Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը չի պատրաստվում հրաժարական տալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա չի պատրաստվում հրաժարական տալ, հաշվի առնելով համալսարանում չարաշահումների հետ կապված հանգամանքը, նա պատասխանեց. «Ես հրաժարական չեմ տա, որովհետև արդեն հեղինակության խնդիր կա՝ համալսարանի, նրա ղեկավարության և անձամբ իմ: Ես գնալու եմ մինչև վերջ: Այս պայքարի մեջ ներքաշել են ինձ իրենք և իրենք էլ պետք է պատասխան տան այն հետևանքների մասին, որոնք կլինեն»,- ասաց Սիմոնյանը:

Ռեկտորը կարծում է, որ ունի ուսանողների և դասախոսների գերակշիռ մասի աջակցությունը:

«Վերջին հաշվով՝ ես ընտրված ռեկտոր եմ և բազմիցս դրա մասին խոսել եմ, և մինչև 2020 թվականի մայիս ամիսը ես ընտրված եմ որպես Երևանի պետական համալսարանի ռեկտոր և պետք է իրականացնեմ իմ գործունեությունը: Ինձ անվստահություն կարող է հայտնել միայն ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, այն էլ այն դեպքում, եթե ապացուցի, որ ես չեմ կատարել իմ պարտականությունները պատշաճ մակարդակով, որը այս տարիների ընթացքում բացառում եմ, որովհետև ես աշխատել եմ խղճի թելադրանքով  և հօգուտ պետական համալսարանի»,- ընդգծեց ռեկտորը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...