Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն անցած 11 ամիսներին

- in Տնտեսական
Hashvark

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա 11 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 19.1 տոկոսով:

Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 6 մլրդ 723 մլն 524.6 հազար դոլար:

Դրանից ՌԴ հետ առևտաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 754 մլն 247.9 հազար դոլար, ինչը 13.5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ընդհանուր առմամբ, արտահանման ծավալները վերոհիշյալ ժամանակահատվածում աճել են 9.8 տոկոսով, իսկ ներմուծմանը՝ 24.2 տոկոսով:

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտահանման ծավալներն աճել են 20.6, ներմուծմանը՝ 14.0 տոկոսով: Այդ թվում՝ դեպի ԵՏՄ անդամ երկրներ արտահանման ծավալների աճը կազմել է 20.5, իսկ ներմուծման աճը՝ 10.3 տոկոս: Դեպի ԵՄ անդամ երկրներ արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում աճել են 11.3, իսկ ներմուծման ծավալները՝ 30.8 տոկոսով: Այլ երկրների հետ արտահանումն աճել է 2.3, իսկ ներմուծումը՝ 28.5 տոկոսով:

ԱՊՀ տարածքում Ռուսաստանից հետո Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերը Ուկրաինան է, հաջորդում են Բելառուսը, Թուրքմենստանն ու Ղազախստանը:

Եվրամիության անդամ երկրներից Հայաստանի խոշոր առևտրային գործընկերը Գերմանիան է, հաջորդում են Բուլղարիան, Իտալիան,  Նիդերլանդները, Ֆրանսիան:

Այլ երկրների թվում Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը Չինաստանն է, հաջորդում են Շվեյցարիան, Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ն ու Արաբական էմիրությունները:

Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանման ծավալներն այս տարվա 11 ամիսներին նվազել են 24.4 տոկոսով, իսկ ներմուծումն աճել է 34.8 տոկոսով: