Ինչպիսի՞ն էր Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում 2018 թ.-ին

- in Կարծիք
Russia

Անցնող տարի Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում աչքի չընկավ տեսանելի ակտիվությամբ, ինչը, թերևս, պայմանավորված էր երկրի արտաքին քաղաքականության այլ ուղղություններում բազմաբնույթ խնդիրների առկայությամբ։

Տարածաշրջանի երեք երկրներից յուրաքանչյուրի հետ Ռուսաստանն ունի ինչպես հարաբերությունների՝ միմյանցից տարբերվող մակարդակներ, այնպես էլ տարբեր օրակարգեր և գերակայություններ։ Նման մոտեցումը լիարժեքորեն դրսևորվեց նաև անցնող տարում։

Ռուսաստան-Վրաստան

2018թ. լրացավ «օգոստոսյան պատերազմի» տասը տարին, սակայն այս տարիների ընթացքում Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերություններում ակնհայտ տեղաշարժեր չեն գրանցվել։ Կողմերը շարունակել են մեղադրել միմյանց «ագրեսիվ գործողությունների և ոչ կառուցողական հռետորաբանության կիրառման մեջ»։ 2018թ․ Ռուսաստանի կողմից կրկին բարձրաձայնվում էր այսպես կոչված «Մեդվեդև-Սարկոզիի ծրագրի» և Ժնևյան պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Թբիլիսիի և Սուխումիի, Թբիլիսիի և Ցխինվալիի միջև ուժի չկիրառման մասին համաձայնագրերի կնքման մասով։ Սակայն 2018թ․ դեկտեմբերի 10-11-ը այդ ձևաչափով տեղի ունեցած հերթական հանդիպմանը կողմերին չհաջողվեց համաձայնեցնել անգամ բանավոր հայտարարություն, որն, ըստ էության, կարևոր քայլ կլիներ հետագայում համաձայնագիր ստորագրելու համար։ Բացի այդ, ռուսական, աբխազական և հարավօսական կողմերը ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները բնորոշում են որպես «սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը», իսկ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ «կպաշտպանի Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի կամ ՆԱՏՕ-ի ցանկացած ագրեսիայից»։

Հիշեցնենք, որ Անդրկովկասի հարցով ժնևյան բանակցություններն ընթանում են 2008թ․-ից Ռուսաստանի և Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահների՝ Դմիտրի Մեդվեդևի և Նիկոլա Սարկոզիի պայմանավորվածությունների հիման վրա՝ ՄԱԿ-ի, Եվրոպական Միության և ԵԱՀԿ-ի հովանու ներքո, և հանդիսանում են Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսության միակ հարթակը։ Բանակցություններին մասնակցում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ներկայացուցիչները։ Ձևաչափի կարևորագույն արդյունքը, թերևս, այն է, որ տասը տարիների ընթացքում կողմերին հաջողվել է խուսափել ռազմական գործողություններից։ Բացի այդ, ձևաչափի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ Վրսատանն ուղիղ բանակցություններ է վարում Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ, ինչը բավական կարևոր պայման է կառուցողական երկխոսության ապահովման համար։

Ռուս-վրացական հարաբերություններում մեկ այլ «կնճռոտ» խնդիր է շարունակում մնալ «Ռուսաստանի սահմաններին ամերիկյան բիոլաբորատորիաների առկայության» հարցը։ Դա, մասնավորապես, վերաբերում է Լուգարի լաբորատորիային, որը բացվել է 2011թ․-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ոչ հեռու։ Հետազոտական այս կենտրոնի հետ կապված ռուսական հիմնական մտահոգությունն, ըստ պաշտոնական հայտարարությունների, այդ լաբորատորիայում տեղի ունեցող փորձերի բնույթի գաղտնիությունն է, ինչը կենսաբանական անվտանգության տեսանկյունից լուրջ անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մտահոգությունների համար որոշակի հիմք ստեղծեցին 2018թ․ սեպտեմբերի 11-ին Վրաստանի նախկին պետանվտանգության նախարար Իգոր Գիորգաձեի հրապարակած փաստաթղթերը, որոնք, ըստ ՌԴ ԱԳ նախարարության, վկայում են ԱՄՆ-ի կողմից «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայի «կոպտագույն խախտման» մասին։ Այլ կերպ ասած, Ռուսաստանը չի բացառում, որ Լուգարի լաբորատորիայում մշակվում է կենսաբանական զենք։ Սակայն Պենտագոնը պաշտոնապես հերքել է նման տեղեկատվությունը՝ նշելով, որ «բիոլաբորատորիան ամերիկյան օբյեկտ չէ»։

Ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում 2018թ․ որոշակի կարևորություն ունեցավ նաև Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ում ընտրություններում աջակցում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, դեռ նախընտրական շրջանում Ռուսաստանի նկատմամբ քննադատությունները հնչեցնում էր նախկին՝ Մ․ Սահակաշվիլին իշխանության «թույլ տված սխալների» համատեքստում։ Չնայած նման քննադատություններին՝ Մոսկվան հույս էր հայտնում, որ նոր նախագահի ընտրությունը որոշակի խթան կարող է հաղորդել երկկողմ հարաբերություններին։ Այնուամենայնիվ, Վրաստանի առաջին կին նախագահն արտաքին քաղաքականության հարցերում հավատարիմ է երկրի ներկայիս կուրսին։ Նա Ռուսաստանին կոչ է արել «վերանայել դիրքորոշումը Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում և հարգել միջազգային իրավունը»։ Զուրաբիշվիլին «խոստացել է» Վրաստանն առավելագույնս մոտեցնել Եվրամիությանը, հնարավորության դեպքում նաև երկիրը դարձնել ԵՄ և ՆԱՏՕ անդամ, խորացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ։

Հաշվի առնելով արևմտյան ինտեգրացիոն և պաշտպանական կառույցներին Վրաստանի անդամակցության շահագրգռվածությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ 2019թ․ ավելի վճռական քայլեր իրականացնելու պատրաստակամությունը (այդ թվում՝ նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կողմից), կարելի է ենթադրել, որ հաջորդ տարի վրաց-ռուսական հարաբերություններում դրական միտումների հավանականությունն այնքան էլ բարձր չէ։

Ռուսաստան-Ադրբեջան

2018թ․ ռուս-ադրբեջանական քաղաքական հարաբերությունների տեսանկյունից բավական կայուն էր, շարունակվել են բարձր մակարդակի պարբերական հանդիպումները, որոնցից կարևոր է առանձնացնել, մասնավորապես, օգոստոսի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Սոչի և սեպտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցը Բաքու։ Լրատվական և փորձագիտական շրջանակներում այս հանդիպումները բավական շահարկվեցին, մասնավորապես՝ փորձ արվեց հատուկ նշանակություն հաղորդել դրանց, բարձրացնել դրանց կարևորությունը։ Ադրբեջանական նման գործողություններն, ըստ էության, ունեին հիմնականում քարոզչական նշանակություն։

Տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության տեսանկյունից առավել աչքի ընկավ Ի․ Ալիևի՝ Սոչի կատարած այցը, որի ընթացքում կողմերի միջև մի շարք համաձայնություններ են ստորագրվել։ Ի թիվս այլ փաստաթղթերի՝ ստորագրվել է երկու երկրների միջև «Տնտեսական համագործակցության գերակա ուղղությունների մասին համատեղ հայտարարություն», ինչպես նաև «Համագործակցության առանցքային ուղղությունների զարգացման գործողությունների ծրագիրը», որում ուշադրության են արժանացել առևտրի, ներդրումների, տրանսպորտային ուղիների, հումանիտար համագործակցության հարցեր։ Անհրաժեշտ է փաստել, որ երկու կողմից էլ ողջ տարվա ընթացքում տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային համագործակցության մասով հնչել են դրական արձագանքներ և բարձր է գնահատվել այդ համագործակցության ներուժը։ Ըստ էության, Ռուսաստանի համար Ադրբեջանի հետ այս ոլորտներում հարաբերությունների ամրապնդումը կարևորվում է մի քանի հանգամանքով։ Նախ, էներգետիկ ոլորտը երկու երկրների համագործակցության ավանդական ոլորտն է, նրանց էներգետիկ համակարգերը բավական փոխկապակցված են։ Ադրբեջանում ակտիվորեն գործում են ռուսական էներգետիկ կազմակերպությունները, ի դեմս՝ «Գազպրոմի», «Տրանսնավթի», «Լուկօյլի»։ Ռուսաստանի կողմից կարևորվում են Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման տեսանկյունից, ինչը կկապի արևմտաեվրոպական և ասիական շուկաները։ Բացի այդ, Ռուսաստանը ներմուծման ծավալներով շարունակում է մնալ առաջին երկիրը Ադրբեջանի համար, ինչպես նաև առաջինը ադրբեջանական նավթի արտահանման տեսանկյունից։ Ուստի պատահական չէ, որ Ադրբեջանը համարվում է Ռուսաստանի կարևորագույն տնտեսական և էներգետիկ գործընկերներից մեկը։

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում բավական կարևոր է ռազմական ոլորտում համագործակցությունը։ 2018թ․ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց Ադրբեջանի՝ Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի զենք գնելու տեղեկատվությունը, ինչի մասին Սոչի կատարած այցի ժամանակ հիշեցրեց նաև Իլհամ Ալիևը։ Պետք է ընդգծել, որ այդ հայտարարությունն իրական շփոթ առաջացրեց տարբեր շրջանակներում, քանի որ որոշ լրատվամիջոցներում այն մեկնաբանվեց որպես զենքի վաճառքի վերաբերյալ նոր գործարքի մասին հայտարարություն։ Իրականում խոսքը տարբեր տարիների ընթացքում իրականացված գործարքների մասին էր, որոնց ծավալները հասել են 5 միլիարդ դոլարի, իսկ անցնող տարում առնվազն հրապարակային մակարդակում որևէ նոր շոշափելի պայմանագրի մասին չի բարձրաձայնվել։ Ավելին, դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Ադրբեջանին «Բալ-է» առափնյա հրթիռային համալիրի վաճառքը: Ըստ առկա տեղեկությունների՝ գործարքի շուրջ կողմերի միջև եղել է պայմանավորվածություն, վաճառքի համար նախատեսված է եղել «փոքր խմբաքանակ՝ մի քանի տասնյակ հրթիռներով», սակայն համաձայնագիրը չի ստորագրվել: Ըստ ռուսական «Կոմերսանտ» թերթի՝ գործարքի չեղարկման պատճառ կարող էր հանդիսանալ հրթիռների պոտենցիալ վտանգը ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպից նավատորմիղի նավերի համար։ Բացի այդ, նշվում է, որ «ռուսական կողմը չէր ցանկանա, որ զենքը կիրառվեր Ղարաբաղյան հակամարտությունում»։ Բանն այն է, որ այդ հրթիռները կարող են խոցել նաև ցամաքային թիրախներ․ նման դեպք արձանագրվել է 2016թ․ Սիրիայում։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հերքել է հրթիռային համալիրի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների և գործարքի չեղարկման փաստը, իսկ ռուսական կողմից պաշտոնական արձագանք չի եղել։

Այսպիսով, կարող ենք նշել, որ 2018թ․ ռուս-ադրբեջանական հարաբերություններում առավել ակտիվ էր տնտեսական ոլորտը, ինչը բավական օբյեկտիվ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի տիրապետած էներգետիկ ռեսուրսներն ու զբաղեցրած աշխարհագրական դիրքը։

Ռուսաստան-Հայաստան

2018թ․ հայ-ռուսական հարաբերությունները պայմանականորեն կարելի է դիտարկել երկու մասով՝ հունվար-մայիս և մայիս-դեկտեմբեր ամիսներին։ Մինչև մայիս ամիսը ՀՀ-ՌԴ հարաբերություններն ընթացել են բնականոն հունով, բարձր մակարդակի հանդիպումներ գրեթե տեղի չեն ունեցել։ Միայն ապրիլի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Արցախի և Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակը քննարկելու նպատակով։

Ինչ վերաբերում է ապրիլ-մայիս ամիսներին, ապա հատկանշական է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացների ժամանակահատվածում Ռուսաստանի բավական չեզոք դիրքորոշումը։ Չնայած Հայաստանի ներքաղաքական զարգացումների և երկրում տեղի ունեցած իշխանափոխության վերաբերյալ ռուսական լրատվադաշտում և փորձագիտական շրջանակներում առկա տարբեր, այդ թվում՝ հակահայկական բնույթի մեկնաբանությունների առկայությանը՝ հաճախ նաև ադրբեջանական միջամտությամբ, ինչպես նաև Հայաստանի ներքին գործընթացների հետ կապված՝ ռուսական կողմում առկա որոշակի մտահոգություններին՝ ՌԴ-ից հնչող պաշտոնական արձագանքները բավական կառուցողական էին և միտված էին Հայաստանի հետ ավանդական բարեկամության պահպանմանը։ Դրան, իհարկե, նպաստում էր նաև հայկական կողմի հավասարակշռված ու զսպված մոտեցումը, ինչը թույլ տվեց Հայաստանում տեղի ունեցած գործընթացները զերծ պահել ցանկացած աշխարհաքաղաքական ազդեցությունից։

Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման, փոխվստահության ամրապնդման, առկա համագործակցության խորացման տեսանկյունից բավական կարևոր էր տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումների դինամիկան։ Առաջնորդների միջև առաջին հանդիպումը, որն, ըստ էության, կրում էր ճանաչողական բնույթ, տեղի ունեցավ մայիսի 14-ին Սոչիում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում։ Երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել Պուտին-Փաշինյան երկրորդ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել հունիսի 13-ին Մոսկվայում՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում։ Սեպտեմբերի 8-ին երկու երկրների ղեկավարները հանդիպել են Մոսկվայում, քննարկել հարաբերությունների բոլոր ոլորտներն ընդգրկող հարցեր, մասնավորապես՝ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման, ռազմական մատակարարումների, առևտրաշրջանառության աճի և այլ հարցերի շուրջ, որոնք այսօր էլ շարունակում են մնալ օրակարգում։ Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Դուշանբեում (սեպտեմբերի 28), Աստանայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ (նոյեմբերի 8), ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում (դեկտեմբերի 6), որի ընթացքում տեղի է ունեցել նաև Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ։ 2018թ․ նման ինտենսիվությամբ հանդիպումները եզրափակվեցին դեկտեմբերի 27-ին Ն. Փաշինյանի՝ Մոսկվա կատարած մեկօրյա աշխատանքային այցով։

Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի մասին իր տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի ամենամտերիմ ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում։

Ռազմական համագործակցության տեսանկյունից բավական կարևոր էր օգոստոսի 21-ին Հայաստանում Կալաշնիկովի ինքնաձիգի նոր՝ ԱԿ-12 և ԱԿ-15 նմուշների արտադրություն հիմնելու մասին հայկական մասնավոր ընկերության և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի միջև պայմանագրի ստորագրումը։ Հայաստանի համար աննախադեպ այս գործարքն ուղղված էր երկրում ռազմական արդյունաբերության զարգացմանը։ Հետաքրքրական էր նաև Ռուսաստանի կողմից 100 միլիոն դոլար վարկի տրամադրման նախապատրաստման մասին հայտարարությունները։ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հրաժարվել է ասել, թե կոնկրետ ինչպիսի սպառազինությունների ձեռքբերման համար է տրամադրվելու ռուսական վարկը, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ խոսքը բազմաֆունկցիոնալ ավիացիայի մասին է։ Ռազմական մատակարարումները 2018թ., ըստ պաշտոնական տվյալների, շարունակվել են բնականոն հունով։

Ներկայումս քննարկման փուլում գտնվող օրակարգային կարևոր հարցերից է Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայումը։ Երկու երկրների կառավարությունների միջև ընթանում են բանակցություններ, և գազի վերջնական գինը պարզ կլինի միայն այդ բանակցությունների ավարտից հետո։ Խնդիրը քննարկվել է նաև Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում, սակայն հարցի հետ կապված, ինչպես ՀՀ վարչապետն է նշել, դեռևս վերջնական որոշում չկա:

Հայ-ռուսական հարաբերությունները 2018թ․, իհարկե, չեն սահմանափակվել երկկողմ փոխգործակցությամբ։ Երկու երկրներն ակտիվ համագործակցել են ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակներում։

Այսպիսով, կարող ենք ասել, որ 2018թ․ հարավկովկասյան երեք երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների բնույթը բավական տարբեր է եղել։ Վրաստանի պարագայում կողմերի միջև առկա խնդիրները պահպանվել են, բանակցություններում լուրջ տեղաշարժեր չեն գրանցվել. ներկայումս վաղ է խոսել հարաբերություններում դրական դինամիկայի մասին։ Ադրբեջանի հետ շարունակվել է համագործակցությունը քաղաքական, ռազմական, տնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում։ 2018թ. ձեռքբերումները երկու երկրների միջև առավելապես վերաբերում են տնտեսական ոլորտին։ Հայաստանի հետ շարունակվում են ռազմավարական բնույթի դաշնակցային հարաբերությունները, տարբեր ոլորտներում առկա փոխգործակցությունը, ինչպես նաև ակտիվ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կառույցներում։ Այնուամենայնիվ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում հայ-ռուսական հարաբերություններում առկա է չիրացված ներուժ, որի բացահայտումն ու կյանքի կոչումը ավելի կամրապնդեն ռազմավարական դաշնակցային հարաբերություններն ու կխթանեն քաղաքական, տնտեսական, ռազմական և հումանիտար տարբեր ոլորտների զարգացումը։

Վարդուհի Հարությունյան