Այսօր կառավարության հերթական նիստին Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ներկայացրեց օրակարգի 37-րդ հարցով կառավարության 2003 թ․ մարտի 27-ի 347 N որոշման նախագիծը, ըստ որի տարբեր հաստատությունների անձնակազմեր պետք է պարտադիր տարեկան բժշկական զննումներ անցնեն, որպեսզի ապահովվեն թե´ իրենց անվտանգությունը, թե´ այն շահառուների, որոնց հետ նրանք աշխատում են։

«Կրճատվելու են նախկինում պարտադիր անցկացվող հետազոտություններ, փոխվելու է հետազոտությունների մեթոդաբանությունը, նվազելու է գործատուների ֆինանսական բեռը։ Այն նպատակ է հետապնդում շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություննների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումն ապահովել նախնական և պարբերական բժշկական զնությունների միջոցով։

Հատկապես մանտահարդարները, ոտնահարդարները, դիմահարդարները և դաջվածք անողները պետք է պարտադիր բուժզննում անցնեն, որովհետև այդ պրոցեդուրաների մասով մենք ունենում ենք մոտ 3-4% հեպատիտ C-ի տարածվածություն ՀՀ-ում»,-ասաց Թորոսյանը։

Վարչապետի պաշտոնակատարի հարցին, թե ինչ խնդիր ենք լուծում, նախարարի պաշտոնակատարը ընդգծեց, որ պարբերական զննությունների միջոցով հայտնաբերվում են հիվանդությունները և ժամանակավորապես դադարեցվում է հիվանդների գործունեությունը։

Արսեն Թորոսյանը նշեց, որ կան այլ մոդելներ, օրինակ՝ ապահովագրական համակարգի ներդրումը, որից հետո գուցե դրա կարիքը արդեն չլինի, քանի որ բոլոր ապահովագրված և աշխատող անձինք արդեն կունենան տարեկան մեկ անգամյա զննություն։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...