Մոսկվան ակնհայտորեն ընդդիմանում է Մարտի 1-ի գործի բացահայտման ջանքերին

- in Հրապարակ

Հատուկ քննչական ծառայությունն օրերս ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է։

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասել է, որ լրացուցիչ հարցում են ուղարկել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը ե՞րբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։

Հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ստուգում է տեղեկատվությունը, թե ինչպես է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Միքայել Հարությունյանը 2002 թվականից հանդիսացել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։

Արտաքուստ զուտ իրավական թվացող խնդիրն իրականում ունի շեշտված քաղաքական ենթաշերտ։ Բանն այն է, որ Մոսկվան ակնհայտորեն ընդդիմանում է Մարտի 1-ի գործի բացահայտման ջանքերին՝ այդ թեմայով հանդես գալով հայտարարությամբ անգամ ԱԳՆ մակարդակով։ Եթե Միքայել Հարությունյանի պարագայում Մոսկվան որոշեց ուղղակի չարտահանձնել նրան, ապա Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեպքում ակնհայտ լարվածություն առաջացավ Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում։ Շատ փորձագետներ, ոչ առանց հիմքի, պնդում են, որ խորհրդարանական վերջին ընտրությունների հետ կապված Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ չհասցեագրեց Նիկոլ Փաշինյանին հենց Քոչարյանի կալանավորման պատճառով, որը տեղի էր ունեցել ընտրություններից ընդամենը երկու օր առաջ։

Սակայն Մոսկվայից ՀՔԾ-ի ստացած պատասխանն ավելի քան վիճահարույց է ու խնդիրը փակելու փոխարեն՝ նոր հարցեր է ծնում։ Եթե Միքայել Հարությունյանը 2002-ից եղել է Ռուսաստանի քաղաքացի, ապա 2007-ին, համաձայն Սահմանադրության, չէր կարող զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը։ Արդյոք Հարությունյանին առանցքային պաշտոնի նշանակած Ռոբերտ Քոչարյանն իմացե՞լ է, որ նա այլ երկրի քաղաքացի է ու, դրանով հանդերձ, նշանակել է պաշտպանության նախարա՞ր։ Եթե՝ այո, ապա Քոչարյանին պետք է նոր մեղադրանք առաջադրվի՝ արդեն Հարությունյանին ապօրինաբար պաշտպանության նախարար նշանակելու հատկանիշներով։ Կամ՝ եթե Հարությունյանն է կեղծել իր փաստաթղթերը ու նշանակվելու պահին ներկայացրել է հայկական անձնագիր, ապա նա է կատարել հանցագործություն։

Իհարկե, այս պարագայում քաղաքական ու բարոյական ահռելի պատասխանատվություն ունի Ռուսաստանը։ Համենայնդեպս, շատերը կարող են Մոսկվային մեղադրել այն հարցում, որ նա, այսպես ասած, նպաստել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում իր քաղաքացու նշանակմանը, որպեսզի առանցքային դերակատարություն ունենա Հայաստանում իշխանության փոխանցման գործընթացում։ Եթե այս վարկածը ճիշտ է, ապա Մոսկվան քաղաքական պատասխանատվություն է ստանձնում Մարտի 1-ի հարցում, ու թերևս սրանով էլ բացատրվում է նրա անբարյացակամ վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի իշխանության հանդեպ, որը փորձում է բացահայտել ոճրագործությունը։

Իհարկե, շատ ավելի տրամաբանական է թվում այն վարկածը, որ Միքայել Հարությունյանը 2002-ից Ռուսաստանի քաղաքացի չի եղել, ու հիմա Մոսկվայում կեղծում են փաստերն ու իրականությունը՝ նրան Հայաստանին չարտահանձնելու համար։ Սակայն այս պարագայում դարձյալ ստիպված ենք խոստովանել, որ Մոսկվան քաղաքական պատասխանատվություն է ստանձնում Մարտի 1-ի համար։ Ասենք՝ Հարությունյանին չարտահանձնելով ռուսները փորձում են «մաքրել» Ռոբերտ Քոչարյանին, որովհետև երկրորդ նախագահի մեղադրանքի ամրապնդման հարցում առանցքային նշանակություն կարող է ունենալ պաշտպանության նախկին նախարարի ցուցմունքը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...