Մոսկվայից Երևան գործուղվում են ոչ թե դիվանագետներ, այլ էմիսարներ …

ara Abrahamyan

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ զրույցում խոսելով հետխորհրդային տարածքում ԱՄՆ ներկայության մասին, ասել է, որ Ռուսաստանը ԱՊՀ երկրներում ունի մի քանի անգամ պակաս դիվանագետներ, քան ԱՄՆ-ը:

Լավրովն այդ հանգամանքը փորձել է ներկայացնել, իհարկե, ամերիկացիների, այսպես ասած՝ «դավադիր» նպատակների ներքո, որը ռուսները պատկերացնում են իբրև իրենց դուրսմղում հետխորհրդային տարածությունից: Ավելին, նրանք իհարկե համոզված են, որ այդ տարածության մի շարք հատվածներում դա արդեն տեղի է ունեցել հենց այդ նպատակների շրջանակում: Իրականում, սակայն, այդ հանգամանքը խոսում է ոչ թե ԱՄՆ դավադիր նպատակների, այլ Ռուսաստանի տեխնոլոգիական սնանկության մասին, խոսում է երկու աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների միջև աշխատանքի մեթոդական ահռելի տարբերության մասին: Ամերիկյան կողմը դիվանագետների քանակով գերազանցում է այն պարզ պատճառով, որ նախընտրում է աշխատել կողմերի հետ փոխադարձ շահերի տիրույթում, բացատրել այդ շահերը, համոզել, հասկանալի դարձնել այն, որ գործակցությունը բխում է երկկողմ շահերից և անվտանգությունից, և հետևաբար չարժե մերժել այն, չարժե կորցնել զարգանալու, համաշխարհային զարգացումների հետ համահունչ քայլելու հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ ամերիկյան աշխարհաքաղաքական ծրագիրը հիմնված է հասցեատերերին գաղափարներ, արժեքներ, զարգացման համատեղ հնարավորություններ առաջարկելու տրամաբանության վրա: Դրա համար էլ պետք են շատ դիվանագետներ, որովհետև պետք է կատարել տքնաջան, երկարատև աշխատանք, որպեսզի գործակցությունը կառուցվի փոխըմբռնման և փոխադարձ հանդուրժողության, միմյանց հանդեպ հարգանքի, ոչ թե մերժողականության վրա: Եվ մենք, օրինակ, դա լավագույնս տեսնում ենք Հայաստանում:

Ի վերջո, եթե դիտարկենք փոխադարձ շահերի շրջանակը, ապա անկասկած, այստեղ, Հայաստանը ունի շահեր թե՛ ԱՄՆ-ի և՛ թե Ռուսաստանի հետ հարաբերության տիրույթում, ընդ որում՝ երկուստեք բավական կարևոր շահեր, որոնք փոխանակելի կամ փոխարկելի չեն, այսինքն՝ ամեն ուղղությամբ աշխատանքը և գործընկերությունն ու բարեկամությունն ունի իր մեծ նշանակությունը: Սակայն այս ամենով հանդերձ, մենք տեսնում ենք այն աշխատանքը, որ կատարում է ԱՄՆ այդ շահերի շուրջ ընդհանուր հայտարարի և գործակցության գալու ուղղությամբ, ու այն, ինչ անում է Ռուսաստանը, անգամ ունենալով մեկնարկային երևի թե շատ ավելի լավ պայմաններ: Ու որպես արդյունք կամ հետևանք, կամ մի դեպքում արդյունք, մյուս դեպքում հետևանք, մենք տեսնում ենք այն, որ Հայաստանում առավել լայն հանրային շրջանակներ, հատկապես նոր սերունդը ներկայացնող, համակրանքով են վերաբերում հայ-ամերիկյան, հայ-արևմտյան գործընկերությանն ու հեռանկարներին, իսկ Ռուսաստանի հետ հարաբերության հեռանկարը առավելապես դիտարկվում է ստիպված լինելու, իսկ հաճախ պարզապես հենց «ոխերիմ բարեկամության» հետևանքից զերծ մնալու մտահոգության պրիզմայով:

Ամերիկյան աշխատանքը միտված է Հայաստանի հանրության կենսագործունեության հնարավորությունները տարբեր ուղղություններով ընդլայնելուն, գիտելիքը, փորձը, մեթոդները, տեխնոլոգիաները հարստացնելուն, խնդիրների լուծման համար նոր ինստիտուտներ ստեղծելուն: Այդ ամենի միջոցով Նահանգները փորձում է Հայաստանի հանրությանը ցույց տալ, որ գործընկերությունն ավելի ուժեղացնում է Հայաստանը, ընդ որում ՝առանց հակադրելու որևէ մեկի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ: Դրա փոխարեն մենք տեսնում ենք ռուսական կողմի գործունեությունը, որն առավելապես հիմնված է «բարեկամական շանտաժի», պատմա-հոգեբանական կարծրատիպերի կոպիտ խաղարկման, պատերազմի սպառնալիքի, տնտեսական սպառնալիքների վրա: Բնական է, որ այդ ամենն անելու համար շատ դիվանագետներ պետք չեն, ավելի շուտ պետք են, այսպես ասած, տարաբնույթ էմիսարներ: Թավշյա հեղափոխությունից հետո, ի դեպ, Ռուսաստանը ևս ստացավ Հայաստանի հետ հարաբերությունը վերափոխելու պատմական հնարավորություն, սակայն ինչպես ցույց տվեց Երևանում օրեր առաջ տեղի ունեցած «Լազարևյան ակումբի» առաջին նիստը, Մոսկվայից Երևան գործուղվում են ոչ թե դիվանագետներ՝ նոր հնարավորությունն օգտագործելու, այլ էմիսարներ՝ հինը փրկելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...