Ինչը կամ ով է խթանել Լուկաշենկոյին բացել խաղաքարտերը

- in Միջազգային
Aliev Lukashenko

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Մինսկում լրագրողների հետ հանդիպմանն անկեղծացել է ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի շուրջ և արել հայտարարություններ, որոնք ինչ-որ իմաստով պարունակում են նաև խոհանոցային դետալներ, առնվազն մթնոլորտն արտահայտելու իմաստով:

Բելառուսի նախագահն ասել է, որ Փաշինյանին ՀԱՊԿ բոլոր նախագահները հարց են տվել, թե ինչու չի իրազեկել մինչև գլխավոր քարտուղար Խաչատուրովի հանդեպ ներքին գործընթաց սկսելը: Թե ինչ է պատասխանել Փաշինյանը՝ Բելառուսի նախագահը չի ասել: Միաժամանակ նա հայտարարել է, թե իրենք չեն ճգնաժամի պատճառը, և շիլաշփոթը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը, խառնելով իրավիճակը Հայաստանի ներքին զարգացումների հետ: Բելառուսի նախագահն ընդհուպ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում նրան անգամ առաջարկել են համաձայնել Ադրբեջանին 5 շրջան վերադարձնելուն և փոխզիջման գալուն, սակայն Սարգսյանը մերժել է: Բելառուսի նախագահի ասուլիսը հնարավոր է գնահատել իբրև «քաղաքական ստրիպտիզ», կամ ավելի մեղմ իմաստով՝ նա բացել է խաղաքարտերը:

Թե ինչու է Լուկաշենկոն անկեղծացել այդ աստիճան ու հիշել նաև Սերժ Սարգսյանին, միարժեք ասելը, անշուշտ, դժվար է: Բելառուսի նախագահին, ըստ երևույթին, հունից հանել է այն, որ Պուտինը Հայաստանի խորհրդարանի ընտրությունից արդեն մոտ հինգ օր անց դեռ չի շնորհավորել Փաշինյանին, ու ավելին՝ չի էլ երևում, թե երբ կշնորհավորի: Այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանին 2017-ին շնորհավորել էր անմիջապես: Լուկաշենկոն գուցե դրա համար է նաև հիշում Սերժ Սարգսյանին, որը հրաժարվել է տարածք հանձնել: Բանն այստեղ, անշուշտ, տարածքները չեն, այլ հայ-ռուսական հարաբերության բնույթը: Բելառուսի նախագահն ակնարկում է, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հորդորով էր հանձնում, կամ չէր հանձնում:

Ի վերջո, 2011 թվականին Կազանում Սարգսյանը համաձայն էր հանձնել տարածքներ, երբ եռակողմ ֆորմատի հրամանատարը Մոսկվան էր: Իհարկե հասկանալի է, որ Սարգսյանն այդ ժամանակ էլ համաձայն էր հույսով, որ գործընթացը ձախողելու է Միացյալ Նահանգները, բայց խնդիրը տվյալ պարագայում դա չէ: Լուկաշենկոն փորձում է ակնարկել, որ Կազանում շրջան հանձնելու պատրաստ Սարգսյանը հետո արդեն մերժում էր հանձնելու առաջարկը: Ինչ կապ ունի այստեղ Պուտինի ուշացող շնորհավորանքը Փաշինյանին և անգամ որոշակի լարվածության մթնոլորտն այդ տիրույթում: Բանն այն է, որ Պուտինը հրաժարվելով շնորհավորել Փաշինյանին այնպես, ինչպես Սերժ Սարգսյանին, գործնականում հրաժարվում է Հայաստանի վարքագծի համար պատասխանատու լինել այնպես, ինչպես պատասխանատու էր Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում և դրանից էլ առաջ: Պուտինը, այսպես ասած, «սառնություն» է խթանում Հայաստանի հետ հարաբերության մեջ, մինչդեռ ՀԱՊԿ-ում և ընդհանրապես եվրասիական ակումբների շրջանակում ձևավորված ամբողջ տրամաբանությունը եղել է այն, որ Հայաստանը դիտարկվել է թիրախ Ռուսաստանին հարվածելու համար, հաշվի առնելով հենց այն, որ, եթե Ռուսաստանն առաջնորդի տարածք հանձնելու՝ Սերժ Սարգսյանը կհամաձայնի Կազանին, եթե ոչ՝ Սարգսյանը կմերժի:

Հիմա Պուտինը ցույց է տալիս, որ հարաբերությունը սառն է, իսկ Փաշինյանը նույնիսկ չի էլ ասում, թե ինչ է պատրաստվում անել եվրասիական ակումբների շրջանակում: Լուկաշենկոն, Նազարբաևը և Ալիևը, և այն շրջանակները, որոնց համար Հայաստանը Ռուսաստանին հարվածի հարմար թիրախ էր, հայտնվում են շփոթության մեջ: Ստացվում է, որ Հայաստանն է նրանց վերցրել նշանառության տակ: Լուկաշենկոն պատահական չէ, որ դժգոհում է Հայաստանի ներքաղաքական իրողությունները ՀԱՊԿ շրջանակ բերելուց: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն է փոխել, այլ փոխում է ստատուս-քվոն եվրասիական ակումբի շրջանակում: Սա է հունից հանում Բելառուսի նախագահին և ստիպում բացել խաղաքարտերը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...