Դմիտրի Պեսկովը հայտարարել է Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ բանակցությունների ակտիվացման մասին

- in Միջազգային
Peskov

Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ բանակցություններն ակտիվանալու են: ՌԻԱ նովոստին, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այս հարցին երեկ անդրադարձ եղել է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվացնել գազի շուրջ խոսակցությունը, որովհետև մինչև երեկ մենք չենք կարողացել արձանագրել ակտիվ բանակցություններ «Գազպրոմ»-ի և հայ գործընկերների միջև»,- ասել է Պեսկովը:

ՌԻԱ նովոստի գործակալությունը նաև հայտնում է, որ Հայաստանին գազի մատակարարման հարցը Սանկտ Պետերբուրգում քննարկել են «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլերը և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է TASS-ը:

Պեսկովի խոսքերով, այս թեման շոշափվել է դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կայացած Պուտին – Փաշինյան հանդիպման ժամանակ:

«Համաձայնեցվել է ակտիվացնել գազի վերաբերյալ քննարկումները, քանի որ մինչև երեկ, ցավոք, մենք չէինք կարող փաստել մեր «Գազպրոմ»-ի և հայ գործընկերների միջև ակտիվ բանակցությունների վարումը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նրա խոսքերով, այդ բանակցությունների ավարտի որոշակի ժամկետներն արդեն նշված են:

Ավելի վաղ, Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել, որտեղ փաստել է գազի գնի վերաբերյալ պայմանավորվածության բացակայությունը: Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել, որ ցանկալի արդյունքը կապահովվի:

Ռուսական գազի Հայաստան մատակարարման վերաբերյալ համաձայնագիրն ավարտվում է դեկտեմբերի 31-ին: Առանց պայմանագրում փոփոխություններ կատարելու, պայմանագիրն ավտոմատ կերպով կշարունակվի հին գնով: Ռուսական «Գազպրոմին» պատկանող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազ ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով, իսկ Հայաստանի բնակիչները նույն ծավալի համար վճարում են 285 դոլար: