Դիլիջանում «քելեխից» հետո 40-ամյա տղամարդը «պյանի բազար» է սկսել ու սպանել հարևանի տղային

- in Իրավունք
danakaharutyun

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Մարդանյանի նախագահությամբ ավարտվել է Հայկ Գուլանյանի գործի դատական քննությունը:

40-ամյա Հայկ Գուլանյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության, ինչպես նաև դեպքին ներկա անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, նրանցից մեկի առողջությանը թեթև վնաս հասցնելու, մյուսին՝ թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, 117 և 118 հոդվածներով:

Ըստ դատական ակտի՝ 2017 թվականի օգոստոսի 5-ին Դիլիջանի Գորկու 33 հասցեում գտնվող «Ջոնի» տաղավարում Հայկ Գուլանյանը, նրա հարևաններ Արթուրը, վերջինիս հայր Արտակն ու բարեկամ Հակոբը և այլ անձինք մասնակցել են իրենց հարևան Կարեն Մ.-ի հոգեհացի արարողությանը, որի ավարտից հետո մասնակիցների մեծ մասը հեռացել է, իսկ վերը թվարկված անձինք մնացել են՝ սեղանները հավաքելու և տաղավարը մաքրելու համար:

Ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Հայկ Գուլանյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հարցրել է՝ ինչո՞ւ իրեն ավելի շուտ չեն «խաբար արել», որ հուղարկավորությանն էլ մասնակցի:

Արթուր Ե.-ն պատասխանել է՝ մենք ո՞վ ենք, որ մարդ կանչենք, հետո էլ՝ թաղմանն ո՞վ ա մարդ կանչում: Հայկ Գուլանյանն ասել է. «Ուրեմս մուտիլովկա եք արել»:

Արթուր Ե.-ն Հայկին ասել է՝ հանգստացիր, բայց Հայկն ավելի է ագրեսիվացել՝ ըստ դատական ակտի:

Արթուր Ե.-ն մոտեցել է Հայկին ու բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա աջ աչքին, ինչից հետո Հայկը սեղանից վերցրել է խոհանոցային դանակն ու հարվածել է Արթուր Ե.-ի ձախ գոտկային հատվածին՝ պատճառելով թափանցող վիրավորում: Սուր արյունահոսություն է սկսվել, Արթուրը վայր է ընկել:

Նրա հայր Արտակը գրկել է նրան, փորձել է բարեկամի՝ Հակոբի հետ հեռացնել այդ վայրից, տանել դեպի ավտոկայանատեղի: Այդ ընթացքում Հայկ Գուլանյանը ինչպես սուր կտրող-ծակող, այնպես էլ բութ առարկաներով հարվածներ է հասցրել Արտակին ու Հակոբին՝ առաջինի առողջությանը պատճառելով թեթև վնաս: Վերջիններս իրենց հերթին հարվածներ են հասցրել Հայկին՝ պատճառելով վնասվածքներ:

Քիչ անց Արտակ Ե.-ի ահազանգով դեպքի վայր է հասել շտապօգնությունը: Արթուր Ե.-ն ու միջադեպի մյուս մասնակիցները, այդ թվում՝ Հայկ Գուլանյանը տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ Արթուր Ե.-ն ստացած վնասվածքներից մահացել է:

Առաջադրված մեղադրանքներում Հայկ Գուլանյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, թե տուժողներ Արտակին, Հակոբին ու Արթուրին ճանաչել է մանկուց՝ բնակվել են հարևանությամբ: Մինչև դեպքի օրն իրար հետ ոչ մի խնդիր չեն ունեցել:

Ինքը տեղյակ չի եղել, որ հարևան Կարեն Մ.-ի հարազատները հոգեհացի արարողություն են կազմակերպելու: Մինչ այդ իրենք հարևաններով որոշել էին՝ ով ինչ կարողանա՝ բերի, որ հանգուցյալի ողորմաթասը խմեն:

Դեպքի օրը պարզվել է, որ Կարեն Մ.-ի հոգեհացի արարողությունը հարազատները կազմակերպել են «Ջոնի» տաղավարում: Ինքը այնտեղ գնալիս հետը մի քանի շիշ օղի է տարել: Արարողությունից հետո իր և Հակոբի միջև լեզվակռիվ է եղել, վերջինս հայհոյել է իրեն, ինքն էլ տեղից վեր է կացել, ոտքն անցկացրել է նստարանի վրայով ու հայհոյանքով տվել է Հակոբի «ատվետը»:

Այդ պահին Արթուրը կանգնած էր իր կողքին, նա անսպասելի ձեռքով հարվածել է իր դեմքին: Ինչ-որ մեկն էլ իր գլխին հարվածել է շշով: Ինքն ասել է. «Էս ի՞նչ եք անում»: Երկրորդ շիշն էլ են կոտրել իր գլխին:

Ինքը գիտակցությունը կորցրել, ընկել է: Ուշքի է եկել, տեսել է՝ գետնին ընկած է: Կիսավերկացած դիրքով նստարանի կամ սեղանի վրայից վերցրել է կանաչ բռնակով դանակն ու անկանոն շարժումներ է արել՝ փորձելով պաշտպանվել, բայց իրեն «հանգցրել են»՝ նորից են հարվածել: Ինքը դարձյալ կորցրել է գիտակցությունը: Ուշքի է եկել Արտակի ձայնից. «Շո՛ւտ արա, արի՛ ավտոդ խո՛դ տուր»: Ինքը չի հասկացել՝ ինչ է կատարվել: Արտակն ասել է. «Արթուրին կոխեցիր դանակով»:

Ինքը գնացել է Արտակի հետևից, բայց մեքենայի բանալիներն իր մոտ չեն եղել: Վերադարձել է, «դոմիկից կանեստրով» ջուր է բերել, լցրել է գետնին ընկած Արթուրի վրա, որ նա ուշքի գա, մյուսներին էլ ասել է՝ ի՞նչ եք կանգնել, շտապօգնություն զանգեք: Ցանկացել է նորից ջուր լցնել Արթուրի վրա, բայց «էրկու տուպոյ ուդառ» է ստացել, հետո էլի՝ երկու հարված, և կորցրել է գիտակցությունը: Ուշքի է եկել հիվանդանոցում:

Հայկ Գուլանյանն ասել է, թե մասնագիտությամբ «սվարչիկ» է, դեպքի օրն իր աջ ձեռքը մեծ ծավալով վառել էր, ձեռքը վնասված ու կապված էր, ինքը կարողացել է օգտագործել միայն ձախ ձեռքը: Ինքը գլխի չի ընկել, որ հարվածել է Արթուրին. «Չէի ցանկանա, որ հարվածը նրան դիպած լիներ, Հակոբին պտի դիպած լիներ, ոչ թե Արթուրին…»:

Հայկ Գուլանյանը պնդել է, թե պաշտպանվելու համար է դանակ վերցրել ձեռքն ու դանակն անկանոն շարժել է, իսկ վիճաբանության մեղավորը Հակոբն էր…

Գործով տուժող Արտակ Ե.-ն՝ սպանված Արթուրի հայրը, դատարանում հայտնել է, թե դեպքին ներկա Հակոբն իր հորեղբոր տղան է: Մահացել էր իրենց հարևան Կարենը: Հարազատները տեր չեն կանգնել, հարևաններով ու մի քանի բարեկամներով կազմակերպել են հուղարկավորությունը:

Հետո հանգուցյալի հարազատներն իրենց զանգել ու ասել են, որ հոգեհաց են կազմակերպել Դիլիջանի «Ջոնի» տաղավարում: Իրենք գնացել ու մասնակցել են:

Մոտ մեկ ժամ անց այնտեղ է եկել հարևան Հայկ Գուլանյանը՝ մատների արանքում՝ մի քանի օղու շիշ: Նա նստել է սեղանի գլխավերևում, կենացներ է խմել, սկսել է խրատներ տալ մահացածի երեխաներին: Ինքն ուշադրություն չի դարձրել նրա խոսակցություններին:

Որոշ ժամանակ անց հավաքվածները սկսել են ցրվել: Մնացել են ինքը, որդին՝ Արթուրը, հորեղբոր տղա Հակոբը ու Հայկ Գուլանյանը: Այդ օրն իրենք Երևան պիտի գնային, Արթուրը չէր խմել, ինքն ու Հակոբը խմել էին:

Հայկը հարցրել է՝ ինչո՞ւ իրեն չէին կանչել թաղմանը: Արթուրն էլ ասել է՝ մենք ո՞վ ենք, որ հրավիրենք, համ էլ՝ թաղումը հո հրավիրովի չի՞:

Վեճ է սկսվել Հայկի ու Արթուրի միջև: Տեսնելով, որ Հայկը խմած է, Արթուրը Հակոբին ասել է. «Չհավաքվե՞նք, գնանք, հոպա՛ր, արդեն պյանի բազար ա»: Արթուրը թափով շարժվել է տեղից, Հայկն էլ թափով առաջ է գնացել ու, թե ինչպես է պատահել՝ չգիտի, բայց նա դանակով հարվածել է Արթուրին:

Ինքը տեսել է, որ Արթուրից ուժեղ արյուն է հոսում: Հետո շշի ջարդվելու ձայն է լսել: Չի հասկացել՝ ով ում է հարվածել, իր համար կարևորն իր որդին էր, Հակոբին ասել է, որ նա թողնի Հայկին, էրեխեն՝ Արթուրը, արյունահոսում է, շուտ հասցնեն հիվանդանոց:

Ինքն ու Հակոբը Արթուրին սկսել են տեղափոխել դեպի ավտոկայանտեղի: Այդ ընթացքում Հայկն ինչ-որ առարկայով հարված է հասցրել իր ձեռքին ու այտին: Հայկը իրենց հարվածներ էր հասցնում, չէր թողնում էրեխուն տեղափոխեն-հասցնեն մեքենային:

Տեսնելով, որ Հայկն իրենց անընդհատ հարվածելով խանգարում է, չի թողնում Արթուրին տեղափոխել, ինքը որդուն դրել է գետնին ու հարվածել է Հայկին՝ «փռել է» Արթուրի կողքին, որից հետո շարունակել են Արթուրին տեղափոխել դեպի ճանապարհը: Ինքը զանգել էր շտապօգնություն…

Առաջին մեքենայով հիվանդանոց են տեղափոխել Արթուրին ու Հայկին, հետո մի մեքենա էլ է եկել, տեղափոխել են իրեն ու Հակոբին: Դեպքի պահին ինքը նկատել է, որ Հայկի աջ ձեռքը փաթաթած է, դանակը նրա ձախ ձեռքին էր: Հիշում է, որ նա դանակը ձախ ձեռքին՝ կանգնած էր աթոռի վրա, իսկ փաթաթած ձեռքով բռնել էր Արթուրի պարանոցից, դանակն էլ պահել էր Արթուրի վրա:

Երբ Հայկը դանակով հարվածել է Արթուրին, վերջինս գոտկատեղից վերև մերկ էր՝ շապիկը հանել էր շոգի պատճառով…

Արտակ Ե.-ն հայտնել է, թե Հայկ Գուլանյանն իրեն հարվածներ է հասցրել ու վնասվածքներ է պատճառել այն բանից հետո, երբ մահացու հարված էր հասցրել որդուն, և ինքը Հակոբի հետ փորձում էր արյունաքամ լինող Արթուրին տանել դեպի ճանապարհը: Ինքը չի հաշտվել Հայկ Գուլանյանի հետ, ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:

Հակոբ Ե.-ն իր ստացած վնասվածքների մասով, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չէին պարունակում, հայտնել է, թե ինքն էլ Հայկին է հարվածներ հասցրել այն բանից հետո, երբ վերջինս մահացու հարված էր հասցրել Արթուրին ու խանգարում էր իրենց, որ Արթուրին տեղափոխեն դեպի ճանապարհ:

Հակոբ Ե.-ն նշել է, թե Հայկի պատմածը՝ իբր վեճը ի սկզբանե եղել է իր հետ, սուտ է: Արթուրը խոսակցության ժամանակ նեղվել է Հայկի ասած «մուտիլովկա» բառից ու իրեն ասել է՝ հավաքվենք, գնանք: Ինքն այդ պահին նստած էր, վեր է կացել, Հայկին ասել է՝ խելոք մնա, ու միաժամանակ ափսեներն է հավաքել: Մեկ էլ Արտակը գոռացել է՝ «Էրեխուն խփեց»…

Դատարանն արձանագրել է, որ Հայկ Գուլանյանի արարքները համապատասխանում են նրան մեղսագրված արարքներին, նա ենթակա է քրեական պատասխանատվության:

Դատարանը հաշվի է առել, որ Հայկ Գուլանյանը մասնակիորեն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, նրա խնամքին են երեք անչափահաս երեխաները:

Հայկ Գուլանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, 117 և 118 հոդվածներով ու վերջին հաշվով դատապարտվել է 10 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի օգոստոսի 6-ից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...