Հայ-վրացական անվտանգության ու զարգացման առանցքի հանգամանքը

- in Վերլուծական

Նախօրեին Վրաստանում տեղի է ունեցել այդ երկրի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդման արարողությունը: Դրան մասնակցած օտարերկրյա ամենաբարձրաստիճան պաշտոնյան եղել է կարծես թե Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Այստեղ իհարկե կա որոշակի արարողակարգային հանգամանք՝ նախագահը Վրաստանի դե ֆակտո ղեկավարը չէ, իսկ մյուս կողմից էլ Հայաստանի նախագահը երկրի դե ֆակտո առաջին դեմքը չէ: Բայց դրան զուգահեռ, միջպետական քաղաքականության մեջ արարողակարգը միջոց է, եւ վերջին հաշվով Հայաստանը կարող էր եւ ներկա չլինել պետության գլխի մակարդակով, որպիսին է Արմեն Սարգսյանն ըստ Սահմանադրության:

Սակայն Երեւանը մասնակցել է Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանը բարձր մակարդակով եւ այդպիսով նաեւ իր մասնակցությամբ որոշակիորեն բարձրացրել այդ արարողության մակարդակը, դրսեւորելով նաեւ հայ-վրացական հարաբերության նշանակալիության իր գնահատականը:

Դժվար է ասել, թե հանդիսավոր ճաշի սեղանի շուրջ ինչ են զրուցել Հայաստանի եւ Վրաստանի նախագահները, սակայն անկասկած է, որ մի կողմից թեմաների պակաս լինել չէր կարող, եւ մյուս կողմից միարժեք է, որ երկու պետություններին միավորում է մի գլխավոր թեմա՝ ռեգիոնալ անվտանգության նոր համակարգն ու դրանում հայ-վրացական առանցքի նշանակությունը, թեկուզ եւ առայժմ լատենտ դրսեւորվող առանցքի:

Այդուհանդերձ խորքային առումով Հայաստանն ու Վրաստանն ունեն անվտանգության, միաժամանակ նաեւ պետական զարգացման միեւնույն խնդիրը, եւ այդ խնդիրը ամենեւին Ռուսաստանը չէ, այլ թյուրքական գործոնը, որը Հայաստանին սեղմում է բացահայտ, Վրաստանին՝ տնտեսա-դեմոգրաֆիական համատեքստում:

Միեւնույն ժամանակ, հայ-վրացական անվտանգության ու զարգացման առանցքի հանգամանքը կարող է թվալ տարօրինակ՝ Վրաստանը գնում է դեպի եվրատլանտյան կառույցներ, իսկ Հայաստանը եվրասիական կառույցներում է: Թվում է, որ չկա շփման, այն էլ անվտանգության ռազմավարական եզր:

Մյուս կողմից, Կովկասի անվտանգության առումով առավելագույն կայունությունը հնարավոր է հենց եվրասիական ու եվրատլանտյան համակարգերի շփման պարագայում: Դա էլ իր հերթին կարող է անհեռանկար կամ անհնարին թվալ, քանի որ առայժմ երկու համակարգերը  բախման մեջ են, կամ եվրասիականը գործնականում այնքանով, որքանով դրա առաջատար դիտարկվում է Ռուսաստանը, որը Արեւմուտքի հետ դիմակայության մեջ է: Եվ ավելին, թվում է, որ Մոսկվան եվրասիական համակարգերը դիտարկում է Արեւմուտքի հետ դիմակայության այսպես ասած պաշտպանական շերտեր, փորձելով հակադրել դրանք եվրատլանտյան կառույցներին:

Սակայն խորքային շերտերում գործընթացները եւ իրողություններն ամենեւին միարժեք չեն, եւ այստեղ ժամանակը եւ արագ փոփոխությունները ստեղծում են բոլորովին այլ իրավիճակ: Եվրատլանտյան եւ ռուսական-եվրասիական բախման վրա ավելի շուտ խաղում է վերջին շրջանում ավելի ու ավելի բաց ձեւավորվող բելոռուս-թյուրքական գործակցությունը, որը ենթադրում է բավական ընդգրկուն ու լայն կոր, ընդ որում նաեւ միմյանց հետ հակադրություն ունեցող պետությունների լայն կոր, որոնք սակայն առնվազն մի հարցում՝ Ռուսաստանին այսպես ասած իրենց տակ գցելու հարցում ունեն որոշակի ընդհանուր շահ:

Այդ կորն անցնում է Թուրքիա, Իսրայել-մերձավորարեւելյան հատվածով, Իրան, Պակիստան, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա եւ Ղազախստան: Չնայած Արեւմուտքի հետ առերեւույթ դիմակայությանը, այդ կորի ճնշումը Ռուսաստանի վրա շատ ավելի մեծ է, եւ հանգամանքը, որ կորը ներառում է անգամ իրարամերժ կենտրոններ, ավելի է բարդացնում Ռուսաստանի հակազդման կամ դիմագրավման հնարավորությունը:

Վրաստանն ու Հայաստանն այդ իմաստով ստանում են առանցքային նշանակություն, ու թեեւ առերեւույթ երկու երկրների քաղաքականության վեկտորները տարբեր են, այդուհանդերձ նրանց երկկողմ հարաբերությունը եվրատլանտյան ու եվրասիական համակարգերի համադրման միջոց են: Մասնավորապես, չնայած առերեւույթ հայտնվող դժգոհություններին, այդուհանդերձ նկատելի է, որ Մոսկվան խորքային առումով սկզբունքային խոչընդոտ չի առաջացնում Վրաստանում ՆԱՏՕ ներկայացվածության ընդլայնման դանդաղ, բայց հաստատուն գործընթացին:

Միաժամանակ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի նախաձեռնությամբ ստեղծված թվացյալ ճգնաժամը Մոսկվայի համար ստեղծում է ձեւավորված կորի ճնշումը թուլացնելու հնարավորություն, առնվազն միջնաժամկետ հեռանկարի համար փոխելով օրակարգը եւ ձեւավորելով ճնշմանը հակազդելու ավելի երկարաժամկետ մթնոլորտ: Հայաստանն այդ հարցում անփոխարինելի դաշնակից է, սակայն արդյունավետության առաջին հայացքից տարօրինակ թվացող ռեժիմում՝ հայ-ռուսական լարվածության ռեժիմում, որտեղ Ռուսաստանը եվրասիական դաշնակիցների առաջ պատասխանատվություն չի կրում Երեւանի վարքագծի համար:

Ռուսաստանն իր անվտանգային խնդիրներն ու հարավից մերձավորարեւելյան-կովկաս-կասպյան-ասիական ճնշմանը կարող է դիմագրավել միայն Արեւմուտքի օգնությամբ: Հայ-վրացական հարաբերությունն այդ իմաստով այլընտրանք չունեցող հաղորդուղի է: