Ի՞նչ կարող են ստեղծել երիտասարդները նոր Հայաստանում

- in Կարծիք
Ruben Vardanyan

Գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը Մեդիամաքսի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում իր եւ իր գործընկերների գործունեությանը, նաեւ թավշյա հեղափոխությանը, անում է կարեւոր եզրահանգումներ:

Նա նշում է, որ իր եւ գործընկերների ծրագրերը Հայաստանում երկարաժամկետ են ու չեն պայմանավորվում օրվա իշխանությամբ, իրենք նայում են 20-25 տարի առաջ: Միաժամանակ նա արձանագրում է, որ նաեւ հնարավոր չէ իրականացնել այդօրինակ ռազմավարական ծրագրեր, չաշխատելով օրվա իշխանության հետ: Դա պետք է առնվազն խանգարող ավելորդ հանգամանքներ չունենալու համար:

Վարդանյանն արձանագրում է ներկայիս իրավիճակի կարեւոր առանձնահատկությունը, որ կա իրապես ժողովրդական վստահություն վայելող վարչապետ, որին պետք է օգնել, այլապես անարդյունավետության հետեւանքը կլինի բոլորինը:

Այդ համատեքստում է նա բացատրում օրերս արած հայտարարությունը, որ պետք է օգնել Նիկոլ Փաշինյանին, այլապես անհաջողությունն աղետ կլինի բոլորիս համար:

Միաժամանակ, Մեդիամաքսի հետ զրույցում Ռուբեն Վարդանյանը հայտարարում է, որ եթե երիտասարդները, որոնք հավատացին Նիկոլ Փաշինյանին՝ հիասթափվեն, ապա դա կունենա սարսափելի հետեւանք:

Հիասթափությունն անկասկած չափազանց վտանգավոր է: Սակայն մյուս կողմից առաջանում է այլ հարց: Իսկ ինչու՞ պետք է երիտասարդները հիասթափվեն, կամ ո՞վ պետք է նրանց հիասթափեցնի, եթե ոչ հենց իրենք: Կամ ումի՞ց պետք է հիասթափվեն երիտասարդները, եթե ոչ իրենցից:

Փաշինյանի առաջնորդության հանգամանքն ու ամբողջ գործընթացում, նաեւ այժմ, ու թերեւս առաջիկա տարիներին դրա էական նշանակությունը հասկանալի է եւ գերազանցապես օբյեկտիվ, հաշվի առնելով մի շարք իրողություններ: Մյուս կողմից, սակայն, գործընթացի ամբողջական հաջողության ու արդյունավետության գրավականն այն է, թե նոր իրավիճակում ինչ արդյունք են արձանագրելու հենց այն երիտասարդները, որոնց հիասթափության վտանգի եւ հնարավոր սարսափելի հետեւանքի մասին խոսում է Ռուբեն Վարդանյանը:

Ո՞րն են տեսնում նոր իրավիճակում իրենց անելիքը այդ երիտասարդները: Ի վերջո, նրանց համար էլ, ինչպես գործնականում բոլորի համար, իրավիճակը շատ բարդ է: Այդ երիտասարդները ձեւավորվել են իշխող համակարգի ընդվզման ռեժիմում, դրանով էլ նպաստել այդ համակարգի հանդեպ հանրային, ժողովրդական հաղթանակին ու հեռացմանը: Բայց նոր, հենց իրենց իսկ ստեղծած իրավիճակը մարտահրավեր է այդ երիտասարդների համար: Համակարգի դեմ ընդվզման ոգով ձեւավորված երիտասարդությունը այժմ պետք է, պահպանելով ընդվզման կարողությունները, առավելապես դրսեւորի իր ստեղծարար ոգին, քանի որ չկա այն համակարգը եւ իրավիճակը, երբ առաջնային ու գերակա անհրաժեշտությունն ընդվզումն էր:

Ի՞նչ կարող են ստեղծել երիտասարդները նոր Հայաստանում, օգտագործելով թավշյա հեղափոխությամբ բացված նոր հնարավորությունները: Դրանից է նաեւ կախված, թե ինչ արդյունավետություն կունենա նոր իշխանությունը՝ ավելի արդյունավե՞տ կլինի հասարակական շահի սպասարկման հարցում, թե՞ ավելի արդյունավետ կլինեն ցանկացած իշխանություն երեւույթի մեջ առկա «կարծրացման» հակվածությունը, դրան տանող տարրերը:

Սա զգալիորեն կախված է այն բանից, թե որքան արդյունավետ կլինի իշխանությունից դուրս արդիական միջավայրերի ձեւավորումն ու դրանց հնարավոր ներկայացուցչականություն-մասնակցայնությունը, ինչը պետք է ներքեւից «փափուկ ուժի» սկզբունքով մշտապես հանրային պահանջի գերակայության տակ պահի իշխանությանը:

Ի վերջո, դրա միջոցով է նաեւ, որ իրավիճակը մեկ մարդու թեկուզ բարի կամքից եւ առաքելության գիտակցումից կախվածությունից պետք է աստիճանաբար տեղափոխվի ինստիտուցիոնալ ոլորտ:

Ըստ այդմ սարսափելի հետեւանք կլինի այն, երբ երիտասարդությունը կապրի միայն Նիկոլ Փաշինյանից ունեցած ակնկալիքներով, աշխույժ չլինելով նոր հանրային միջավայրերի ձեւավորման ու ընդլայնման իր առաքելության մեջ:

Այլ կերպ ասած, երիտասարդությունը ինքը չպետք է հիասթափեցնի, որովհետեւ դա է ունենալու սարսափելի հետեւանք:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...