է՝ հայրը գծում է, ինքը որոշում՝ ով անի այդ գործը… Սա ՀՀԿ-ի դասական կոռուպցիոն սխեման էր…

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարն իր ընկերոջը բերում ու ասում է՝ այսինչ տրանսֆորմատորը նորոգիր։ Նախարարությունը, այլ առաջարկներն անտեսելով, գնում է կատարում ընկերոջից, և արդյունքում ունենում ենք վատ ապրանք, թանկ գնով… Նորից ՀՀԿ-ի դասական գործելաոճը…

Այս ցանկը կարելի է երկար շարունակել:

Որպես ՀՀ քաղաքացի, ով հավատացել է Ձեզ, ցանկանում եմ, որպեսզի փոխվի հին արատավոր համակարգը և ոչ թե միայն անվանումը՝ ՀՀԿ-ն վերափոխվի «Իմ քայլը» դաշինքի, ու ավելի խորը հիասթափություն առաջանա Ձեզ հավատ ընծայած ու Ձեզ սատարած մարդկանց հոծ զանգվածներում։ Անհրաժեշտ է մի կողմ դնել դեռևս ՀՀՇ-ից եկած՝ պաշտոնյաների նշանակման ավանդույթը՝ ով ուզում է լինի, միայն թե մեր թիմից լինի…

Հարգանքով` ՀՀ քաղաքացի