Մոսկովյան այցից առաջ նշմարված են այն հարցերը, որոնք լինելու են քննարկման սեղանին

- in Տնտեսական
Erkatuxi

Հայաստանի Քննչական կոմիտեն նախօրեին հաղորդագրություն էր տարածել Հարավկովկասյան երկաթուղի ընկերության տասնամյա գործունեության լայնածավալ ստուգում սկսելու մասին, այդ թվում՝ որոշ դրվագներով հարուցված քրեական գործերով:

Այս հաղորդագրությունը թվում է, թե վերջին մի քանի ամիսներին իրար հաջորդող հաղորդագրություններից մեկն է, ամենատարբեր կառույցներում և կազմակերպություններում եղած չարաշահումների հայտնաբերման մասին: Սակայն Հարավկովկասյան երկաթուղու ստուգման մասին հաղորդագրությունը ամենևին էլ շարքից մեկը չէ, այն առանձնահատուկ է, և ահա թե ինչու:

Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը ստեղծվել է 2008 թվականին, Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքները կառավարելու և զարգացնելու համար: Ընկերության ստեղծողը Ռուսական երկաթուղիներ ընկերությունն է, որը 2008 թվականին Հայաստանի կառավարության հետ կնքել է երկաթուղու կառավարման կոնցեսիոն պայմանագիր, 30 տարի ժամկետով, պարտավորվելով, ըստ էության, կատարել մոտ 350 միլիոն դոլարի ներդրում երկաթուղին զարգացնելու համար:

Այլ կերպ ասած՝ Հարավկովկասյան երկաթուղին դա ռուսական երկաթուղիներն է, որն արդեն տասը տարի կառավարում է հայկական երկաթուղին: Եվ ահա, Քննչական կոմիտեն, փաստորեն, հայտարարում է Հայաստանում Ռուսական երկաթուղիների գործունեության լայնածավալ ստուգման մասին: Իսկ սա հատկանշական է այն ֆոնին, որ վաղը Մոսկվա է մեկնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Պուտինին:

Մոսկովյան այցից առաջ նշմարված են այն հարցերը, որոնք լինելու են քննարկման սեղանին, և որոնց առնչությամբ իրավիճակները այնքան էլ պարզ ու հեշտ չեն՝ գազի գին, ՀԱՊԿ խնդիր: Մոսկվա այցից առաջ տեղեկություններ շրջանառվեցին, որ Ռուսաստանը մտադիր է բարձրացնել գազի գինը, ու թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ և հույս ունի քննարկումները բերեն դրական արդյունքի, այդուհանդերձ, խիստ հատկանշական է, որ Մոսկվա այցից առաջ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանն, այսպես ասած, լիցքավորում է իր պարկուճը՝ Ռուսական երկաթուղիների գործունեության լայնածավալ ստուգման մասին տարածված հաղորդագրությամբ:

Ընդ որում՝ դեռևս ամիսներ առաջ Պուտինի հետ նախորդ հանդիպմանը Փաշինյանը բարձրացրել էր այդ հարցը՝ խոսելով մոտ 60 միլիոն դոլարի չարաշահումների մասին, թեև առ այսօր զուտ փաստական առումով դրանք հաստատված չեն: Արդյո՞ք այդ հանգամանքը Փաշինյանը պահել է ինչպես ռուսները կասեին՝ на десерт: