Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերության տիրույթում

- in Հրապարակ

Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպմանը հաջորդում են աշխույժ քննարկումներն այն մասին, թե, ի վերջո, ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերության տիրույթում:

Սակայն այս հարցը՝ ինչ է կատարվում, հնարավոր է տալ բոլոր ներքին ու արտաքին ուղղությունների համար: Եվ այստեղ խնդիրը այն չէ, որ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ հայ-ռուսական, ինչ-որ բան է կատարվում: Խնդիրը նույնիսկ օբյեկտիվ է՝ թավշյա հեղափոխությունից հետո ձևավորվում է հայկական քաղաքական և իշխանական նոր դաս, ինչը բնականաբար ենթադրում է բոլոր ուղղություններով հեռանկարային որոշակի մշուշոտություն, որովհետև ընդհատվել է մի ամբողջ համակարգային կառավարման ընթացք, և ընդհատվել է կարճ ժամանակում, ինչ-որ իմաստով անսպասելի, այսպես ասած՝ քաղաքական ինստիտուցիոնալ հիշողության կանոններից դուրս: Եվ սա ինքնաբերաբար ենթադրելու էր հեռանկարի որոշակի կրճատում տեսանելիության առումով: Մյուս կողմից, այն, ինչ կա ներկայումս թե՛ հայ-ռուսական հարաբերության, թե՛ մնացյալ բոլոր ուղղություններով, իրականում գուցե նույնիսկ շատ ավելին է, քան կարող էր լինել հեղափոխական, արագ, քաղաքական ինստիտուցիոնալ հիշողության կանոններից դուրս տեղի ունեցող իշխանափոխության արդյունքում կամ հետևանքով: Այստեղ խնդիրը բոլորովին այլ տեղ է:

Ակնհայտ է, որ կա պարզապես տեսանելիությունն ու հեռահարությունը հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն, և սա է նաև պատճառը, որ պետք է հնարավորինս շուտ անցնել նոր խորհրդարանի աշխատանքին: Հայաստանում, համենայնդեպս առայժմ, արտառոց վիճակը շարունակվում է, և կա միայն գործադիր իշխանություն, որը աշխատում է, և կա մեկ էլ նախագահի ինստիտուտ, որն ունի խիստ սահմանափակ լիազորություններ: Աշխատող օրենսդիր իշխանություն Հայաստանում երկար ժամանակ է, ինչ, ըստ էության, գոյություն չունի: Այն յուրօրինակ վիճակում էր մինչև հոկտեմբերի 2-ը, հոկտեմբերի 2-ից հայտնվեց մեկ այլ փուլում՝ դարձյալ արտառոց, օդից ավելի կախված, զգալի ճոճվող, իսկ դեկտեմբերի 9-ից հետո առ այսօր, ըստ էության, ընդհանրապես գոյություն չունի: Մինչդեռ չմոռանանք, որ խորհրդարանը Հայաստանի պետական իշխանության միակ բարձրագույն կառույցն է, առաջնային մանդատի կրող միակ բևեռն ու միակ ներկայացուցչականը: Խորհրդարանի աշխատանքը իհարկե կապված է հստակ ընթացակարգերի հետ, որ պահանջում է հետընտրական շրջանը, սակայն հենց դա է, որ կարևոր է արձանագրել, որ կենսականորեն անհրաժեշտ է սկսել իշխանության կրող առաջնային կառույցի աշխատանքը, որը պետք է ապահովի արդեն ամբողջական իշխանության գործունեությունը, այդ թվում՝ արտաքին ոլորտում, խորհրդարանական դիվանագիտության շրջանակում: Եվ այստեղ է նաև, որ հատկանշական է վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախակիացող և տարածվող մտայնությունը, որ հասարակական-քաղաքական հիմնական պրոցեսները պետք է լինեն խորհրդարանից դուրս: Եվ սրա տակ դրվում է այն, որ խորհրդարանում չկա արմատական ընդդիմություն:

Գործնականում, սակայն, խնդիրն այն է, որ խորհրդարանում չի հայտնվել նախկին իշխանությունը, և նախկին իշխանության որոշակի ազդեցության դաշտ մնացել է արտախորհրդարանական հարթությունը: Եվ այստեղ բոլոր լծակները կենտրոնացել են տարբեր աղբյուրների միջոցով այն միտքը գեներացնելու համար, որ հանրությունը հույս պետք է ունենա միայն արտախորհրդարանական դաշտում: Սրանով կարող է լուծվել երկու հարց՝ մի կողմից հանրային ուշադրությունը կենտրոնացնել արտախորհրդարանական միջավայրի վրա, որը նախկին իշխանության գործունեության, ըստ էության, միակ տիրույթն է մնացել, ըստ այդմ՝ դրանով փորձ է արվում նախկին իշխանությանն ապահովել հասարակական ուշադրությամբ, և երկրորդ՝ հանրության մոտ արժեզրկել նոր խորհրդարանը կամ, այլ կերպ ասած, արժեզրկել նոր իշխանության թիվ մեկ կառույցը, քաղաքական թիվ մեկ հարթակը, առաջնային մանդատի կրող իշխանական միակ ինստիտուտ:

Հասկանալի է, որ արժեզրկելով այդ ինստիտուտը, ըստ էության, փորձ է արվում արժեզրկել իշխանությունն ինքնին, ամբողջությամբ, շարունակել այն պահել միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի վրա բևեռացած, ակնկալելով, որ մեկ մարդու հարցը ժամանակի ընթացքում ավելի հեշտ է լուծել, քան ձևավորվող ինստիտուտ-իշխանության հարցը, որը պետք է սկսի խորհրդարանի լիարժեք աշխատանքից: Սա չի նշանակում, իհարկե, որ հանրությունը պետք է առաջնորդվի հակառ սկզբունքով՝ ով խորհրդարանում չէ, մեզ հետ չէ: Բոլորովին: Պարզապես չպետք է միմյանց հակադրել խորհրդարանական և արտախորհրդարանական դաշտերը, և ավելին՝ մեկով ժխտել մյուսը, և հանրության մեջ ներշնչել մյուսը ժխտելու գիտակցությունը: Եթե արտախորհրդարանական դաշտում կձևավորվի ուժ, որը մրցունակությամբ կգերազանցի խորհրդարանական որևէ ուժի, հանրությունը, իհարկե, իր գնահատականը կտա, սակայն դեռևս որևէ մրցակցության բացակայության պարագայում փորձ է արվում աշխատել հանրային գիտակցության վրա, որ անկախ ամեն ինչից, միակ կարևորը տեղի է ունենալու արտախորհրդարանական դաշտում: Հարցն այն է, թե երբ են այդ մարդիկ անցնելու խորհրդարանը մերժելու բաց կոչերի: Եվ այստեղ, իհարկե, խորհրդարանում գտնվող ուժերը, որպես քաղաքական թիվ մեկ ինստիտուտում ներկայացված միավորներ՝ քաղաքական ամբողջ համակարգի համար դրանից բխող պատասխանատվությամբ, ունեն հավաքական շահ, որը պետք է արտահայտվի արդյունավետ քաղաքական բանավեճի և աշխատանքի տեսքով, հանրությանը մատուցվող բարձր կարգի քաղաքական ծառայության տեսքով, ինչին պետք է ձեռնամուխ լինեն նոր խորհրդարանի ձևավորումից հետո անհապաղ, իսկ գուցե նույնիսկ ինչ-որ ֆորմատներով՝ չսպասելով դե յուրե ձևավորմանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...