Կոպիրկինն արդեն խոսում է ոչ թե Իսկանդերների, այլ փափուկ ուժի մասին

- in Հրապարակ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի կողմից փափուկ ուժի կիրառման գործոնը համալիր, համակարգային հարց է:

Դեսպանը նշել է, որ պետք է ակտիվ աշխատանք տանել քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների հետ: «Իմ այսօրվա ելույթը հենց դրա դրսեւորումն է: Դեսպանատունը եւ Հայաստանում գործող ռուսական կազմակերպությունները տրամադրված են երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու», – նկատել է դիավանագետը: Այդ առումով, Սերգեյ Կոպիրկինի կարծիքով, իր դերն է խաղում Հայաստանի աճող զբոսաշրջային գրավչությունը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը փաստորեն սահմանել է Հայաստանում Մոսկվայի նոր ռազմավարությունը: Դատելով հայտարարությունից՝ Մոսկվան պրագմատիկ կուրս է ընտրել՝ նշելով, որ եթե նախկինում Ռուսաստանը շահագրգռված էր միայն հայ գաստարբայտերների ներգրավմամբ ու նրանց քաղաքացիություն տալով, հիմա խթանելու է ռուս զբոսաշրջիկների հոսքը Հայաստան:

Մոսկվայի համար դա իրոք պրագմատիկ է: Բանն այն է, որ միջազգային պատժամիջոցների պատճառով Ռուսաստանում 4 միլիոն մարդ, որոնք հիմնականում աշխատում են ուժային կառույցներում, հնարավորություն չունեն հանգստանալու արտասահմանում: Նրանք կարող են մեկնել այնտեղ, ուր գործում է ռուսական ներքին անձնագիրը: Հայաստանն այդ երեք երկրների ցանկում է:

Բայց դա ամենագլխավորը չէ: Ռուսաստանը որոշել է հրաժարվել բացառապես իշխանության ու դրանից սնվող կառույցների հետ աշխատանքի արտավոր պրակտիկայից: Մոսկվան հայտարարում է Հայաստանում քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների հետ աշխատանքի մասին՝ դրանով իսկ խոստովանելով թրոլների ու ֆեյքերի բանակի ֆիասկոն:

Ըստ ամենայնի, նոր Հայաստանի հետ նոր հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությունը կարող է ստիպել Մոսկվային վերանայել «փափուկ ուժի» արտաքին քաղաքականությունը: Փչված ու մեծամիտ ագրեսիայի վրա կառուցված այդ քաղաքականությունը մեկը մյուսի հետեւից պարտություն է կրում Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում, Չեռնոգորիայում, Հունաստանում… կազակները, կարմրամորուս Կադիրովն ու ակնոցավոր թրոլներն արդեն չեն օգնում: Պետք են նոր մոտեցումներ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել Կոմսոմոլսկայա պրավդային, որի լրագրող Դարյա Ասլամովան փրփուրը բերանին մեղադրում էր նախարարին, որ զորք չեն մտցնում Ռուսաստանի դեմ հանդես եկող երկրներ: Լավրովը ծիծաղով էր պատասխանում, բայց արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանում մեծապետկան ամենաթողության քարոզչությունն անցել է բոլոր սահմանները:

Այս մասին գրում է նաեւ հայտնի եվրասիական գործիչ Ալեքսանդր Դուգինը: «Ներքին հավասարակշռության պահպանման համար երկար ժամանակ չէի հետաքրքրվում ռուսական տեղեկատվական ոլորտով: Հետաքրքրվեցի դեղին բաճկոնավորների կապակցությամբ: Լսեք, ինչպիսի սարսափ է տիրում: Ռուսական հեռուստաընկերությունները, մամուլն ու ինտերնետը թունավոր միջավայր են: Միայն սուտ, ցինիզմ ու մտավոր մակարդակի առավելագույն նվազում կա: Այդպես լինում է միայն ցիկլի ավարտից առաջ»:

Հիմա Կոպիրկինը խոսում է ոչ թե Իսկանդերների, այլ փափուկ ուժի, ոչ թե «կանաչ մարդուկների», այլ զբոսաշրջիկների, ոչ թե «արեւմտյան գրանտակերների», այլ քաղաքացիական հասարակության մասին: