Հետախուզական տվյալնե՞ր են բացակայել ապրիլյան քառօրյայից առաջ, թե՞ …

- in Վերլուծական
paterazm

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 19-ին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրերս իր կադրային նշանակումներից մեկին, որի կապակցությամբ բարձրացել է որոշակի հանրային դժգոհություն կամ հարցադրումներով  թելադրված աղմուկ:

Խոսքը գեներալ Արշակ Կարապետյանին վարչապետի խորհրդական նշանակելու նրա որոշման մասին է: Բանն այն է, որ Արշակ Կարապետյանը մինչեւ 2016 թվականի ապրիլ զբաղեցնում էր Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության ղեկավարի պաշտոնը: Ապրիլյան քառօրյայից հետո Սերժ Սարգսյանը նրան պաշտոնանկ արեց:

Այդ ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, որ ապրիլյան քառօրյայում հայկական որոշակի կորուստների պատճառը եղել է հետախուզության վատ աշխատանքը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն այս ընթացքում ապրիլյան քառօրյայի մասին հարյուրավոր էջեր գաղտնի փաստաթղթերի է ծանոթացել, որոնցից որեւէ մեկում չկա որեւէ տվյալ, որ այդ ժամանակ եղել է հետախուզական որեւէ տվյալի բացակայություն:

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ինքը վարչապետի պաշտոնում տասնյակ և հարյուրավոր էջեր գաղտնի տեղեկատվություն է ընթերցել ապրիլյան պատերազմի մասին և որևէ անգամ չի հանդիպել հետախուզական տվյալների բացակայության խնդրի: Այս հարցում, անշուշտ, առանցքայինը ամենևին նշանակումը, դրա առաջացրած հարցերը և պատասխանները չեն: Եթե անգամ նշանակման մասով Նիկոլ Փաշինյանը ցրում է, այսպես ասած, կասկածները կամ մեղադրանքները, այդուհանդերձ գլխավոր հարցը ապրիլյան քառօրյան է, որը, ըստ էության, իր քաղաքական բովանդակությամբ ոչ միայն չի զիջում Մարտի 1-ին, այլ նույնիսկ բազմապատիկ ավելի կարևոր է, իհարկե՝ վատ իմաստով:

Եվ այս իմաստով իհարկե, որքան բացահայտում է պահանջում Մարտի 1-ը, այս դեպքում՝ որպես կատարված հանցագործություն, նույնքան էլ բացահայտում պահանջում է ապրիլյան քառօրյան: Որպես հանցագործություն կամ որպես հանցավոր անգործություն, կամ որպես անփութություն, անտարբերություն, կառավարման անարդյունավետություն, այս ամենը պարզ պետք է լինի բացահայտումից: Միաժամանակ բոլորս ենք հասկանում, որ ապրիլյան քառօրյան չի կարող բացահայտվել ինչպես սովորական մի բան, որովհետև այստեղ մենք գործ ունենք գաղտնի տեղեկատվություն պարունակող ահռելի նյութերի հետ: Սակայն, մենք, որպես պետություն, պետականություն, պետք է ամբողջապես հասկանանք, թե ինչ է կատարվել ապրիլին: Դա չի նշանակում, որ դա պետք է լինի հանրայնորեն հրապարակված կամ առավել ևս քննարկված, սակայն սա հիմնարար հարց է՝ որպես պետականություն ունենալ ապրիլյան քառօրյայի ամբողջական, շղթայական ախտորոշումը, որովհետև դա է միայն երաշխիքը, որ չենք ունենա կրկնությունն այն հանցավոր կամ անփույթ, անտարբեր սխալների ու բացթողումների, որոնք ունեցանք քառօրյայի ընթացքում:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաեւ, որ Կարապետյանի թեկնածությունն իրեն չի առաջարկել ոչ ոք: Նա միաժամանակ ասել է, որ Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունում կա կարծիք, որը համաձայն չէ նախկինում հնչած կարծիքների հետ:

Վարչապետ Փաշինյանը շոշափում է էական մի հարց: Հատկապես ո՞ր կարծիքների հետ համաձայն չէ ԶՈՒ ներկայիս ղեկավարությունը, որ ապրիլյան քառօրյայի առնչությամբ հնչել են նախկինում: Խոսքը միայն հետախուզությա՞ն մասին հնչած կարծիքներին է վերաբերում, թե՞ նաեւ մի շարք այլ ուղղությունների:

Այդ կապակցությամբ ի դեպ հիշարժան է դեռեւս 2017 թվականին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքն այն մասին, որ ապրիլյան քառօրյայի համար պատասխանատվության ենթարկվեցին բանակի մի շարք պաշտոնյաներ, բայց ինքը համաձայն չի եղել պատասխանատվությունը բանակի վրա դնելու այդ մոտեցմանը:

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրում եղել են ու շարունակվում են ամենատարբեր գնահատականներ ու խոսակցություններ՝ բարձրագույն իշխանության մակարդակով դավադրությունից մինչեւ զինված ուժերում վիճակի, սպառազինության վիճակի մասին խոսակցություններ, առարկայական-մասնագիտականից մինչեւ ծայրահեղ անպատասխանատու դիլետանտական եւ նույնիսկ բամբասանքային:

Սրանով հանդերձ հստակ է, որ հանրությունը չի կարող իմանալ ամբողջ ճշմարտությունը, կամ որեւէ մեծ ու փոքր պատերազմի ծագման ու ընթացքի մասին ամբողջ ճշմարտությունն իմացվում է թերեւս միայն տասնամյակներ անց: Անկասկած է, որ մեծ ծավալի տեղեկատվություն առնչվում է ռազմական գաղտնիքի, պետական անվտանգության հետ: Դա որեւէ պատերազմի դաժան կողմերից ու հատկանիշներից մեկն է:

Բայց ակնառու է մի բան, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց ապրիլյան քառօրյայի համար որպես Գերագույն գլխավոր հրամանատար իր առնվազն քաղաքական բարձր պատասխանատվությունն իրացնել պաշտոնանկ մի քանի գեներալի միջոցով: Դա այն դեպքում, երբ անզեն աչքով տեսանելի էր, որ պատերազմը հասունանում է ոչ թե օրերի, այլ տարիների ընթացքում:

Ադրբեջանը քայլ առ քայլ էր հասունացնում ապրիլյան քառօրյան, թե քաղաքական, թե ռազմական տիրույթում, մեծացնում սահմանի զորքի թվաքանակը, հաճախակիացնում հրադադարի խախտումները եւ մեծացնում դրանց տրամաչափը: Մինչեւ ապրիլյան քառօրյան եղել է հրանոթների, տանկի կիրառում, եղել է «դիվերսիոն պատերազմը» Տավուշում 2014-ին, եղել է հայկական ուսումնավարժական թռիչք իրականացնող օդանավի խոցումը նույն թվականի նոյեմբերին, եղել է Տավուշի ինտենսիվ արկակոխումն ու հրթիռակոծումը 2015-ի սեպտեմբերին:

Եվ այստեղ առնվազն կա հարց՝ այդ ընթացքում ի՞նչ խնդիրներ է Գերագույն գլխավոր հրամանատարի առաջ դրել զինվորականությունը, ի՞նչ պատասխաններ են ստացվել այդ խնդիրներին, որքանով են դրանք եղել համարժեք: Հետախուզական տվյալնե՞ր են բացակայել ապրիլյան քառօրյայից առաջ, թե՞ քաղաքական որոշակի կամք, մոտիվացիա:

Հարցերը անշուշտ շատ են, սակայն սրան զուգահեռ հստակ է նաեւ մի բան, որ ապրիլյան քառօրյա պատերազմը հայկական կողմի համար չի եղել պարտություն, այդ պատերազմում հայկական կողմը վերականգնել է հենց տարիների ընթացքում քաղաքական ու ռազմական առումով խախտված բալանսը: Դա արել են բանակն ու հանրությունը: Եվ ինչքան էլ նրանք հարցեր ունեն այդ շրջանի իշխանությանը, միարժեք է թերեւս նաեւ մի բան, որ ապրիլյան քառօրյան չպետք է լինի ներքին հարցեր լուծելու միջոց, գործիք: Թեեւ, այդ բանը եղավ թե նախկին իշխանության դեմ, թե կարծես թե կիրառվում է նորի դեմ:

Կարո՞ղ է Հայաստանում սկբնավորվել մի նոր իրավիճակ, երբ լրջագույն այդ հարցերը կդադարեն լինել ներքաղաքական նետվող քարեր եւ դրանց շուրջ կծավալվեն այնպիսի որակի ու բովանդակության քննարկումներ, որոնք կչեզոքացնեն կրկնության վտանգները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...