Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական գազային բանակցությունում

- in Տնտեսական
Gaz

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ գազի գնի հարցում բանակցությունը հստակ ժամկետներ ունի, եւ ցայտնոտի մեջ են: Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, որի ընթացքում չէր հաջողվել պայմանավորվել գազի գնի հարցում, տեղեկություն է տարածվել, որ Գազպրոմի ղեկավար Միլլերն ու Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են 2019 թվականի գազամատակարարման հարցը: Գնի մասին չի եղել խոսք, բայց մեծ հավանականությամբ հենց գնի հարցն է քննարկվել Միլլերի եւ Գրիգորյանի հանդիպմանը:

Հայաստանում կա տարածված համոզում, որ Ռուսաստանն ուզում է թանկացնել գազը: Մամուլում եղել են անանուն, ոչ պաշտոնական տեղեկություններ այդ մասին: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ այդպիսի մտադրության մասին: Իսկ Մոսկվայում հադիպումից հետո նա հայտարարեց, որ չեն պայմանավորվել իհարկե նոր գնի հարցում, սակայն չկան նաեւ վտանգավոր սպասումներ: Նա ասել է, որ լավատես է:

Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական գազային բանակցությունում: Գազի գնի հարցը Պուտինի առաջ բարձրացնելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է դեռեւս մայիսին: Նա ասել էր, թե եկել են եզրահանգման, որ այդ խնդիրը Հայաստանի ներսում գնագոյացման հարց է, քանի որ սահմանին Ռուսաստանը գազը մատակարարում է շատ էժան:

Բայց, արդյոք Ռուսաստանը չի միջամտում ներսում գազի գնագոյացմանը: Թե՞ միջամտում է արդեն ոչ թե քաղաքական ղեկավարությունը, այլ Գազպրոմի կամ այլ շրջանակներ:

Այս տեսանկյունից անհրաժեշտ է արձանագրել այն իրավիճակը, որ կար Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում: Նրա նշանակումից անմիջապես հետո նա նախաձեռնեց գազի գնի նվազեցում: Ըստ էության հայտարարվեց, որ ամեն ինչ իր վրա է վերցնում Գազպրոմը: Կարեն Կարապետյանը գազպրոմյան կադր էր եւ «հայր ձեռնարկությունը» տալիս էր իր բոնուսը:

Կարեն Կարապետյանը գնաց, եւ Գազպրոմն ըստ երեւույթին չի տեսնում բոնուսը շարունակելու իմաստ: Եվ այստեղ առաջանում է հարց՝ կամ գազի գինը ներսում է վերադառնում մինչկարենկարապետյանական օրեր, կամ ներսում մնալով նույնը, որոշակի բարձրանում է սահմանի վրա:

Հնարավոր է, որ Գազպրոմը հարցը դնում է այդ կտրվածքով: Հավանաբար դրան ի պատասխան էլ Նիկոլ Փաշինյանը դնում է Հայաստանում Գազպրոմի գործունեության հարցը, որպեսզի այդ դեպքում այնքան զտվեն գնագոյացման մեխանիզմները, որ հնարավոր լինի օպտիմալության միջոցով պահել գինն անփոփոխ թե սահմանին, թե ներսում:

Ակնհայտ է, որ այդ խնդիրը արագ լուծվելիք չէ եւ գնի հարցում որոշումը լինելու է քաղաքական, սակայն մնալու են գնագոյացման մեխանիզմի բոլոր բացերն ու արատների համակարգային հարցերը:

Հայկական կողմը խնդիրը դնում է հենց այդ տեսանկյունից, որովհետեւ գազի գնի հարցը տարիներ շարունակ եղել է հենց քաղաքական որոշումների տիրույթում: Հայաստանը մշտապես գազի օպտիմալ գին է ստացել այս կամ այն զիջման տեսքով: Այդպես է եղել Ռոբերտ Քոչարյանի շրջանում, այդպես էր Սերժ Սարգսյանի շրջանում:

Նիկոլ Փաշինյանը փորձում է խնդիրը դուրս բերել հենց այդ տրամաբանությունից, որպեսզի այն դադարի պարբերաբար դառնալ քաղաքական համաձայնության առարկա՝ եթե չկա այդպիսին դարձնելու քաղաքական առիթ կամ պատճառ, որպեսզի հայկական կողմը պարբերաբար ստիպված չլինի գազի էժան գին ունենալու համար գնալ զիջումների: