Իլհամ Ալիևը վերստին վերադարձել է ռազմական հռետորաբանությանը

Ilham Aliev

Կարճ դադարից հետո Իլհամ Ալիևը վերստին վերադարձել է ռազմական հռետորաբանությանը։ Դրա համար պատճառները թերևս մի քանիսն են։

Նախ՝ ՀԱՊԿ-ում և հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանի համար ստեղծվել է ոչ բարենպաստ համատեքստ, որի հիմնական շահառուներից մեկը Ադրբեջանն է, մանավանդ, որ դաշնակից համարվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է գալիս սենսացիոն «բացահայտումներով», որոնք հուշում են, որ Մոսկվայի համար, այսպես կոչված, Լավրովի պլանը չի կորցրել ակտուալությունը։

Մյուս կողմից՝ օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկա հինգ տարիներին զինված ուժերին կհատկացվի հավելյալ 2.5 միլիարդ դոլար:

Այս ֆոնին Ադրբեջանի նախագահը նախօրեին հնչեցրել է մի քանի հայտարարություններ։ «Ադրբեջանական բանակի սպառազինությունը թույլ է տալիս ոչնչացնել հակառակորդի ցանկացած օբյեկտ, սակայն Ադրբեջանը կշարունակի նորանոր զինատեսակների ձեռք բերումը»,- հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հերթական անգամ համոզմունք հայտնելով, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական գործոնը հզոր ռազմական ներուժն է:

«Այսօր մեր ունեցած տեխնիկան և սպառազինությունը թույլ են տալիս բարձր ճշտությամբ ոչնչացնել հակառակորդի ցանկացած ռազմական օբյեկտ»,- նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահը մի խումբ զինվորականների բնակարանամուտի հանդիսավոր արարողության ժամանակ: Առանց փակագծեր բացելու Ադրբեջանի նախագահը նաև նշել է. «Այս տարի ստորագրվել են բազմաթիվ կարևոր պայմանագրեր, որոնց շրջանակներում երկիրը կստանա ամենաժամանակակից սպառազինությունն ու տեխնիկան»։

Ադրբեջանի նախագահը երեկ հերթական անգամ հավաստիացրել է, թե ընթացիկ տարում ադրբեջանական բանակին հաջողվել է իր վերահսկողության տակ վերցնել 11 հազար հեկտար հող Նախիջևանի ուղղությամբ, ինչը, ի դեպ, պաշտոնական Երևանը բազմիցս հերքել է։ Ալիևը նաև պնդել է, թե ադրբեջանական բանակը վերցրել է ռազմավարական բարձունքներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ վերահսկել ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները, հաղորդակցությունը Հայաստանի տարածքում:

Իհարկե, ինքնին հասկանալի է, որ Ալիևի հայտարարությունների մի մասը քարոզչական բաղադրիչ ունի, մասնավորապես՝ ադրբեջանական քարոզչությունը տարածքային թվացյալ հաջողությունների մասին լեգենդներով տարիներ շարունակ կերակրում է իր հասարակությանը։

Մյուս կողմից՝ Ադրբեջանը հետևողականորեն պատրաստվում է սպառազինվել ու պատրաստվել պատերազմի, և սա ճշմարտություն է, որը չպետք է անտեսվի Հայաստանի իշխանությունների կողմից։

Հետհեղափոխական գրեթե յոթ ամիսների ընթացում Հայաստանի ղեկավարությանը չի հաջողվել նվազեցնել պատերազմի ռիսկերը։ Խոսքն առաջին հերթին ավելի որակյալ դիվանագիտական գործունեության մասին է։ Ինչքան էլ անտեսենք իրողությունները կամ խուսափենք կրկնել գնահատականներ, որոնք հնչեցնում են հին համակարգի ներկայացուցիչները, փաստ է, որ Արևմուտքի հետ հարաբերությունները որակական նոր մակարդակ չեն արձանագրել. համենայնդեպս՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում հեղափոխության արդյունքները չեն կապիտալիզացվել, իսկ հայ-ամերիկյան հարաբերություններում շարունակում է բացակայել քաղաքական օրակարգը։

Սակայն Հայաստանի արտաքին քաղաքականության «աքիլլեսյան գարշապարը» շարունակում են մնալ հայ-ռուսական հարաբերությունները. Մոսկվան բոլոր հնարավոր հարթակներում մեծացնում է ճնշումները Հայաստանի հանդեպ։ Այսպիսի համատեքստում խիստ հասկանալի է, թե ինչու է նոր շնչառություն ստացել Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...