Հայաստանի պաշտպանության նախարար ՌԴ քաղաքացի, ադրբեջանցի դիվերսանտ ՌԴ քաղաքացի՝ գնդապետ

Հատուկ Քննչական ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանը հաստատել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը: Հարությունյանն անցնում է Մարտի 1-ի հայտնի 0038 հրամանի գործով, բայց գտնվում է Ռուսաստանում: ՌԴ իրավապահները նրա վրայից հանել են հետախուզումը ՌԴ տարածքում:

ՀՔԾ-ն ներկայում ճշտում է, թե որ թվականից է Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի:

Այս իրավիճակը փոքր ինչ նման է վրացական անեկդոտի, երբ քաղաք հարսանիք եկած հարազատները հիշում են, որ մոռացել են վերցնել հասցեն, ուր պետք է հանգրվանեն: Հեռագիր են հղում գյուղում մնացած ծանոթներին, հարցնելով՝ արդյոք նրանք հասցեն գիտեն: «Գիտենք», պատասխան հեռագրով հայտնում են գյուղից:

Դժվա՞ր էր ՌԴ իրավապահներին հարցնել ոչ միայն քաղաքացի լինել-չլինելու, այլ նաեւ քաղաքացիության ստացման թվականը հայտնելու մասին, որպեսզի հարկ չլիներ մի առանձին հարցում էլ անել դրա վերաբերյալ ու սպասել պատասխանի:

Ստացված պատասխանն իհարկե այդքանով էլ արդեն հետաքրքիր է, բայց այստեղ կա նուրբ պահ: Բանն այն է, որ մի բան է, երբ պաշտպանության նախարարը պաշտոնը թողնելուց հետո է ստացել քաղաքացիությունը, մեկ այլ բան, երբ նա այդ բարձր ու կարեւոր պաշտոնին նշանակվել է՝ լինելով ՌԴ քաղաքացի: Դա արդեն օրենքի խախտում է եւ ազգային անվտանգության սպառնալիք, որ թույլ է տվել փաստորեն նրան զինված ուժերի բարձրագույն պաշտոնի նշանակողը: Ավելին, մինչ պաշտպանության նախարար լինելը Միքայել Հարությունյանը եղել է նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ:

Մյուս կողմից, հնարավոր է, որ այդ քաղաքացիությունն այսպես ասած «պահեստային» է կամ «կիսաֆաբրիկատ»: Այսինքն, ամեն ինչ պատրաստ է, մնում է միայն անհրաժեշտության դեպքում դնել կնիքը եւ դառնալ քաղաքացի: Միքայել Հարությունյանի դեպքում այդ անհրաժեշտությունը կարող էր ծագել Մարտի 1-ի քննության նոր փուլին զուգահեռ: Այդ իմաստով հետաքրքիր է, թե Հայաստանի նախկին իշխանության տարբեր կարեւոր պաշտոններ զբաղեցրած անձանցից քանի՞սն են ՌԴ «կիսաֆաբրիկատ» քաղաքացի, որ իքս պահին մեկ կնիքով կամ ստորագրությամբ կդառնան «պատրաստի» քաղաքացիներ, այդպիսով հայտնվելով ՌԴ պաշտպանության ներքո:

Միեւնույն ժամանակ, իրավիճակն ունի նաեւ մեկ այլ ուշագրավ կողմ: Օրինակ, մի քանի տարի առաջ Քարվաճառ ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտների շարքում գնդապետ Դիլհամ Ասկերովը նույնպես Ռուսաստանի քաղաքացի էր: Նա այժմ Արցախում կրում է իր պատիժը, Բաքուն ու Մոսկվան անում են քայլեր նրան հետ ստանալու համար, առայժմ բարեբախտաբար ապարդյուն:

Դիվերսանտները սպանել էին հայ պատանուն, զոհվել էր նաեւ նրանց հայտնաբերման օպերացիայի մասնակից զինծառայողներից մեկը: Դիվերսանտներից մեկը վնասազերծվել էր սպանվելով, մյուս երկուսին ձերբակալել էին:

Հետաքրքիր պատկեր է ստացվում՝ Հայաստանի պաշտպանության նախարար ՌԴ քաղաքացի, ադրբեջանցի դիվերսանտ ՌԴ քաղաքացի՝ գնդապետ:

Իրավիճակները հասկանալի է, որ բոլորովին նույնական չեն, սակայն կարմիր թելով անցնում է ՌԴ քաղաքացիությունը: