«Կլառնետը բերել ես, դե նվագի». 34 տարի առաջ պարետատան պետը կրակել է պարետի սենյակում հավաքվածների վրա, մեկ հոգու սպանել է, 4-ին՝ վիրավորել

- in Իրավունք
Atrchanak

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արամայիս Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Սարդարյանի նախագահությամբ:

1949 թվականին ծնված Արամայիս Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով:

Դեպքը կատարվել է 1994 թվականի հուլիսի 4-ին: Հուլիսի 5-ին քրեական գործ է հարուցվել: Դիտավորյալ սպանության համար մեղադրվող Արամայիս Ա.-ին հուլիսի 15-ին կալանքի տակ են առել: Սեպտեմբերի 13-ին Արամայիս Ա.-ի խափանման միջոցը փոխվել է՝ նա հանձնվել է զորամասի հրամանատարության հսկողությանը: 1995 թվականի հունվարի 5-ին Արամայիս Ա.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2017 թվականի սեպտեմբերի 25-ին գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: 2018 թվականի փետրվարի 26-ին Արամայիս Ա.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ մասերով:

Ըստ մեղադրանքի՝ Արամայիս Ա.-ն, հանդիսանալով ՊԲ համապատասխան պաշտպանական շրջանի զինվորական պարետատան կայազորի հաուպտվախտի պետ, կոչումով «պրապորշիկ», 1994 թվականի հուլիսի 4-ի կեսգիշերին հիշյալ պարետատանը՝ պարետի աշխատասենյակում, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի մարդկանց կյանքից զրկելու դիտավորությամբ լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը և կրակահերթ է արձակել աշխատասենյակում գտնվողների ուղղությամբ:

Արձակված կրակոցներից Արթուր Խ.-ն ստացել է մահացու հրազենային գնդակային վիրավորումներ, Ենոք Ն.-ի և Արթուր Խ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, Հովիկ Ե.-ի և Սամվել Ա.-ի առողջությանը՝ թեթև վնաս:

Դատարանում Արամայիս Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե իր ընկերը այգի ուներ, իրեն կանչել էր մի բաժակ գինի խմելու: Դեռ մի բաժակ չխմած՝ աղմուկ է լսել: Գնացել ու տեսել է, որ պարետի սենյակում ոտքերը ոտքերին գցած՝ նստած են տղաները, թմրամիջոց են օգտագործում: Ինքը պահանջել է, որ սենյակից դուրս գան: Իսկ նրանք ծիծաղում էին ու իրեն ծաղրում: Ինքը գնացել է պահեստ, վերցրել է ինքնաձիգը, եկել ու նորից պահանջել է, որ սենյակից դուրս գան: Այդ հավաքվածների հայրերը իրեն մոտիկ մարդիկ էին, ինքը չի ցանկացել նրանց վիրավորել, ուղղակի պահանջել է, որ դուրս գան: Իսկ նրանք ծուխը փչում էին իր վրա, ծիծաղում ու ասում էին. «Կլառնետը, դուդուկը բերել ես, դե նվագի»: «Դուդուկ»՝ ավտոմատին էին ասում: Ինքը մի անգամ գետնին է կրակել, նրանք շարունակել են ծիծաղել: Հետո նրանց ոտքերի ուղղությամբ է կրակել ու ձայներ է լսել՝ վայ, վույ, վայ, մամա… Ինքը դուրս է եկել ու նստել է դրսում: Հետո ոստիկանությունից եկել ու իրեն տարել են:

Ինքը չի ցանկացել նրանց կոտորել, եթե ցանկանար՝ «սաղին կկոտորեր»: Ինքը գետնին է կրակել, թե էդ տղեն ոնց է մահացել, ինքը չի իմացել… Մինչև սենյակ մտնելը ինքն այդ տղաների հետ օղի չի խմել, նրանց չի հյուրասիրել: Ինքը պահակապետին հարցրել է՝ ինչո՞ւ են այդ տղաները եկել, նա պատասխանել է՝ եկել են ֆուտբոլ նայելու: Ինքը փախչողների հետևից կրակել է, բայց կրակել է, որ նրանք հեռանան, կրակել է գետնին: Եթե ցանկանար՝ բոլորին կսպաներ: Իր ընկերոջ այգին նույն տարածքում էր, ինքը այգում էր, այնտեղից է լսել բարձր ձայները… Այդ օրն ինքը ծառայության մեջ է եղել: Պարետի սենյակում հավաքվածները պարետի հետ մտերիմ էին…

Ամբաստանյալն ասել է, թե զղջում է արածի համար՝ ինքն այդ բանը չպիտի աներ, ուղղակի այնպիսի խոսքեր են ասել, ծխախոտի ծուխն էլ փչել են իր վրա, ինքը նման բան է արել: Ինքը թմրամիջոց չի օգտագործել: Դեպքից հետո իրեն հարցրել են՝ ինչու է այդպիսի բան արել, ինքն ասել է՝ հունից հանել են, դրա համար է արել…

Տուժող Ենոք Ն.-ն ասել է, թե ինքը ֆուտբոլ էր նայում, երբ ներս է մտել ամբաստանյալը ու սկսել է կրակել: Ինքը չգիտի՝ նա ինչու էր կրակում կամ ով էր նրան ստիպել: Պարետատանը իրենք 10-15 հոգով էին: Դեպքից հետո իր մոտ հիշողության խնդիրեն են առաջացել: Իրենք դեպքի պահին ֆուտբոլ էին նայում՝ աշխարհի առաջնության խաղ էր ընթանում:

Երբ ամբաստանյալը զենքով սենյակ է մտել, տղաներից մեկը հարցրել է՝ ինչո՞ւ է զենքի ապահովիչն իջեցրել, ամբաստանյալն ասել է՝ կոտորելու եմ:

Ինքն ուշադրություն չի դարձրել, բայց ամբաստանյալը, իրոք, սկսել է կրակել, նա ամբողջ պահեստատուփը դատարկել է: Ով հասցրել՝ փախել է, ով չի հասցրել՝ գնդակը դիպել է: Սենյակը փոքր էր, ներսում շատ մարդ կար: Կրակոցներից վախեցել են, աղմուկ է բարձրացել: Ինքը վերջում է վիրավորվել: Ինքը փորձել է զենքը խլել Արամայիսից: Հետո ոչինչ չի հիշում՝ գիտակցությունը կորցրել է: Բոլորը խառնված փախչում էին՝ դռնով, պատուհանով: Սենյակում ծուխ էր: Ամբաստանյալն ամբողջ պահեստատուփը թափել ու դուրս է եկել: Իրեն մի քանի գնդակ է դիպել՝ մեջքի, փորի, կողքի հատվածներում: Ինքը չի մոռանում ամբաստանյալի աչքերի սարսափելի արտահայտությունը…

Այդ ժամանակ պարետը տեղում չէր, բայց իրենք պարետի հետ մտերիմ էին, ազատ մտնում-դուրս էին գալիս: Սենյակում աղմուկ չի եղել: Ամբաստանյալը միանգամից զենքով է մտել սենյակ…

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Արամայիս Ա.-ն ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը, քննելով գործը, եզրակացրել է, որ Արամայիս Ա.-ն սպանությունը կատարել է ո՛չ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով: Արամայիս Ա.-ի գործողությունների հետևանքով մահացել է միայն Արթուր Խ.-ն, մյուսները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մեկն ընդհանրապես վնասվածք չի ստացել:

Ըստ դատարանի եզրակացության՝ Արամայիս Ա.-ն սենյակում գտնվող վեց անձանց նկատմամբ կատարել է սպանության փորձ: Մահացել է մեկ անձ, չորս հոգի ստացել են մարմնական վնասվածքներ:

Դատարանը եզրակացրել է, որ Արամայիս Ա.-ի արարքը՝ ավարտված ու չավարտված մասերով, պետք է առանձին իրավաբանական որակումներ ստանա:

Արամայիս Ա.-ին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է: Նա մեղավոր է ճանաչվել երկու և ավելի անձանց սպանության փորձի ու մեկ անձի դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 104 հոդվածի 1-ին մասով:

Այս վերաորակումը կատարելուց հետո դատարանը որոշել է՝ Արամայիս Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործի վարույթը կարճել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Արամայիս Ա.-ն դատարանի դահլիճում ազատ է արձակվել կալանքից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը՝ պահանջելով՝ դատավճիռը բեկանել, անհիմն ճանաչել Արամայիս Ա.-ի արարքի վերաորակումը, նրան մեղավոր ճանաչել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, և Արամայիս Ա.-ին դատապարտել 10 տարի ազատազրկման: