Տարեմուտի սահմանային դիրքերի ընտրությունը խորհրդանշում է Երևանի արտաքին-քաղաքական առաջնահերթությո՞ւնը

- in Կարծիք
Zinvor

Տարեմուտին ընդառաջ ավանդական այցերը սահմանային դիրքեր կարծես թե կենտրոնացել են Նախիջեւանի ուղղությամբ: Թե նախագահ Արմեն Սարգսյանը, թե արտաքին գործերի նախարարը եղել են հենց Նախիջեւանի սահմանապահ դիրքերում:

Սա մի կողմից կարող է պայմանավորված լինել նախիջեւանյան ուղղությամբ արդեն մի քանի ամիս շարունակվող տեղեկատվական հոսքերով, որ սկսվել են թավշյա հեղափոխությանը զուգահեռ եւ ոոնց տարածման մեջ ակնառու էր հեղափոխությանը հարվածելու նպատակադրումը:

Պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ Նախիջեւանում ադրբեանական դիրքերի առաջ շարժը եղել է նրանց իսկ տնօրինած տարածքում եւ որեւէ կերպ չի նվազեցրել հայկական կողմի իրականացրած վերահսկողության աստիճանը: Ավելին, եղել է առաջխաղացում նաեւ ավելի նպաստավոր դիրքեր: Ընդդիմախոսները նշում են, որ ադրբեջանցիների համար ավելի տեսանելի եւ հասանելի է դարձել դեպի Արցախ եւ Սյունիք տանող միջպետական ճանապարհը:

Մյուս կողմից, այդ ամենում ըստ էության նոր բան չկա եւ հազիվ թե նախագահ Արմեն Սարգսկանի այցը բացի իհարկե զուտ սահմանապահ զինծառայողներին Տարեմուտից առաջ այցելելու նպատակը, քաղաքական համատեքստի կամ հաղորդագրության առումով պայմանավորված էր նախիջեւանյան ուղղության առնչությամբ այս ամիսների տեղեկատվական հոսքերով:

Հաղորդագրային համատեքստի առումով խնդիրն ըստ երեւույթին ավելի լայն է եւ նախագահ Սարգսյանի եւ արտգործնախարարի սահմանամերձ դիրքեր այցերի ուղղության առումով Նախիջեւանի ընտրությունը հատկանշական է թերեւս Հայաստանի առաջիկա արտաքին օրակարգի խորքային իրողությունների տեսանկյունից:

Մասնավորապես, անցնող տարում, Հայաստանի նոր իշխանությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի առիթով կատարելով որոշակի քայլեր, գործնականում բացահայտել է այդ կազմակերպության ճգնաժամային էությունը, որի գործնականում միակ անմիջական տուժող կողմը Հայաստանն էր:

Հայաստանը այժմ բացել է մի խնդիր, քանդում է մի հանգույց, որը ընդգրկում է շատ ավելի լայն հարցեր, անվտանգության համակարգի ընդգրկուն շղթայով, որը անմիջականորեն առնչվում է ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլ նաեւ հարակից գոտիներին ու հարաբերություններին, որոնք խմորվում էին այսպես ասած ստորջրյա ռեժիմով:

Այդ համատեքստում Նախիջեւանի պարագան առանցքային է մի շարք առումներով, թե պատմաքաղաքական՝ այդ շրջանի կարգավիճակի տեսանկյունից, թե ռազմա-քաղաքական ներկայիս իրողությունների: Նախիջեւանն այսօր փաստացի մի ռեգիոն է, որն անմիջական սպառնում է, սառնալիք է պարունակում ՀԱՊԿ ռազմա-քաղաքական պատասխանատվության գոտուն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի համար ՀԱՊԿ-ում շատ ավելի կարեւոր ու խորքային է հարցը, քան գլխավոր քարտուղարի նշանակումը: Նա նշել է, որ խնդիրը հետեւյալն է՝ ՀԱՊԿ կա՞, թե՞ չկա:

Այդ իմաստով Նախիջեւանը բազմաֆունկցիոնալ ինդիկատոր է, եւ ոչ միայն որպես ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն անմիջական սպառնալիքի աղբյուր: Բանն այն է, որ այդ աղբյուրն են Ադրբեջանը եւ Թուրքիան, դրանց ստեղած համազորային բանակը: Պետություններ, որոնք ներկայումս սերտ եւ իհարկե բազմաշերտ խաղի մեջ են ՀԱՊԿ տարբեր անդամների հետ: Միաժամանակ Նախիջեւանի հարցում մյուս կողմից առկա է իրանական գործոնը, որն անկասկած դժգոհ չի լինի, եթե Հայաստանին հաջողվի արգելակել Թուրքիայի ու Ադրբեջանի սիրախաղը ՀԱՊԿ որոշ անդամների հետ:

Հայաստանը գործնականում 2014 թվականից է փորձում շոշափել նախիջեւանյան բարդ հանգույցի եզրերը, բայց զգուշորեն: Հատկանշական է, որ այդ ժամանակ Հայաստան կատարած այցերից մեկի ընթացքում Նախիջեւանի սահման էր այցելել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան: Նոր իշխանությունը անցնում է այդ ուղղությամբ ավելի բաց խաղի, դրանով ստիպելով բացվել նաեւ մյուս խաղացողներին: Այդպիսով Երեւանը կարող է բարդացնել նրանց խաղը, իր համար բացելով մանեւրի ավելի մեծ տարածություն եւ ճկունության հնարավորություն:

Տարեմուտի սահմանային դիրքերի ընտրությունն ըստ ամենայնի խորհրդանշում է Երեւանի արտաքին-քաղաքական առաջնահերությունն այդ տեսանկյունից, ինչն ըստ էության նաեւ որոշակիորեն արցախյան ուղղության լայն եւ ընդգրկուն թիկունքն է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...