Եվրասիական ակումբի ծերունիները «կկարոտեն» Հայաստանի «իմաստուն» համակարգի տարիները

- in Կարծիք

Եթե Փաշինյանը իմաստուն մարդ է, ապա հարցը սուսուփուս կլուծեինք, դեկտեմբերի 14-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված վիճակի մասին եւ հայտարարելով, թե «շիլաշփոթը» Փաշինյանն է արել:

Փաշինյանը շիլաշփոթ կամ խառնաշփոթ չի արել, այլ ընդամենը բացահայտել է եղած այն շիլաշփոթը, որից թերեւս միակ տուժողը Հայաստանն էր: Այդ առումով թերեւս բավական համահունչ կարող է լինել մի զվարճալի պատմություն, ՀԱՊԿ անդամների մեծ մասի համար թերեւս հոգեհարազատ էթնոմշակութային միջավայրի հերոսներից մեկի՝ Հոջա Նասրեդդինի մասնակցությամբ:

Հոջան տեսնում է, որ երեխաները գետի ափին նստած զվարճանում են, գետի մեջ դրած իրենց ոտքերը եւ բացականչելով, թե ոտքերը խառնվել են իրար, չեն կարողանում գտնել ում ոտքը որն է: Հոջան մոտենում է եւ կատակով խաղացող երեխաներին լրջորեն ասում, թե կօգնի ամեն մեկին գտնել ոտքերը: Նա վերցնում մի փայտ, եւ որքան ուժ ունի հարվածում գետի մեջ երեխաների ոտքերին: Ամեն մեկը ցավից հետ է քաշում իր ոտքերը: Ահա, ամեն մեկդ գտավ իր ոտքերը, ասում է Հոջան ու հեռանում:

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ում փայտով հարվածում է ոտքերին եւ ստիպում, որ ամեն մեկը իրեն քաշի իր ոտքը: Իհարկե այս դեպքում խոսքը երեխաների մասին չէ, այլ եվրասիական ակումբի տարեցների կամ ծերունիների, որոնք էլ իրենց հերթին «ոտքերով» զվարճանում էին ոչ թե գետի, այլ Հայաստանի շահերի ու անվտանգության մեջ: Եվ Նիկոլ Փաշինյանը «փայտով» հարվածեց Հայաստանի շահերի մեջ զվարճացող ծերունիների «ոտքերին», ստիպելով հետ քաշել դրանք:

Լուկաշենկոն խոսում է «ոտքի» ցավից: Ինչ խոսք, նախկինում Հայաստանն «իմաստուն» ձեւով լռում էր եւ հարցերը լուծում այսպես ասած ներքին կյանքով:

Հետաքրքիր է, որ օրերս էլ դեռեւս ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը Լազարեւյան ակումբում հարցերի պատասխանելով ասում էր նույն բանը, թե անփորձություն է խնդիրները բարձրաձայնելը, որովհետեւ դա խանգարում է հաճախ դրանք լուծելուն:

Լուկաշենոն էլ, Քոչարյանն էլ անշուշտ իրավացի են՝ բարձրաձայնելը խանգարում է այդ խնդիրները լուծելուն: Պարզապես պետք է հստակեցնել, թե ինչպես լուծելուն է խանգարում:

Բարձրաձայնելը խանգարում է այդ խնդիրները Հայաստանի շահերի հաշվին լուծելուն, ինչպես «իմաստնաբար» արել են Հայաստանի նախկին ղեկավարները: Նրանք լռել են խնդիրների մասին, որովհետեւ դրանք բարձրաձայնելը առաջացնում է Հայաստանի հանրության առաջ ավելորդ պատասխանատվություն եւ թույլ չի տալիս հետո լուռ, ավելորդ աչքից հեռու լուծել դրանք պետական ռազմավարական ակտվների կամ այլ շահի հաշվին, եվրասիական անվտանգության համակարգում առանցքային ֆունկցիոնալ նշանակություն ունեցող Հայաստանը քաղաքական իմաստով վերածելով պարզապես համակարգային դեկորի:

Պարզ է, որ եվրասիական ակումբի ծերունիները «կկարոտեն» Հայաստանի «իմաստուն» համակարգի տարիները, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը դնում է Հայաստանի առանցքային դերի հարցը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...