Լավրովի հայտարարության երկիմաստությունը չի վերանում

- in Վերլուծական
Sergey Lavrov

Հայաստանում ամերիկյան ֆինանսավորմամբ ստեղծված կենսալաբորատորիաների վերաբերյալ Լավրովի երկիմաստ հայտարարությունը Հայաստանի մեդիա-վերլուծական շրջանակներում լայն քննարկման արժանացավ, որից հետո ՌԴ ԱԳՆ-ն ստիպված էր որոշակիություն մտցնել իրավիճակում:

ԿՊ ռադիոկայանին տված հարցազրույցում Լավրովը խոսել էր Հայաստանի հետ նախապատրաստվող համաձայնագրի մասին եւ ասել, որ այն վերաբերվում է երրորդ երկրների զինվորականների ներկայությունը բացառելուն, թեեւ համատեքստում հասկանալի էր, որ խոսքը լաբորատորիաների մասին է: ՌԴ ԱԳՆ-ն Լավրովի խոսքը տեղադրել է հենց այս հստակեցված տարբերակով:

Այնուամենայնիվ, որոշակի հարցեր մնում են:

Լավրովի հայտարարությանն արձագանքել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը, ասելով, որ լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում. «Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել, որ խոսքը գնում է Հայաստանի սանիտարահամաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա», ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Խնդրին իր ասուլիսում անդրադարձել էր նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը. «Չեմ թաքցնում, այս հարցը մեզ անհագստացնում է, և հենց այդ պատճառով ենք մենք ծավալում երկխոսությունը: Իմ տեղեկություններով՝ հայկական կողմի հետ երկխոսությունն ընթանում է բավական կառուցողական: Այսինքն՝ այս հարցում կա փոխըմբռնում, և ես չեմ բացառում, որ ինչ-որ փուլում մենք կհասնենք ընդհանուր համաձայնության»:

Այս հայտարարություններում որոշակի հակասություններ կան: Եթե այդ լաբորատորիաները բացառապես Հայաստանինն են, դրանք քաղաքացիական են եւ զինվորականներ չկան, ինչպես հայտարարում է ՀՀ ԱԳՆ խոսնակը, այդ դեպքում ինչի՞ շուրջ են հայ-ռուսական բանակցությունները եւ համաձայնագիրը, առավել եւս, որ հայկական կողմը թույլ է տվել ռուսներին այցելել այդ լաբորատորիաներ եւ անձամբ համոզվել դրանում:

Իրավիճակը հստակ պարզաբանում է պահանջում, այլապես Լավրովի հայտարարության երկիմաստությունը չի վերանում: