Մանվել Գրիգորյանն արդեն դատապարտվել է՝ իրեն օտարելով Վազգեն Սարգսյանից ու Եռաբլուրից

Manvel Grigoryan

Դատարանը երեկ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին։

Վերջինս լրագրողների հարցերին հրաժարվել է պատասխանել, միայն ասել է, թե իրեն լավ է զգում։ Չնայած դրան՝ նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ գրավով ազատ արձակելու՝ դատավորի որոշման համար հիմք է հանդիսացել իր պաշտպանյալի առողջական ծանր վիճակը։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից որոշներում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։

Հայտնի տեսանյութը, որը տարածվեց գեներալի ձերբակալության հաջորդ օրը, հասարակության վրա ճնշող տպավորություն գործեց ու բողոքի ակցիաները դադարեցրեցին անգամ Մանվել Գրիգորյանի մարտական ընկերները։

Անտարակույս, հասարակությունը միանշանակ չի ընկալելու նաև Գրիգորյանի ազատ արձակումը, թեկուզև՝ գրավի դիմաց․ արդեն իսկ Էջմիածին քաղաքում հուզումներ են տեղի ունենում դատարանի երեկվա որոշման դեմ: Մյուս կողմից՝ հանուն արդարության նկատենք, որ նրա կալանքը ևս միանշանակ չէր ընկալվում՝ հատկապես այն հետևողական պնդումների համատեքստում, թե գեներալը վատառողջ է ու նրա կյանքին վտանգ է սպառնում։

Հասարակության հակասական ընկալումների հիմքում գերիշխողն, անշուշտ, զգայական, էմոցինալ բաղադրիչներն են։ Նույն գեներալ Մանվելը հակասական կերպար է՝ իր գործունեությամբ, հետագծով։ Պատերազմի դաշտում նա եղել է ճանաչված հրամանատարներից մեկը ու դա ամենևին էլ միֆ, լեգենդ չէ, իրականություն է, որը կարող են հաստատել ազատագրականով անցած հարյուրավար մարդիկ, հազարավոր արցախցիներ, որոնց բնակավայրերը պաշտպանել է Մանվելը։ Բայց նաև իրականություն է այն, որ գեներալը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների տարիներին, իր փոքր էլիտայով, ինտեգրվեց քրեաօլիգարխիկ համակարգին՝ դառնալով թալանի ու դաժանության, կոռուպցիայի ու բեսպրեդելի սիմվոլներից մեկը։

Միանգամայն այլ կերպար էր Մանվել Գրիգորյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք, որի շնորհիվ գեներալի մոտ առաջին պլանում էին որակներ, որոնք կարող էին զարդարել ցանկացած հրամանատարի, երկրապահի։ Վազգենի կենդանության օրոք Մանվելը չէր կարող մտածել քաղաքական ամբիցիաների, օլիգարխ դառնալու մասին։

Սակայն Հոկտեմբերի 27-ից հետո փոխվեց Հայաստանը, տրասնֆորմացվեցին ու այլասերվեցին շատ արժեքներ ու դրանց հետ միասին՝ Մանվել Գրիգորյանը։

Գեներալի բարոյական անկումը սկսվել է շատ ավելի վաղուց ու դա ամենևին էլ Նիկոլ Փաշինյանի ու նոր իշխանության բացահայտումը չէ։ Մանվելը հազարավոր երկրապահների աչքերում կորցրեց հրամանատարի, զորավարի կերպարը, երբ հանուն իշխանության ու հարստության ուրացավ Վազգեն Սարգսյանին, հազարավոր տղերքի, որոնց ձգտումները և հիշատակը արժևորելու, մարմնավորելու առաքելությունն էր ստանձնել։

Մանվել Գրիգորյանի պարագայում ճաղերն այլևս ավելորդ են ու ինչ-որ տեղ կաշկանդում են նաև յուրաքանչյուրիս ազատությունը։ Մանվել Գրիգորյանն արդեն դատապարտվել է՝ իրեն օտարելով Վազգեն Սարգսյանից ու Եռաբլուրից։ Հիմա նա ազատության մեջ է՝ հասարակությունից օտարված ու մեկուսացած։ Սրանից մեծ պատիժ չկա․ ափսոս, որ մենք կորցրեցինք պատերազմի կենդանի լեգենդի ու դժվարությամբ ենք ներում օլիգարխացած գեներալին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...