Ի՞նչ էր արել Սերժ Սարգսյանը, ինչու՞ նա գնաց երկրորդ առաջնային մանդատի լուծարման ճանապարհով

serzh-sargsyan

Խորհրդարանի ընտրությունից հետո ծավալվող ներքաղաքական քննարկումներում զգալի ուշադրության է արժանանում այսպես ասած սուպերվարչապետության ինստիտուտի հարցը, որը ներկայում ընդդիմության դիրքը զբաղեցնելուն հավակնող քաղաքական միավորները դնում են կառավարության առաջ:

Նիկոլ Փաշինյանն էլ իր ընդդիմադիր կարգավիճակում այդ հարցերը դնում էր Սերժ Սարգսյանի առաջ: Ներկայում էլ հայտարարվում է, որ Սարգսյանին քննադատող Փաշինյանն ինքը չի ցանկանում հրաժարվել սուպերվարչապետությունից, լավ է զգում այդ լիազորությունների «գրկում»:

Սուպերվարչապետության մասին խոսակցություններին առիթ ունեցել եմ անդրադառնալ դեռեւս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, դիտարկելով հարցը, թե արդյոք իսկապես այդ կարգավիճակը տալիս է անսահման իշխանություն: Եվ արդյոք անսահման իշխանությունը նվազելու է, եթե չլինի սուպերվարչապետություն:

Կա տարածված կարծիք, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրություն փոխեց միայն իր համար: Երբ քաղաքական նկատառումով, քաղաքական կրքեր եւ հանրային դժգոհություն գեներացնելու նկատառումով բարձրաձայնվում են այդ տեսակետները, այստեղ ամեն ինչ հասկանալի է, հատկապես մի իրավիճակում, երբ իշխանությունը ընտրական մեխանիզմը ոչնչացնելով ընդդիմությանը զրկել էր ավելի բովանդակային պայքարի հնարավորությունից:

Բայց, դիտարկենք զուտ կառավարման մեխանիզմը: Որքան էլ սուպեր լինեն վարչապետի լիազորությունները, դրանք որեւէ կերպ ոչ միայն չեն գերազանցում խորհրդարանին, այլ ավելին՝ դրանք միեւնույն է ստորադաս են իշխանության միակ ներկայացուցչական կառույցին, միակ առաջնային մանդատ ունեցող խորհրդարանական մեծամասնությանը:

Այսինքն, ֆորմալ իմաստով անգամ սուպերվարչապետն է ենթակա այդ մեծամասնությանը: Իհարկե, նշանակման առաջին տարում նա ունի իմունիտետ, բայց ենթակայությունը միայն անվստահություն հայտնելու հնարավորությամբ չէ, որ արտահայտվում է:

Ի՞նչ էր արել Սերժ Սարգսյանը, ինչու՞ նա գնաց երկրորդ առաջնային մանդատի լուծարման ճանապարհով, անցնելով կառավարման խորհրդարանական մոդելի: Միայն մշտապես վարչապետ լինելու հնարավորության համա՞ր: Փաստորեն ստացվում է, որ նրա հույսը խորհրդարանի մեծամասնության կամակատարությունն էր, այդ մեծամասնության մոտ սեփական գերակա իշխանության գիտակցման բացակայությունը:

Իրականում Սարգսյանի հույսն անշուշտ դա չէր, այլ հենց այն, որ դե ֆակտո Հայաստանի իշխող համակարգը վաղուց էր բազմաբեւեռ, վաղուց էր ներծծված տարբեր հակադրություններով: Այդ պայմաններում ավելի ու ավելի բարդ էր մեկ մարդու պատասխանատվությամբ պահել ամբողջ համակարգը, եւ Սերժ Սարգսյանը գնաց դե յուրե պատասխանատվությունը մեծամասնության վրա դնելու ճանապարհով, հանելով իր վրայից եւ իրեն դե յուրե ենթարկեցնելով այդ մեծամասնությանը:

Ինչու՞ նա արեց այդ բանը, միայն ցմահ իշխանության հնարավորության համա՞ր: Բայց հուսալի՞ էր ցմահ իշխանությունը խորհրդարանի մեծամասնությունից դե յուրե առկախելու մեխանիզմը: Այն էլ մի դեպքում, երբ իշխող համակարգի առաջ կային բազմաթիվ խնդիրներ, որոնք ավելի ու ավելի բարդ էին դարձնում կառավարումը:

Սարգսյանի քայլը պայմանավորված էր հենց այդ հանգամանքով, եւ նա իր վրայից գործնականում հանեց պատասխանատվությունը, դնելով այն իշխող համակարգի վրա, որը նրանից պահանջում էր երաշխիքներ՝ չունենալով այդ երաշխիքների «ֆինանսավորման» հարցում ներքին կոնսենսուս:

Այդ պայմաններում կոնսենսուսը կարող էր լինել Սերժ Սարգսյանի փոխարեն մեկ այլ, ավելի այսպես ասած «հարուստ», ինքնաֆինանսավորման ունակ երաշխավորի ընտրելը, որը համակարգից կակընկալեր միայն աջակցություն վերարտադրության հարցում, ընթացիկ խնդիրները լուծելով իր հաշվին: Ընդ որում, իշխող համակարգը տասնամյակի ընթացքում մեկ-երկու անգամ շատ մոտ էր այդ կոնսենսուսին, ունենալով «վճարունակ երաշխավորի» մի քանի թեկնածու:

Խորհրդարանական կառավարման մոդելով Սարգսյանը համակարգը զրկեց այդ կոնսենսուսի մոտիվացիայից: Գործնականում, երբ այլեւս չկա նախկին համակարգը իր բնույթով, խորհրդարան-վարչապետ հարաբերությունը հայտնվում է մոտիվացիոն այլ դաշտում: Ըստ այդմ, սուպերվարչապետությունից բխող ռիսկերն ու վտանգները պետք է գնահատել նոր իրողության պայմաններում, հասկանալով, արդյոք խորհրդարանի նոր մեծամասնությունը դե ֆակտո հրաժարվելու է իր առաջնային մանդատից: Եվ եթե կա այդպիսի մեծամասնություն, որը դե յուրե առաջնային մանդատի կրող լինելով, պատրաստ է դառնալ կնիք վարչապետի ձեռքին, արդյոք պետական կառավարման տեսանկյունից ռիսկային չէ այդ մեծամասնության դե յուրե ենթակայության տակ իշխանության ավելի մեծ պատասխանատվություն դնելը:

Իսկ եթե մեծամասնությունը պատրաստ է իրացնել իր առաջնային մանդատը ամբողջական պատասխանատվությամբ, ապա այստեղ արդեն սուպերվարչապետական կարգավիճակը երեւակվում է բոլորովին այլ լույսի ներքո, քան նախորդ համակարգի պայմաններում:

Դա ամենեւին չի նշանակում, թե պետք չէ դրան ձեռք տալ ընդհանրապես: Պարզապես պետք չէ դրան ձեռք տալ լոկ այն տրամաբանությամբ, որ Սերժ Սարգսյանի ստեղծագործությունն է ու պետք է քանդել այն: Պետք է ձեռք տալ հանգիստ ու հանգամանալից դիտարկելուց հետո, նպատակ ունենալով ոչ թե այդ ստեղծագործությունը քանդելը՝ հեղինակի քաղաքական հիշատակի համար, այլ հանգամանալից եւ լայն քննարկումների արդյունքում պատկերացնելով, թե նոր իրողության պայմաններում ինչը ինչին է խանգարում, ինչն ու ինչպես պետք է փոխել, ու գլխավորը՝ ինչ պետք է ստեղծվի եւ որ նպատակի համար: